Կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Շահեն Շահինյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 3, 2011 19:42

18 կողմ, 1 անվավեր ձայներով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կոնսերվատորիայից:

Նշենք, որ Շահեն Շահինյանը օրեր առաջ NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ ընտրվելն ամենահեշտն է, սակայն աշխատելը դժվար է, մեծ պատասխանատվություն է պահանջում: «Ռեկտոր դառնալը իմ երազանքը չէր, իմ երազանքն էր, որ ես լինեի երաժշտության մեջ, կարողանայի կայանալ կատարողական արվեստի մեջ, սակայն այն, ինչ ես էի երազում, այդպես էլ չկայացավ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով»,- նշեց նա` հավելելով, որ ռեկտոր դառնալը ժամանակի թելադրանքով է: Ռեկտորի միակ թեկնածուն ասել էր, որ ընտրվելուց հետո Կոնսերվատորիայում անպայման կառուցվածքային փոփոխություններ է անելու, ինչը իր հետ կարող է բերել կամ չբերել կադրային փոփոխություններ. «Եթե այն, ինչ որ պետք է արվի, դրանից դուրս մարդիկ են մնում, որոնք անելիք չունեն, դուրս կմնան»,- ասաց դեռեւս չընտրված ռեկտորը: Իսկ Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանը, ում անունը գհոլովում էր ռեկտորի հավանական թեկնածուների շարքում, ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ  ընտրություններին անակնկալներ չեն լինի, կընտրվի միակ առաջադրված թեկնածուն, իսկ ընտրող դասախոսները երեւի սատարում են հենց իրեն:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել է  Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը: Ռեկտորի ընտրության համար կայանալիք մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը սկսվել է հուլիսի 25-ին  եւ ավարտվել օգոստոսի 25-ին: Ի դեպ, NEWS.am-ը  այս հարցի շուրջ ավելի վաղ զրուցել էր նաեւ արդեն նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանի հետ, ով իր հեռանալու պատճառ էր նշել հոգնածությունը: Սարաջյանն ասել էր, որ ցանկանում է զբաղվել ստեղծագործական աշխատանքով:

 

Դիտվել է 1802 անգամ:
Print Friendly

Leave a Reply