Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին համակարգի 20-ամյակի և մասնագիտական օրվա առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 3, 2011 16:39

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին համակարգի 20-ամյակի և մասնագիտական օրվա առթիվ` կառավարության ղեկավարը կարևորել է արտակարգ իրավիճակների համակարգի դերը Հայաստանում, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով: Մասնավորապես, վարչապետ Սարգսյանն առանձնացրել է մեր երկրի աշխարհագրական դիրքի պարագայում ռիսկերի ակնառու լինելը, քաղաքացիական պաշտպանության հմտությունների ու գիտելիքների անհրաժեշտությունը և ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու կարևորությունը. «Այդ տեսակետից ժամանակակից աշխարհի առկա մարտահրավերները, վտանգները և ռիսկերը լրացուցիչ բեռ և պատասխանատվություն են դնում ձեր ուսերի վրա», – նշել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարի խոսքով` պետության կողմից ԱԻՆ համակարգի գործունեությանը տրվող կարևորության մասին է վկայում 2008 թ. Հանրապետության Նախագահի որոշմամբ Արտակարգ իրավիճակների վարչության վերակազմավորումը նախարարության: «Դա նշանակում է, որ ձեզ տրամադրվում են լրացուցիչ լիազորություններ, և բարձրացվում է ձեր գործառույթի կարգավիճակը, ինչպես նաև մեծ պատասխանատվություն է դրվում ձեզ վրա: Դաստիարակությունը` սկսած դպրոցներից ավարտած բուհերով և մշտական գիտելիքի հաղորդումը մեր քաղաքացիներին պետք է լինի ձեր կարևորագույն գործառույթը, որպեսզի մեր բնակչությունը պատրաստ լինի տարբեր իրավիճակների: Աղետալի երկրաշարժը լուրջ ահազանգ էր բոլորիս համար: Մենք պետք է պայքարենք ոչ միայն աղետների հետևանքները վերացնելու, այլև առաջին հերթին ճիշտ կանխատեսելու և դրանց պատրաստ լինելու համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ պարագայում վնասները նվազագույն են լինում, և դա է լինելու ձեր նախարարության կարևորագույն առաքելությունը»: Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ԱԻՆ աշխատակիցների համար ստեղծի բարենպաստ աշխատանքային պայմաններ` հնարավորություն տալով նրանց սեփական եկամուտներով հոգալ կենցաղային և սոցիալական խնդիրները։ «Ես լավատեղյակ եմ այն խնդիրներից, որոնք դեռևս լուծված չեն, բայց համոզված եմ, որ մենք ձեր նախարարության հետ միասին նախարարի գլխավորությամբ ի վիճակի ենք լուծելու դրանք»,– ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ և համակարգի կայացման գործում ներդրած ակնառու ավանդի համար ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը և ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը, ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը և ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար Բագրատունի Մինասյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:
Ստեղծման օրվանից ԱԻ նախարարության մի շարք ձեռքբերումների թվում կարելի է առանձնացնել աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը, նախարարության նոր մասնաշենքի կառուցումը, հրշեջ և փրկարարական ծառայությունների ինտեգրումը, վերապատրաստումն ու փրկարարական գույքով ապահովումը` Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության աջակցությամբ, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական վերազինումը ճապոնական նոր 28 հրշեջ մեքենաներով` Ճապոնիայի զարգացման միջազգային գործակալության օժանդակությամբ, նոր ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի` «911» ծառայության հիմնումը և այլն:
Արտակարգ իրավիճակների համակարգի 20-ամյակի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակում տեղի կունենա նաև տոնական շքերթ և համերգ:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2010 թ. օգոստոսի 26-ի թիվ 1073-Ն որոշմամբ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Արտակարգ իրավիճակների աշխատողի օր:

Դիտվել է 1913 անգամ:
Print Friendly

Leave a Reply