Հայաստան ժամանած Ադրբեջանի պատվիրակությունը խեղաթյուրել է հայ-ադրբեջանական սպորտային համաձայնագիրը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2009 16:12

Ազատ ՌահիմովԵրեկ Հայաստանում ՀՀ և Ադրբեջանի սպորտի նախարարների միջև համաձայնագիր կնքելուց հետո Բաքու վերադարձած Ադրբեջանի պատվիրակությունը «azerisport.com» կայքին տեղեկացրել է, թե ըստ այդ համաձայնագրի` նախատեսվում է, որ եթե ադրբեջանցի որևէ մարզիկ հաղթի և նրա պատվին հնչի այդ երկր օրհներգն ու բարձրացվի Ադրբեջանի դրոշը, ապա մարզասրահի բոլոր հանդիսականները պետք է ոտքի կանգնեն, և չպետք է լինեն սուլոցներ:

Իրականում, այդպիսի կետ համաձայնագրում (որին կարող եք ծանոթանալ ստորև) չկա:

Սեպտեմբերի 11-13-ը Երևանի մարզահամերգային համալիրում անցկացվելու է մինչև 20 տարեկան ձյուդոյիստների Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու ցանկություն էին հայտնել 41 երկրների հավաքականներ, այդ թվում`Ադրբեջանի ներկայացուցիչները: Վերջիններս Երևան կժամանեն սեպտեմբերի 8-ին: Հենց այս առաջնության շրջանակում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի սպորտի նախարարների հանդիպումը:

Հանդիպմանը Հայաստանից մասնակցել էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը: Ադրբեջանական կողմը ներկայացրել էին Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար, ԱՕԿ-ի փոխնախագահ Ազատ Ռահիմովը և Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Ֆիզուլի Ալաքպարովը: Քննարկմանը ներկա էին եղել Եվրոպայի ձյուդոյի միության նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ, Իսրայելի ԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Էֆրեյմ Զինգերը:

Երկու կողմերի պարտավորությունները` ըստ համաձայնագրի

1.Տրամադրել վիզաներ բոլոր մարզիկ-մարզուհիներին, պաշտոնյաներին, լրագրողներին, մրցմանը մասնակցող պատվիրակության բոլոր անդամներին Երևանի օդանավակայան ժամանելուն պես:

2.Ապահովել բոլոր մասնակիցների, պաշտոնյաների և պատվիրակությունների անդամների ֆիզիկական անվտանգությունը մրցման ժամանակ և մրցումից հետո` սկսած նրանց երկիր ժամանելուց մինչև երկրից մեկնելը:

3.Ապահովել, որ մրցման ժամանակ չցուցադրվի ոչ մի թշնամանք երկրների միջև:

4.Ապահովել, որ Հայաստանի մարզիկներն առաջնության ժամանակ մրցեն արդարացի, առանց որևէ թշնամանքի ցուցադրման մրցակցի նկատմամբ:

5.Կազմակերպիչներն ապահովում են, որ մասնակից երկրների դրոշները ցուցադրված լինեն մրցման անցկացման վայրում, ինչպես նաև այլ վայրերում, որտեղ առկա են մասնակից երկրների դրոշները` առաջնության ժամանակ և հավասար չափով: Նրանք նաև երաշխավորում են, որ բոլոր հաղթողների և մեդալակիրների դրոշները կծածանվեն, և կհնչեն ազգային հիմները, և այդ կապակցությամբ չի ցուցադրվի թշնամանք:

6.Կազմակերպիչներն ապահովում են անվտանգ մարզումներ, զբոսանք, վերականգնում, սննդի կազմակերպում, օթևան հյուրանոցում թիմերի, պաշտոնյաների և պատվիրակությունների բոլոր անդամների համար: Կազմակերպիչները հատկապես երաշխավորում են, որ չի գործադրվի հոգեբանական և ցանկացած այլ տեսակի ճնշում պատվիրակության անդամների վրա մրցման անցկացման վայրում, հյուրանոցում, մարզումների և վերականգնման ժամանակ և այլն: Կազմակերպիչները երաշխավորում են նաև սննդի առաքումը պատվիրակությունների համար համաձանեցված աշխատակազմի հետ և ինչպես արվում է մյուս պատվիրակությունների համար:

7.Կազմակերպիչները երաշխավորում են ինտերնետի օգտագործման հնարավորությունը մրցման ժամանակ հատկապես կապված պատվիրակությունների երկրների հետ:

Ադրբեջանի մարզական և քաղաքական իշխանությունները պարտավորվում են`

1. Մասնակցել ձյուդոյի երևանյան երիտասարդների Եվրոպայի առաջնությանը` տղամարդկանց և կանանց թիմերի անդամներով:
2.Ապահովել, որ մրցման ժամանակ չցուցադրվի ոչ մի թշնամանք երկրների միջև:
3.Ապահովել, որ Ադրբեջանի մարզիկներն առաջնության ժամանակ մրցեն արդարացի, առանց որևէ թշնամանքի ցուցադրման մրցակցի նկատմամբ:

Եթե կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, ապա ձյուդոյի Եվրոպական միությունը և միջազգային ֆեդերացիան կկիրառեն համապատասխան պատժամիջոցներ:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply