WikiLeaks. Ինչպիսի՞ն են եղել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները 2008-ի փետրվարին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 2, 2011 22:54
Հայաստանյան իրականության մասին WikiLeaks-ի հերթական բացահայտումն է արել, որը վերաբերում է 2008-ի հետընտրական շրջանում Հայաստանի իշխանությունների, մասնավորապես, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումներին:
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված իր գաղտնի նամակագրության մեջ ներկայացրել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ 2009-ի փետրվարին իր հանդիպման մանրամասները, որտեղ խոսք է գնացել 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասին:
Ըստ այդմ, Սամվել Նիկոյանը Փենինգթոնին ասել է, որ մարտի 1-ից առաջ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը տարբեր մոտեցումներ են ունեցել կապված ընդդիմության շուրջօրյա բողոքի ակցիաներից ազատվելու հետ: Նշվել է, որ Ռոբերտ Քոչարյանը կոշտ մոտեցման կողմնակից է եղել եւ հենց սկզբից մտադիր է եղել ցրել Ազատության հրապարակում հավաքվածներին, այնինչ Սերժ Սարգսյանը առավել մեղմ մոտեցում է ունեցել եւ մտածել է, որ պետք է սպասել, մինչեւ ընդդիմությունը եւ ժողովուրդը հոգնեն հանրահավաքներից:
Փենինգթոնն իր գաղտնի նամակում նշել է, որ Նիկոյանն իրեն հայտնել է, որ սկզբում Սերժ Սարգսյանի տեսակետը առաջնային է եղել եւ այդ մասին օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է նաեւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Նիկոյանը խոսել է նաեւ «Ժառանգության» մասին: Նա համոզմունք է հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գործում է ամերիկյան կողմի ցուցումներով, նաեւ մտահոգություն է հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
