10-րդ դասարանցիների ծնողները խուճապի մեջ են. 2012-ին ավարտողների ճակատագիրն անհայտ է

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 3, 2009 15:04

կրթական16-ամյա Արմենը 9-րդ դասարանն ավարտել է գերազանցությամբ և ստացել կարմիր վկայական: Նա մտադրություն ունի շարունակել կրթությունը և ստանալ բարձրագույն կրթություն. ուզում է տնտեսագետ դառնալ: Սակայն ծնողների պնդմամբ նա այժմ լքել է դպրոցը և ընդունվել Մարտունու պետական քոլեջ: Նրանք մտահոգված են, որ որդին հենց ավարտի դպրոցը բանակ կտանեն և չի հասցնի ընդունվել բուհ, իսկ քոլեջից 3 տարի կրթություն ստանալուց հետո նա կկարողանա իր նախընտրած պետական բուհի 2-րդ կուրսում կրթությունը շարունակել` տարբերությունների քննությունները հանձնելով, կամ մեխանիկորեն առաջին կուրս նստել:

«Տղաս չէր ուզում դուրս գալ դպրոցից, – ասում է Արմենի մայրը` Մարինա Գալստյանը, – բայց ինչ արած. երեխայի ապագայի հարցն է որոշվում. 2012-ին` դպրոցն ավարտելուց, 18 տարին արդեն լրացած կլինի և հնարավոր է, որ բուհ դիմելու հնարավորություն չունենա: Իսկ այսպես բանակ գնալուց արդեն համալսարանի ուսանող կլինի: Թե չէ 2 տարի բանակում ծառայելուց հետո հնարավոր է, որ էլ կրթությունը շարունակելու ցանկություն չունենա, բացի այդ, կարող է դպրոցում սովորածն էլ մոռանալ, դժվար կլինի»:

Այս տարի 10-րդ դասարան փոխադրված շատ 10-րդ դասարանցիների ծնողներ նման երկընտրանքի առաջ են կանգնած: 2000-ին դպրոց ընդունվածները սովորելու են 10 տարի և կավարտեն 2010-ին, իսկ 2001-ին դպրոց ընդունվածները պետք է սովորեն 11 տարի և ավարտեն 2012-ին: Ստացվում է, որ 2011-ին հայաստանյան դպրոցները շրջանավարտ չեն ունենալու: 2006-ից էլ ներդրվել է 12-ամյա կրթական համակարգը: 2006-ին դպրոց ընդունված 6 տարեկանները կսովորեն 12 տարի, իսկ 6.5 տարեկան և բարձրերը` 11 տարի: 12- ամյա կրթությունը կիրառվում է աշխարհի երկրների մոտ 70 տոկոսում: Կառավարության որոշման համաձայն` դպրոց հաճախելու տարիք է սահմանվել 6 տարեկանը` այսինքն 12-ամյա կրթությամբ երեխաները դպրոցը կավարտեն 18 տարեկանում: Այդ տարիքում են դպրոցն ավարտելու նաեւ 2001-ին դպրոց ընդունված երեխաները, քանի որ սովորականի պես 7 տարեկանից են դպրոց հաճախել: 2012-ին ավարտող աշակերտների հետագա ճակատագիրը դեռ հստակ չէ նաև պաշտոնապես:

Կրթության և գիտության նախարարությունն այժմ քննարկում է, թե արդյո՞ք 2012-ին ավարտած և 18 տարին լրացած աշակերտները պետք է իրավունք ունենան բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելու, թե՞ միանգամից պետք է բանակ զորակոչվեն: «Այդ հարցը հիմա քննարկման փուլում է, և վերջնական որոշում կկայացվի առաջիկա 2 ամիսների ընթացքում», – ասում է ԿԳ նախարարության Բարձրագույն կրթության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Առաքելյանը: Մինչ նախարարությունում համապատասխան որոշում կկայացվի, շատ ծնողներ չեն սպասում դրան և նախապես փորձում են ապահովել իրենց երեխաների հետագա ճակատագիրը: Այսպես, Բերդի զորամասերից մեկի հրամանատարը դիմել է Երևանում բնակվող իր նախկին զինծառայող և այժմ ուսանողերիտասարդին` խնդրելով շտապ մի լավ վարժարան կամ քոլեջ գտնել, որպեսզի իր 10-րդ դասարանցի տղային այդտեղ ընդունել տա: Ոմանք էլ դեռ անորոշության մեջ են ու սպասում են պաշտոնական որոշմանը: Այդպիսի մի ծնող է Էմմա Ստեփանյանը, ում որդին` 16-ամյա Էդմոնը, հիմա սովորում է 10-րդ դասարանում: Տիկին Էմման ուզում է, որ իր որդին դպրոցն ավարտելուց հետո բուհ ընդունվի, մասնագիտական կրթություն ստանա: «Լավ ա սովորում, ուզում եմ, որ կրթվի, մարդ դառնա», – ասում է մայրը: Սակայն նա անորոշության մեջ է. ամեն մեկը մի բան է ասում, ինքն էլ չգիտի, թե որն է ճիշտը. «Դպրոցի ուսուցիչներից հարցրի, ասացին, որ ոչինչ դեռ պարզ չէ: Բայց տղայիս դասարանցիները, բոլորը, ովքեր հետագայում կրթությունը շարունակելու մտադրություն ունեն, քոլեջ են ընդունվել: Սպասում եմ, մինչև մի բան պարզ դառնա, ես էլ երևի տղայիս քոլեջ կտանեմ:

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասում է, որ նման անհանգստություններ ծնողների մոտ չի նկատելՍովորաբար ծնողներն ամեն ինչ չափազանցնելու սովորություն ունեն»: Ըստ Խոսրովյանի` 12-ամյա համակարգի ներդրումից հետո հաճախ ծնողը, 5-ամյա երեխային գրկած, դպրոց է բերում ու խնդրում 1-ին դասարան ընդունել, որպեսզի երեխան դպրոցն ավարտելուց դեռևս 18 տարեկան չլինի: Խոսրովյանն ասում է, որ նախկինում ծնողները երեխաներին դպրոցից հանում և ուղարկում էին բուհերում կից գործող վարժարաններ, քանի որ ավարտելուց հետո տվյալ բուհ կարող էին ընդունվել մինիմալ միավորներով: Սակայն այժմ օրենքով այս տարի վարժարանների 10-րդ դասարաններ ընդունվածները ևս պետք է ավարտեն 2012-ին և հանձնեն միասնական ավարտական քննություններ: Շատ ծնողներ, երեխաներին վարժարան տանելով, գուցե չգիտեն նոր կանոնադրության մասին, կամ գուցե և այլ նպատակներ ունեն: Խոսրովյանն ասում է, որ դպրոցից, որպես կանոն, երեխաներին դուրս են բերում, երբ տնօրենը պահանջում է, որ երեխան պարտաճանաչ դասի հաճախի` անկախ այն բանից` պարապում է կրկնուսույցի մոտ, թե ոչ:

Թիվ 20 դպրոցի 10-րդ դասարաններից այս տարի դուրս է եկել 5 աշակերտ` բոլորն էլ քոլեջներ են գնացել: Սակայն ըստ Խոսրովյանի` ամեն տարի էլ քոլեջներ գնում են. դա սովորական երևույթ է: «Թող ծնողները բողոքեն, որ դասարաններում 35 աշակերտ է սովորում և մեկ դասաժամի ընթացքում բոլորին հավասար ուշադրություն դարձնելն անհնար է դառնում: Իսկ սա ռեալ խուճապի պատճառ չէ», – ասում է Խոսրովյանը: Ոււսուցչուհի Էլմիրա Խաչատրյանի կարծիքով` 2001-ին դպրոց ընդունված սերունդը փաստորեն ընդգրկվեց 11- ամյա կրթության համակարգում, սակայն կրթական բարեփոխումներից դուրս մնաց: «6-րդ դասարանցիներն այժմ ինֆորմատիկա են անցնում, մինչդեռ 2001-ի սերունդը չանցավ այն պատճառով, որ բարեփոխումների ժամանակ արդեն 7-րդ դասարան է փոխադրվել», – ասում է Խաչատրյանը` բացատրելով, որ այժմ դպրոցական կրթական ծրագրի համաձայն դպրոցն ավարտելուց երեխան ունենում է կատարյալ համակարգչային գիտելիքներ, ինչը չեն ունենա 2012-ին ավարտող և 11 տարի ուսուցանած երեխաները:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ ասում է, որ ճիշտ կլինի, որ ընդունվի օրենք, ըստ որի` բոլորն էլ, 18 տարին լրանալուն պես, պետք է բանակ զորակոչվեն և ծառայեն հայրենիքին. «Այդպիսով բուհ ընդունվելն այլևս կդադարի լինել բանակում ծառայելուց խուսափելու միջոց»: Բլեյանն ասում է, որ պարզապես սխալ մեթոդ է կիրառվում 12-ամյա կրթության անցնելու գործընթացում. «Ավագ դպրոցում պետք է գործ ունենանք մասնագիտական հստակ կողմնորոշումներ ունեցող աշակերտի հետ: Մինչդեռ այսօր ավագ դպրոցը միջին դպրոցի վերարտադրությունն է` բոլոր սխալներով հանդերձ: Այսօրվա դպրոցում աշակերտը ձգտում է որքան հնարավոր է շուտ դպրոցն ավարտել, դիպլոմ ստանալ, մինչդեռ կրթության ձգտողի համար 12 տարվա կրթությունը ցանկալի է, և նրա նպատակը ոչ թե «թուղթ» ստանալն է, այլ հիմնավոր գիտելքներ ունենալը»:

Դիտվել է 2669 անգամ:
Print Friendly

Leave a Reply