Մամուլը եւ խոսքի ազատությունը “ՕՐԵՐ” ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 2, 2011 17:39

Լույս է տեսել “Օրեր” եվրոպական ամսագրի հատուկ թողարկումը (5-6/2011)ՙ նվիրված անկախության 20 տարիներին Հայաստանում եւ սփյուռքում հայ մամուլի զարգացմանն ու խոսքի ազատությանը։

Ի՞նչ զարգացումներ է ապրել հայ մամուլը, որո՞նք են հիմնական խնդիրները, ի՞նչ ապագա է սպասվում եւ զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Այս հարցերին պատասխանում են Հայաստանի բոլոր հեղինակավոր լրագրողական կազմակերպությունների ղեկավարները, լրատվամիջոցների  հայտնի խմբագիրներն ու ղեկավարները։ 30-ից ավելի կարծիքներ ու հարցազրույցներ են տպագրվել, որոնք ընդգրկում են ողջ լրատվական դաշտի բոլոր ոլորտներըՙ թերթեր, ամսագրեր, ռադիո, հեռուստատեսություն, էլեկտրոնային թերթեր կամ լրատվական կայքէջեր, լրատվական գործակալություններ։ Շապիկին տպագրվել է վաղամեռիկ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի լուսանկարը, իսկ ամսագրում նրա մասին պատմող հոդված եւ լուսանկարչական ռեպորտաժ։

“Օրեր”-ի զրուցակիցների գերիշխող մեծամասնության կարծիքով թե՛ Հայաստանում, եւ թե՛ սփյուռքում ավանդական լրատվամիջոցներին այսօր փոխարինելու են գալիս համացանցային կայքէջերն ու սոցիալական ցանցերը։ Ազատության առումով ինտերնետային կայքերից զատ Հայաստանում մամուլը համարվում է համեմատաբար ազատ, իսկ հեռուստատեսությունըՙ անազատ, այլ խնդիր է դրանց որակը։ Ամենամեծ պահանջները ներկայացվում են  հեռուստատեսային կայաններին, որոնք ունեն ամենամեծ լսարանը, սակայն նաեւ ամենավատ ձեւով են օգտագործում այդ լսարանի պահանջներին բավարար որակով հաղորդումներ հեռարձակելու հնարավորությունը։ Արբանյակային հեռարձակմամբ 120 ժամ ամբողջ աշխարհով տարածում են հայաստանյան լրատվությունՙ մնալով միմիայն իբրեւ հայկական սփյուռքի հայախոս հատվածի սպառման աղբյուր, չօգտագործելով միջազգային լսարանի վրա ազդելու նույնիսկ  մեկ րոպեի հնարավորությունը։ Մինչդեռ հայկական հեռուստատեսության պոտենցիալ լսարանի մեջ են մտնում նաեւ խառն ամուսնություններով ընտանիքները, որոնց թիվը գնալով մեծանում է։

§Արբանյակային հայկական ամեն մի հեռուստատեսություն միջազգային որեւէ լեզվով հայկական լրատվական, պատմամշակութային, ճանաչողական  մեկ հաղորդում պետք է պատրաստի, ինչը մեծապես կնպաստի հայկական աշխարհի մասին լրատվության տարածմանը, ճանաչողությանը եւ, իհարկե, տուրիզմի զարգացմանը¦, գրում է իր խմբագրականում ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։

“Օրեր”-ի հատուկ թողարկումն անդրադառնում է նաեւ լրատվամիջոցներում մայրենի լեզվի պահպանման խնդրին, սփյուռքահայ հայատառ մամուլում ստեղծված աղետալի վիճակին, մամուլի նկատմամբ Հայաստանում եւ Սփյուռքում ձեւավորված ավանդույթներին։

§Օրեր¦ի հատուկ համարում տեղ են գտել սփյուռքահայ խմբագիրներ Հրաչ Քալսահակյանի, Արմեն Հարեյանի, Ժիրայր Չոլաքյանի, Արա Թորանյանի, Շահան Գանտահարյանի, Դերենիկ Մելիքյանի, Մովսես Քեշիշյանի, Տիգրան Թավադյանի, Կարեն Աղեկյանի, Քրիստափոր Մխիթարյանի, Րաֆֆի Քանդյանի,  պոլսահայ երեք խմբագիրներիՙ Ռոպեր Հատտէճյանի, Էթիեն Մահճուպյանի, Արա Քոչունյանի կարծիքները։ Հայաստանյան լրատվամիջոցների վիճակի մասին խոսել են Աստղիկ Գեւորգյանը, Բորիս Նավասարդյանը, Նարինե Մկրտչյանը, Էդիկ Բաղդասարյանը, Շուշան Դոյդոյանը, Աշոտ Ջազոյանը, Սերգո Երիցյանը, Տիգրան Հարությունյանը, Արա Թադեւոսյանը, Կարինե Տիտանյանը, Հակոբ Ավետիքյանը, Արամ Աբրահամյանը, Նիկոլ Փաշինյանը,Հայկազն Ղահրիյանը, Արտյոմ Երկանյանը, Արտակ Ալեքսանյանը,Գոռ Գրիգորյանը։ Հեռուստատեսային հումորին անդրադարձել են Աշոտ Ղազարյանն ու Արամ Սարգսյանը (Արամ Mp3)։  Համարում տեղ  է գտել նաեւ մշակութային հավելվածը, որի վերջաբանում ներկայացված է Բեռլինում §Օրեր¦իՙ Արդի հայ արվեստին նվիրված հատուկ համարի շնորհանդեսի մասին լրատվությունը։

“Օրեր” եվրոպական ամսագիր

 

 

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply