Հայաստանում ռուսական ու ամերիկյան ներդրումներն աճում են մեծ տեմպերով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 2, 2011 16:56

2011 թ. առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները կազմել են 422 մլն դոլար, տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումներն աճել են 28.8 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումները` 58.6 տոկոսով:

Օտարերկրյա ներդրումների աճում ամենամեծ մասնաբաժին ունի Ռուսաստանը: Ռուսական ներդրումները առաջին կիսամյակում կազմել են 206 մլն դոլար, աճել 77 տոկոսով եւ կազմում են բոլոր ներդրումների մոտ կեսը:

Հարկ է նշել, որ ռուսական ներդրումների աճը պայմանավորված է հիմնային մետաղների արտադրության ոլորտում կատարած 144 մլն դոլար ներդրմամբ: Սրա հետեւանքով օտարերկրյա ներդրումների կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն` առաջին անգամ ներդրումների ամենամեծ հոսքն ուղղվել է հիմնային մետաղների արտադրություն, գերազանցելով հեռահաղորդակցության ոլորտին:

Հայաստանի տնտեսությունում երկրորդ խոշոր ներդրողը Ֆրանսիան է` 68 մլն դոլար: Ֆրանսիական ներդրումները առավելապես հեռահաղորդակցության ոլորտ են ուղղվում:

Հայաստանում աստիճանաբար ակտիվանում են ամերիկյան ընկերությունները: Հիմնականում դա տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվին: Ամերիկյան ներդրումները հասել են 35 մլն դոլարի, որը երրորդ ցուցանիշն է (աճը` 2.8 անգամ): Դրանցից 15 մլն դոլարը գիտական մշակումների ֆինանսավորում է, 3 մլն դոլարը` ծրագրային եւ համակարգչային սպասարկում:

NEWS.am

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply