«Օգնիր դպրոցիդ» արշավի շրջանակում նորոգվել է Երևանի թիվ 71 դպրոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2011 14:48

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մոսկվաբնակ բարերար Արթուր Վարժապետյանին, ով առաջիններից մեկն է, որ միացել է Երևանի քաղաքապետի կոչին և «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով գումար է փոխանցել` ամբողջությամբ ապահովելով  Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի հիմնանորոգման համար անհրաժեշտ ծախսերը:

Շնորհակալություն հայտնելով դպրոցի բարեկեցությանն ուղղված ձեռնարկի և բազմաթիվ այլ բարեգործական ծրագրերի համար, քաղաքապետը նշել է, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են և անհրաժեշտ. «Այս քայլով հերթական անգամ Ձեր քաղաքացիական դիրքորոշումն եք դրսևորել: Շատ մեծ գործ եք կատարել և շատ կցանկանայինք, որ այս օրինակին հետևեին մեր բազմաթիվ հայրենակիցներ»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է  «Օգնիր դպրոցիդ» արշավի կարևորությունը, նշելով, որ դպրոցն այսօր կարիքներ ունի և ցանկացած կամավոր օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը. «Մեր երկի լավ ապագան կրթված հասարակությունն է: Եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը, ավելացնելով նաև, որ դրամահավաքության երևույթը մերժելու ուղղությամբ քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն` կանգնել սոցիալապես անապահով երեխաների կողքին. «Սոցիալապես անապահով երեխան դպրոցում որևէ խոչընդոտ չպետք է ունենա»,- նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի տարբեր դպրոցների կարիքները հոգալու նպատակով` «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի միջոցով արդեն իսկ ավելի քան 633 մլն դրամի կամավոր նվիրատվություններ են կատարվել:

Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, Արթուր Վարժապետյանը նշել է, որ այս կերպ իսկապես լուրջ ներդումներ կարող են ներգրավել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար:

Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով բարերարին նվիրատվության համար, Երևանի քաղաքապետի շնորհակալագիր է հանձնել Արթուր Վարժապետյանին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply