Փոփոխություններ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2011 12:04

Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2010 թվականի  մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N319-Ն որոշմամբ հաստատված կարգում:

Մասնավորապես լրացում է կատարվել հիշյալ կարգի 6-րդ կետում:Սահմանվել է, որ խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ,  տրամադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Այդ տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում  հրապարակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Սահմանվել է, որ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում՝  ՀՀ կառավարության N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Տնօրենների հավակնորդների մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության  կարգում  կատարված մյուս փոփոխությունը (28-րդ կետ) հետևյալն է.երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն:

Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում  խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:

Նախարարությունը, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որևէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում և 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն` աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply