Ամենահաջողակ էթնիկ երաժիշտների տասնյակում Ջիվան Գասպարյանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 2, 2011 11:52

Ռուսական Rusrep.ru կայքը կազմել է հետխորհրդային երկրների ամենահաջողակ էթնիկ երաժիշտների տասնյակը,  որում հայազգի Ջիվան Գասպարյանն իր դուդուկով առաջին հորիզոնականն է զբաղեցնում։

«Ջիվան Գասպարյանի անունը համարյա դարձել է էթնիկ երաժշտության՝ world music–ի հոմանիշը։ Մարտին Սկորսեզեն 1988թ. նկարահանեց «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմը, որի երաժշտությունը գրեց Պիտեր Գեբրիելը, իսկ Ջիվան Գասպարյանի դուդուկը ներդաշնակորեն միահյուսվեց ռոք–կոմպոզիցիային՝ դրան մշտնջենական թախիծ ավելացնելով,– գրում է հոդվածագիրը և հավելում, որ դուդուկահարը նաև հայտնի «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքի վրա է աշխատել։ «Ջիվան Գասպարյանը  «Երաժշտական արվեստի ոլորտում վաստակի համար» ՅՈՒՆԵՍԿՕ–ի 4 ոսկե մեդալի և World Music Expo –ի մրցանակի է արժանացել»,– եզրափակում է կայքը։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Խուն– Խուր Տու խումբը (Տուվայի Հանրապետություն, ՌԴ )՝ իգիլ, խոմուս, դոշպուլուր,  էլեկտրոնային կիթառ երաժշտական գործիքներով։ 3–րդ տեղում Սերգեյ Ստարոստինն է (Ռուսաստան)՝ կլարնետ, դուդուկ, գուսլի երաժշտական գործիքներով։

4–րդ հորիզոնականը զբաղեցնում է  Zdob şi Zdub–ը (Մոլդովա)՝ էլեկտրոնային կիթառ, թմբուկ, շեփոր երաժշտական գործիքներով,  5–րդ հորիզոնականում Սևարա Նազարխան է (Ուզբեկստան)՝ դուտար երաժշտական գործիքով, 6–րդ–ում՝ Զուլյա Կամալովան է (Ուդմուրտիայի Հանրապետություն, ՌԴ)՝ ակուստիկ կիթառ, ջութակ, շեփոր, թմբուկ երաժշտական գործիքներով, 7–րդ հորիզոնականում՝ Նինո Կատամաձեն է (Վրաստան)՝ ջազ ժանրում և հարվածային գործիքներ, կիթառ, բաս կիթառ երաժշտական գործիքներով, 8–րդ հորիզոնականում Птица Тылобурдо խումբն է (Ուդմուրտիայի Հանրապետություն)՝ կիմբալ, ֆլեյտա երաժշտական գործիքներով, 9–րդ–ում՝ Թամիլա Սագաիպովան է (Չեչնիայի Հանրապետություն, ՌԴ) և վերջին՝ 10–րդ հորզոնականում Այդամիր Մուգունն է (Ադիգեայի Հանրապետություն, ՌԴ)՝ սինթեզատոր երաժշտական գործիքով։

 

Tert.am

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply