Ստամբուլահայ աղբյուր. Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաօծման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 2, 2011 11:48

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաօծման արարողությունը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 23-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հավաստիացրեցին մեր ստամբուլահայ աղբյուրները։

Պոլսո Հայոց պատրիարքարանին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրեց, որ նախապես տարածված լուրերը, թե պատարագը տեղի կունենա այս տարվա աշնանը, ստույգ են։ «Ամենայն հավանականությամբ, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պատարագը կնշվի նույն շուքով, ինչպես որ անցած տարի տոնվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծումը։ Ըստ լուրերի, բազմաթիվ արտասահմանցի հյուրեր են հրավիրվել, սակայն Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին դեռեւս պաշտոնական հրավերներ չեն ուղարկվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին բախտի քմահաճույքին թողնվել էր 1980 թվականից։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը եկեղեցին վերանորոգելու համար ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամը» ։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսն իր վրա էր վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո պատարագ էր մատուցվել անցած տարի սեպտեմբերի 19-ին: Թուրքական իշխանությունները, սակայն, եկեղեցու գմբեթին խաչ չէին տեղադրել: Խաչը բերվել եւ տեղադրվել էր եկեղեցու հարեւանությամբ: Դա պատճառ էր դարձել, որ բազմաթիվ հայեր հրաժարվեին այցելել կղզի:

Հատկանշական է, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցել էր միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել էին ներկա գտնվել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն էր:

Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչը տեղադրվել էր միայն սեպտեմբերի 30-ի երեկոյան՝ պատարագից օրեր անց:

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply