«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է հայ-թուրքական համաձայնագրի ստորագրմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2009 14:55
Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հանդես եկավ հայ-թուրքական համաձայնագրի վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ «անթույլատրելի ու անընդունելի է որակում թե’ Հայաստանի իշխանությունների, և թե’ միջազգային հանրության կողմից հասարակությանը փաստերի առաջ կանգնեցնելու արատավոր գործելաոճը, որը կրկնվեց օգոստոսի 31-ին»:
«Փաստաթղթում հետահայաց վավերացվել են 20-րդ դարասկզբի թուրք-բոլշևիկյան համաձայնագրերը, որոնք անդառնալի հարված են հասցրել հայ ժողովրդի շահերին»,- մեկնաբանելով հայտարարությունը` ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում համաձայնագրի արդյունքում արձանագրած դրական տեղաշարժը շատ չնչին է այն բանի համեմատությամբ, ինչ կորցնելու է Հայաստանը:
Նա խիստ բացասական է համարում պատմական փաստերի քննարկման կառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը. «Այն, ինչպես կարելի է գլխի ընկնել, քննարկելու է Ցեղասպանության մասին հարցեր, որը մեծ հարված կհասնի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»:
Պատգամավորի կարծիքով` Թուրքիան պետք է ճանաչի դարասկզբին կատարված հանցագործությունները, ինչպես դա արեց Գերմանիան` ընդունելով Հոլոքոստը: «Իսկ քանի դեռ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը, Հայաստանն ունի ազգային անվտանգության խնդիր»,- ասում է Մարտիրոսյանը:
Համաձայնագրի բացասական կողմերից Մարտիրոսյանը համարում է այն, որ փաստաթղթի վավերացումը ենթադրում է երկու պետությունների կողմից տարածքային ամբողջականության ճանաչում: «Ճապոնիան ու Սովետմիության իրավահաջորդ համարվող ՌԴ-ն իրար հետ դիվանագիտական հարբերություններ ունեն, սակայն միմյանց սահմանները չեն ճանաչել, այնպես որ այդ հարցը կարելի էր հանգիստ շրջանցել»,- ասում է Մարտիրոսյանը:
Ու թեպետ համաձայնագրի մեջ Ղարաբաղի հարցը չի արծարծվում,  Մարտիրոսյանն ասում է, որ այն հնչում է տողատակերում ու ենթատեքստերում: «Դա երևում է նաև ադրբեջանական կողմի արձագանքներից,- ասում է պատգամավորը` «հանգիստ» արձագանք որակելով ադրբեջանական մամուլում հայտնված բազմաթիվ հայտարարությունները` համեմատած «Ճանապարհային քարտեզի» հրապարակման ընթացքում հայտնված հայտարարությունների հետ:

«Իսկ Ղարաբաղի հարցում ակտիվություն է սպասվում, և դա անմիջականորեն կապված է համաձայնագրի հետ»,- ասում է Մարտիրոսյանը:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply