Պարգևատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 1, 2011 20:15

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա էր նաեւ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ պետական պարգեւներով պարգեւատրվել են Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ ու զինծառայողներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, բարերարներ, գիտնականներ, մշակույթի, կրթության եւ սպորտի ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից եւ արտերկրից:
Բակո Սահակյանը շնորհավորել է բոլորին հիշարժան տոնի եւ պետական պարգեւներով պարգեւատրվելու կապակցությամբ: Նախագահը 1991 թվականի սեպտեմբերի 2-ը որակել է որպես պատմական ու շրջադարձային օր հայ ժողովրդի կյանքում, որն ազդարարեց Արցախի անկախ պետության ծնունդն ու ոսկե տառերով գրվեց մեր պատմության տարեգրության մեջ: Նախագահն ընդգծել է, որ Արցախի պետականության կերտման գործում անգնահատելի է Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց` մեր բարեկամների, ովքեր այս տարիներին իրենց գործուն աջակցությամբ թեւ ու թիկունք էին արցախցիներին:
Շնորհավորական խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի ղեկավարը Արցախի Հանրապետության հռչակումը կարեւոր է համարել ողջ հայ ժողովրդի համար եւ ընդգծել, որ այն մարդու եւ ազգի ազատության ու արժանապատվության, ոտնահարված իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաղթանակի տոն է: Նախագահ Սարգսյանը Արցախը համարել է համայն հայության հպարտությունը:
Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանից, Սփյուքից եւ արտերկրից ժամանած հյուրեր:

 

 

 

 

 

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply