Կարմիր խնձոր. հայ կնոջ երջանկության ու դժբախտության սահմանագիծը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | September 1, 2011 17:21

«Բժշկուհին զննեց ինձ և տեղեկացրեց, որ իմ կուսաթաղանթը դեռևս վնասված չէ, բայց ես…հղի եմ»

«Չորս տարի հանդիպում էի մի տղայի հետ: Մենք գրեթե հասակակիցներ էինք: Մինչ նա ծառայում էր բանակում, ավարտեցի ուսումնարանը: Նրա վերադառնալուց հետո նշանվեցինք, և մեր հանդիպումներն ավելի հաճախակի դարձան: Նա շատ էր լինում մեր տանը, միասին ճաշում էինք, զրուցում: Ես էլ երբեմն իրենց տուն էի գնում:

Ամուսնացանք: Բայց հենց առաջին գիշերը սկսվեց իսկական ողբերգություն: Ոչ ոք չհավատաց, որ ամուսինս իմ կյանքում առաջին տղամարդն է եղել: Դեռ հարսանեկան սեղանը չէին հավաքել, երբ կռիվ-իրարանցում սկսվեց: Հաջորդ օրն ամբողջ գյուղն իմ մասին էր խոսում: Ամուսնուս ծնողներն իմ ծնողերին ստիպեցին, որ ինձ հետ տանեն, բայց հայրս հայտարարեց, որ իր տանն անբարո աղջիկը տեղ չունի: Ես շարունակ լաց էի լիում, համոզում նրանց, որ ես երբեք որևէ տղամարդու հետ չեմ եղել, բայց ինձ ոչ ոք չէր հավատում:

Ամուսինս սկզբում զայրացած էր, բայց կարծես ինչ որ չափով հավատում էր, պարզապես չէր կարողանում որոշել անելիքը: Մի ողջ շաբաթ ոչ թե նորահարսի երջանկություն էի վայելում, այլ ստիպված էի շարունակ արդարանալ նրանց մոտ, ովքեր այդ մասին խոսք էին բացում: Իմ երեսին շպրտում էին ամենավիրավորական բառերը, խայթելու առիթը բաց չէին թողնում:

Ի վերջո, ամուսնուս համբերությունը սպառվեց, և նա ինձ հետ տարավ ծնողներիս տուն` ասելով, որ ամեն ինչ վերջացած է: Չեմ կարող նկարագրել իմ ապրումները: Չնայած որ ինձ չէին հավատում, բայց ես շարունակում էի պնդել, որ անմեղ եմ: Միայն մորաքույրս ինձ հավատաց և որոշեց բժշկի տանել: Զանգահարեց նաև ամուսնուս մորը, բայց նրա փոխարեն նրանց բարեկամներից մեկը եկավ: Բժշկուհին զննեց ինձ և տեղեկացրեց, որ իմ կուսաթաղանթը դեռևս վնասված չէ, բայց ես…հղի եմ: Հետո ավելացրեց, որ նման դեպքեր պատահում են: Երբ այս ամենի մասին հայրս իմացավ, պահանջեց, որ վերադառնամ ամուսնուս տուն: Երկու օրից ես այնտեղ էի:

Երանի չգնայի…ճիշտ է, ուրախ էի, որ վերջապես իմ անմեղության կասկածները վերացան, բայց չէի պատկերացնում, որ նրանք շարունակելու են արհամարհանքով վերաբերվել ինձ հետ: Նույնիսկ չտվեցին այն ոսկեղենը, որ հարսանիքիս առթիվ նվիրել էին բարեկամները: Սկեսուրս երեսիս շպրտեց. «Արժանի եղա՞ր, որ տամ»: Երբ ծնվեց առաջնեկս, կարծեցի, թե տղա երեխայի ծնունդը կփոխի իմ կյանքը: Սակայն դա էլ չօգնեց: Ապրելով այդ տանը` շարունակում էի օտար մնալ նրանց: Նույնիսկ ամուսինս, որի հետ տարիներ շարունակ երազում էին ամուսության և երեխաների մասին, մի տեսակ անտարբեր ու կասկածամիտ էր դարձել:

Հիմա արդեն չեմ ուզում երկրորդ երեխա ունենալ, քանի որ հասկացել եմ, որ եթե քաշովս մեկ ոսկի էլ դառնամ, միևնույնն է, նրանք ինձ միշտ կասկածելու են: Քանի անգամ նկատել եմ, թե ինչպես են հարևանուհիներն ուշադիր զննել տղայիս` ասես փորձելով հասկանալ` նմա՞ն  է ամուսնուս, թե ոչ:

Ես վստահ եմ, որ ամուսինս ինձ հիմա հավատում է, բայց նա էլ երևի ուրիշներից է քաշվում: Կուզենայի ինքս էլ հաշվի չառնել մյուսների կարծիքը, բայց փոքր միջավայր է, չես կարող ապրել առանց շրջապատիդ կարծքը հաշվի առնելու»:

 

Առաջին գիշեր. սիրո փոխարեն` տառապանք

«Երբ նշանվեցինք,  ես չէի էլ կարող պատկերացնել, որ ամուսնական առաջին գիշերը սիրո փոխարեն կարող է տառապանք պարգևել: Նա ինձ ծեծում էր ու բացատրություն պահանջում, թե ում հետ եմ կապված եղել: Ես լաց էի լինում, ցույց տալիս իմ կուսության ապացույցը, ասում, որ ինքն է իմ կյանքի առաջին տղամարդը, բայց ոչինչ չէր օգնում:

Առավոտյան ինձ անգիտակից վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Իրեն արդարացնելու համար նա սկսեց զրպարտել ինձ և քույրերիս: Ասում էր, թե ես խանութում աշխատելիս կապված եմ եղել խանութի վարիչի հետ, որն էլ ինձ հետ այլ կերպ է կենակցել, այդ պատճառով էլ կուսությունս պահպանվել է:

Որոշ ժամանակ անց իմացա, որ նա թմրադեղեր է օգտագործում, իսկ մեկ տարի հետո թմրադեղի բարձր չափաբաժին ընդունելու հետևանքով մահացավ:

Մղձավանջը կարծես ավարտվեց, բայց հիշողությունը` ոչ»:

 

Ստուգեց, համոզվեց, որև կույս է, բայց չամուսնացավ աղջկա հետ

«Մայրս երիտասարդ հասակում զրկվել էր ամուսնուց և կապվել մի տղամարդու հետ, որն ընտանիք ուներ: Բոլորը գիտեին այդ մասին, նույնիսկ այդ մարդու կինը:

Երբ ծանոթացա իմ ընտրյալի հետ, սկզբում կարծես թե ամեն ինչ լավ էր: Բայց մի օր նա ասաց, թե շատ է կասկածում իմ անմեղությանը և մինչև չհամոզվի, ինձ հետ չի ամուսնանա: Համոզվեց: Բայց պարզվեց, որ չի պատրաստվում ինձ հետ ամուսնանալ: Նա ասաց, թե իրենց ընտանիքում անբարոյականի աղջկա չեն հանդուրժի:

Ես որոշեցի դիմել դատարան:  Ասաց, թե եթե ուզում եմ իր հետ ապրել, ապա պետք է անեմ այն ամենն, ինչ ինքը ցանկանում է: Դրանից հետո նա ինձ ծեծեց, ստիպեց, որ համբուրեմ իր կեղտոտ ոտքերը, հետո բռնությամբ տիրեց ինձ:

Ես վախենում էի որևէ մեկի պատմել այդ մասին, քանի որ մտածում էի` ինձ կմեղադրեն:

Այդպես, ամբողջ մեկ տարի նա գալիս էր ինձ մոտ և նորանոր տառապանքներ պատճառում ինձ: Հիմա արդեն մտածում եմ, թե ինչպես ազատվեմ նրանից: Երբ նրան ասացի, որ հանգիստ թողնի ինձ, ասաց` լավ, միաժամանակ ավելացրեց, որ նշան կթողնի վրաս, որ բոլորն իմանան, թե ով եմ եղել. նա վառած ծխախոտով այրեց մարմինս:

Հիմա վախենում եմ, որ ամբողջ կյանքում չեմ կարողանա ազատվել նրանից, իսկ ազատվելուց հետո էլ այդ բիծն ինձ հետ կտանեմ»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 9580 անգամ:
Print Friendly

Leave a Reply