Մեկ տարվան ժամանակամիջոց
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | September 1, 2011 16:45
Թրքական կառավարության որոշումը` 1936 թվականին հաշվառված և Թուրքիո ազգային փոքրամասնություններեն 1974-ի Վճռաբեկ դատարանի որոշումով բռնագրավված ունեցվածքը պիտի վերադարձվի տերերուն, կարելի է նկատել զգայացունց: Թրքական «Աքշամ» օրաթերթին փոխանցումով, ազգային փոքրամասնություններու 162 հիմնադրամներուն պատկանող անշարժ գույքը, որուն մեջ կը մտնեն նաև գերեզմանները, աղբյուրները, դպրոցները և այլն, 12 ամսվան ընթացքին պետք է վերադարձվին ազգային փորքամասնություններու հիմնադրամներուն: Այն գույքին համար, որ անցած է 3-րդ անձի ձեռքը, պետությունը համայնքի հիմնադրամին կը վճարե գույքին արժեքը: Հայտնի է, որ միայն Պոլսո հայկական եկեղեցիներու հիմնադրամներուն պատկանող 30 տարբեր շինություն պետք է վերադարձվի:
Տեղին է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբին հրապարակած մտահոգությունը, որուն համաձայն, պաշտոնական Անկարան ծխածածկույթ կառաջացնե այս ձևով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին մեջ ունենալիք կորուստներեն, ինչպես նաև Միացյալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մեջ շրջանառվող` Թուրքիո քրիստոնեական համայնքներու նկատմամբ ճնշումներու վրա ուշադրություն հրավիրող օրինագիծերու բացասական հետևանքներեն խուսափելու համար:
Այս ինքնին կնշանակե, որ Հայ դատի հանձնախումբի որդեգրած ռազմավարական փոփոխությունն իր արդյունքները սկսած է տալ արդէն: Ցեղասպանության ճանաչման պահանջին առընթեր հանձնախումբը Ներկայացուցիչներու տան արտաքին հարաբերություններու հանձնախումբին ներկայացուցած էր նաև Թուրքիո տարածքին ապրող փոքրամասնություններու կրոնական ազատություններու հարգումին և եկեղեցիներու և եկեղեցապատկան կալվածներու վերադարձի պահանջը: Թրքական անհանգստությունը շեշտելով` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կհայտարարե, որ պիտի շարունակե իր աշխատանքները, որպեսզի քրիստոնեական համայնքներուն վերադարձվի Թուրքիո ոճրագործության հետևանքով անոնցմե խլված ամբողջ ունեցվածքը:
Ճիշտ այստեղ է, որ խուսանաված է փաստորեն Թուրքիո այսօրվան կառավարությունը: Որոշումը ճշտած է ժամանակ, որ կը վերաբերի 1936-ի հաշվառումին և 1974-ի բռնագրավումին: Եթե բռնագրավյալ ունեցվածքներու վերադարձի մասին է խոսքը, ապա պետք է հետ երթալ բավական ժամանակ առաջ` իմանալու համար, որ ցեղասպանական քաղաքականության իբրև հետևանք տարածքներու, եկեղեցիներու, կալվածներու, տուներու, գործատեղիներու և տարբեր ունեցվածքներու հաշվառումը տեղ գտա՞ծ է պետական արխիվներուն մեջ: Թուրքիան սահմանափակ հատուցումի գործողություն կատարելով` կնպատակադրե փակել նաև ի շարս քրիստոնեական այլ համայնքներու այս պարագային` հայկական պահանջատիրության թղթածրարը` ժամանակի նեղ սահմաններ ճշտելու հստակ խուսանավումով: Պատահական չէ ուրեմն, որ Հայ դատի հանձնախումբի ներկայացուցիչը կշեշտե ոճրագործության հետևանքով ամբողջ ունեցվածքներուն վերադարձի անհրաժեշտությունը:
Ճիշտ է, որ ծխածածկույթի և մանավանդ հատուցումի խեղված և սահմանափակ տարբերակով պաշտոնական Անկարան ժողովրդավարության ցուցադրություն կկատարե և աննախադեպ նորություն կհրամցնե ազգային փոքրամասնություններեն առաջ միջազգային ընտանիքին, եվրոպային: Այսուհանդերձ, կարևոր է տեսնել նաև ինչպես եվրոպական նորմերու համարկման ձգտումը, այնպես ալ արտաքին վտանգավոր կացությունը Թուրքիո համար, որուն դիմաց ավելի կը բացատրվին ներքին ուղղության վրա առնված այս քայլերը:
Համենայն դեպս դեպքերը արագ են. կառավարությունը այս գույքերու վերադարձին համար ճշտած է մեկ տարվան ժամանակամիջոց: Մեկ տարվան այս ընթացքին Հայ դատի հանձնախումբերը վստահաբար Կոնգրեսի թե եվրոպական կառույցներու ժողովասրահներուն մեջ պիտի շարունակեն փաստել, որ բռնագրավյալ բաժինները ոչ միայն Գյուլպենկյան շենքը, Կետիկփաշայի Հայ ավետարանական դպրոցը, նույն եկեղեցվո պատկանող բնակելի շենքը, խաղահրապարակը և ճաշարանը, Ազգային Սուրբ Փրկիչ հիվանդանոցին պատկանող վեց բնակելի շենք և տարբեր նպատակի ծառայող այլ շենքեր, ինչպես նաև մեկ հողատարածք և մեկ գերեզմանատուն են, այլ ամբողջ բնօրրան մը, պատմական հայրենիք մը: Անկարան մեկ տարվան ժամանակամիջոց ճշտած է հատուցումի թղթածրարը փակելու համար: Մենք նույն ժամանակամիջոցին պետք է պատրաստենք հատուցումի ամբողջական և իրավական մե՛ր թղթածրարը:
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր






Facebook
Tweet This
Email This Post
