Արաբական գարունեն մինչև Ազրբեջանական ձմեռ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | September 1, 2011 16:42
Միջինարևելյան կամ հատկապես արաբական երկիրներու մեջ տեղի ունեցող իշխանափոխությունները հայկական հայեցակետներե դիտված կրնան տեղի տալ տարաբնույթ մեկնաբանություններու և վերլուծումներու: Մեկ կողմե եթե Միջին Արևելքի հայկական գաղութներու գոյությունը, անվտանգությունն ու կայունությունն են հայկական հայեցակետի դիտարկումներուն առանցքային մտահոգությունները, մյուս կողմե անպայման պետական դիրքերե մշակված տեսադաշտի սահմաններն են: Արաբական երկիրներու պարագային անոնք կրնան համընկնիլ իրարու հայկական գործոնը այս բոլորին մեջ առաջին գիծի վրա չտեսնելու առումով:
Խնդիրը այս պարագային տարբեր բովանդակություն կրնա ունենալ, եթե փորձենք մեր երկրի երկու դրացիներուն նկատմամբ այս բոլոր գործընթացներուն ունենալիք հավանական ազդեցություններու տարողության մասին խորհրդածության փորձ կատարել: Միջին Արևելքի նոր սահմանագծումի հրամայականը հետզհետե ավելի շոշափելի պատկերացումներ սկսած է ուրվագծել դիպաշարին հետևողներուն համար: Իշխանափոխություններ, քաղաքացիական ընդհարումներ, իրողական բաժանումներ, նոր ուժերու կայացումներ և մասամբ նորեն կու գան հիմնավորելու շարժումներու տարերայնության ետին կանգնող ծրագիրներու առկայությունը:
Արագակշռույթ այս վերիվայրումներուն նկատմամբ անհանգիստ կացության մեջ է Թուրքիան, որուն ներքին և արտաքին խնդիրները, թեև հայտարարողական մակարդակի վրա անմիջական վտանգ ստեղծած ըլլալու տպավորություն չեն ձգեր, այսուհանդերձ թեժ օրակարգի վերածված ըլլալու հանգամանքը ստացած են: Անմիջական դրացիներ Իրաքի և Սուրիո հետ ստեղծված քաղաքական տագնապները, հայտարարողական մակարդակեն անդին անցնող նույնիսկ զինվորական միջամտությունը Իրաքի պարագային, կամ` դեպի Սուրիա թրքական ուժերու ներխուժման մասին անվերջ կրկնվող սպառնալիքները ցուցանիշ են, որ Թուրքիան խորապես անհանգիստ վիճակի մեջ է քրդական գործոնի հանկարծակի և համընդհանուր աշխուժացման վտանգին ի տես: Շատ են ցուցանիշները այս ուղղությամբ մտածողություն զարգացնելու: Աննկատ պետք չէ մնա այս բոլորին մեջ Լիբանանի մեջ թրքական դեսպանատան աշխատանքներու առկախման անորոշ լրատվությունը, որուն առաջին տարբերակը որևէ պատճառ չէր նշեր, մինչ երկրորդը որոշումը հստակորեն կ՛առնչեր Սուրիո հարցերուն:
Ներթրքական հարթությունը անկանխատեսելի հակազդեցություն կրնա ունենալ, եթե հայտարարողական մակարդակի վրա լարվածությունը զինվորական դրսևորումներ ունենա և շրջանային մակարդակի վրա ցնցումներ առաջացնելու կացության մեջ գտնվի: Գերարժևորումի մոտեցումով չէ, որ պետք է խոսիլ Թուրքիո անդամահատման կարելիություններուն մասին` նկատի ունենալով մանավանդ քրդական շարժումներուն նկատմամբ որոշ ժամանակներե ի վեր ցույց տրվող կարևոր կենտրոններու օժանդակությունները: Նոր սահմանագծումներու ծրագիրներեն դուրս կրնա չմնալ Թուրքիան: Հիշենք ու անցնինք պարզապես, որ մինչ օրս չէ հերքված ռուսական կարևոր լրատվամիջոցին հրապարակած այն լրատվությունը, որուն համաձայն, Միացյալ Նահանգներու արտաքին գործոց նախարարը թուրք պաշտոնատարներուն հիշեցում կատարած էր հայերուն նկատմամբ Թուրքիո և Միացյալ Նահանգներու ունեցած սևծովյան ելքով բնորոշվող պարտքին մասին:
Այս օրերուն շատցած են նաև վերլուծական զուգահեռները արաբական գարունին և Ազրբեջանի մեջ ուշացող գարնան միջև: Զուգահեռները հիմնված են երկարատև ընտանեկան իշխանություններու, հակաժողովրդավարական կարգերու, ընդդիմության փոշիացումին, հալածանքներուն և նման իրողություններու վրայ: Ալիևն ու Քադաֆին իրենց ունեցած պայմանային տարբերություններով հանդերձ նույն նժարին վրա կանգնեցնելու փորձերը շատ են: Ազրբեջանական ձմեռ է առայժմ:
Քաղաքական և հասարակական այս արժեչափերը նկատի ունենալով հավանաբար զուգահեռները արդարացված են: Այս պարագային, սակայն, արցախահայությունն ի տարբերություն արտաքին ներշնչումներե թելադրված արաբական գարուններու տեսակներուն, ազգային ինքնորոշման մարդկային և ազգային սկզբունքներուն վրա իրողական նոր սահմանագծումը պարտադրած է բոլորին: Ինչպես գարունը, այնպես ալ ձմեռը կամ մյուս եղանակները որևէ փոփոխություն չեն կրնար բերել ինքնորոշված Արցախին:
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր






Facebook
Tweet This
Email This Post
