Հայաստանում գործում է 48 ավագ դպրոց, դրանց թիվը հետագայում կհասնի 150-ի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2009 14:01

img_0591Այս տարվանից մեկնարկում է եռամյա ավագ դպրոցի համակարգը: Այս տարի ստեղծվել է 38 ավագ դպրոց, և ներկայումս Հայաստանում գործում է 48 ավագ դպրոց (ևս 10-ը փորձնական ստեղծվել էր 2008-ին): Ավագ հոսքային դպրոցներում սովորում են շուրջ 200 աշակերտներ: 2012-ին նախատեսվում է ունենալ 150 ավագ դպրոցներ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ հանրակրթական դպրոցների վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի կարծիքով` 3-ամյա ավագ հոսքային դպրոցն աստիճանաբար կապահովի համապատասխան կրթական որակ, և աշակերտները բուհ ընդունվելու համար ստիպված չեն լինի կրկնուսույցների մոտ պարապել: «Այդ ամենը միանգամից չի լինի, ժամանակ է անհրաժեշտ»,-ասում է նա:
Հովհաննիսյանն ասում է, որ նոր` 12-ամյա կրթական համակարգը հնարավորություն կտա դպրոց ներմուծել նոր առարկաներ և միաժամանակ չափից ավել չծանրաբեռնել երեխաներին: «Անցում ենք կատարել 5-օրյա ուսուցման և նոր կրթական համակարգի շնորհիվ երեխաները 8 ժամ դասաժամ որևէ օր դպրոցում չունեն»,- ասում է Հովհաննիսյանը:

Ավագ դպրոցների ուսուցիչները վերապատրաստվել են, և դպրոցները` հիմնական ու ավագ, ապահովվել են համապատասխան դասագրքերով, որոնք, ըստ Հովհաննիսյանի, հիմնականում բարդ են, քանի որ խտացված են:
Հովհաննիսյանը կարծում է, որ ուսուցիչները պետք է երեխաներին հանգամանորեն բացատրեն դժվարընկալելի նյութերը, բայց այստեղ էլ խոչընդոտ է դառնում դասարանների գերծանրաբեռնվածությունը. ամեն դասարանում սովորում է 30-35 աշակերտ, և դասաժամի ընթացքում ուսուցիչը չի կարողանում բոլոր աշակերտներին հավասարապես ուշադրության արժանացնել:

Ինչպես «Անկախ»-ին տեղեկացրեց Հովհաննիսյանը, առաջիկայում դասարաններում երեխաների թվաքանակի կրճատում չի նախատեսվում. պետությունը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ: «Եթե դպրոցն ունի համապատասխան միջոցներ, կարող է դասարանների թիվն ավելացնել` կրճատելով դասարաններում սովորող երեխաների թվաքանակը»:

Հովհաննիսյանի կարծիքով` կրթական բարեփոխումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե այս խնդիրը ևս լուծվի, սակայն «դա կլինի այն ժամանակ, երբ պետության վիճակն ավելի բարվոք դառնա»:

Դիտվել է 2050 անգամ:
Print Friendly

Leave a Reply