Հայաստանում Ռուսաստանի դեսպան. «Ռուսաստանն այն երկիրն է, որի վրա կարելի է հույս դնել ազգային լուրջ խնդիրների լուծման հարցում»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 1, 2011 16:34

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Պատվո Բլուր հուշահամալիրի հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռուսաստանի Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Յուրի Մուրադովը, «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Վիկտոր Կրիվոպուսկովն ու Անդրանիկ Նիկողոսյանը, գիտության, արվեստի, ռուսական բիզնեսի ներկայացուցիչներ:

Իր ելույթում Վյաչեսլավ Կովալենկոն քննադատության ենթարկեց հայ-ռուսական ընդհանուր պատմական հիշողության աղավաղման` վերջին շրջանում մեծ թափ ստացած փորձերը:

«Մենք իրավունք ունենք հիշեցնելու քաղաքական գործիչներին և գաղափարախոսներին, ինչպես նաև նրանց դրդողներին, որոնք իրենց են վերապահում պատմությունը ձևափոխելու իրավունքը, առանց ետ նայելու ամենը վերից վար շրջողներին, իրենց ժողովուրդների գիտակցությունը կլոնավորողներին, որ այդպիսի գործելաոճով իրենք կորցնում են կողմնորոշումը ժամանակի և տարածության մեջ: Նրանց հարկ կա հիշեցնելու անտիկ փիլիսոփաների բառերը. անգամ աստվածները չեն կարող չեղածը եղած դարձնել»,- հայտարարել է դեսպանը: Նա հավաստիացրել է ներկաներին, որ Ռուսաստանն այն երկիրն է, որի վրա կարելի է հույս դնել ազգային լուրջ խնդիրների լուծման հարցում:

Պատվո Բլրի վերականգնման աշխատանքներն իրականացրած «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարեց, որ, համաձայն հասարակական կարծիքի հետազոտման, Գյումրին այժմ ընկալվում է ոչ միայն որպես 1988-ի ողբերգական իրադարձությունների, այլև որպես Պատվո Բլրի քաղաք:

«Պատվի գործ»-ի մյուս համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր ավանդ են ներդրել Պատվո Բլրի վերականգնման հարցում և ում պատվին այսօր բացվել են հուշտախտակները:

 

Պատվո Բլուր զինվորական հուշահամալիրը հիմնվել էր 1856թ. Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Պատվո Բլրում հուղարկավորված է 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպա: ХХ դարի 50-ական թվականներին Պատվո Բլուրը բարձիթողի վիճակում հայտնվեց:

2009թ. ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին Պատվո Բլրի վերականգնման աշխատանքները: 2010 թվականի օգոստոսի 20-ին Պատվո Բլուրը բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ ԴմիդրիՄեդվեդևի կողմից:

 

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply