Ուժեղ, գիտակ և բարեկեցիկ քաղաքացին` հզոր պետության գրավական

Պաշտոնական, Օրվա լուր | | September 1, 2011 17:39

Սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի միջնակարգ դպրոց: Նախարարը շնորհավորել է աշակերտներին և մանկավարժներին գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Աշակերտներին մաղթելով գիտելիքների բացահայտումներով լի տարի և բարի երթ` Ա.Աշոտյանը մասնավորապես նշել է. “Նոր ուսումնական տարվա մեկնարկը համընկնում է մեր երկրի անկախության 20-ամյա հոբելյանին:Վստահեցնում եմ, որ մեր պետականության կայացման և զարգացման գրավականը գիտակ և բարեկեցիկ քաղաքացին է: Շատ կարևոր է գիտակցել, որ հենց  գիտելիքն է ապահովում բարեկեցություն և ուժ: Որքան ուժեղ, գիտակ և բարեկեցիկ է պետության քաղաքացին, նույնքան հզոր է պետությունը”: Դպրոցի գերեզանց առաջադիմությամբ աշակերտներին Ա. Աշոտյանը հանձնել է գովասանագրեր: Ծաղկունք գյուղի դպրոցի  հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մարզպետն ու նախարարը ծանոթացել են դպրոցի դասասենյակային պայմաններին և համակարգչային սրահի տեխնիկական հագեցվածությանը: Ծաղկունքի դպրոցն ունի 135 աշակերտ, որոնցից 11-ը` առաջին դասարանցիներ: “Դար” բարեգործական հիմնադրամի և Աղաջանյաններ ընտանիքի աջակցությամբ դպրոցի շենքը վերջին տարիներին հիմնովին նորոգվել է, ապահովվել է ջեռուցմամբ և նոր գույքով:  Նոր ուսումնական տարվա առաջին օրը տոնական էր կրկնակի` դպրոցն ապահովվել է նաև ինտերնետ կապով:

Միաժամանակ  կրթօջախում մեկնարկել է”բաց դպրոց” նախագիծը, որի նպատակը, ինչպես նշել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ուսումնական գործընթացին զուգահեռ համայնքի բնակչության համար մշակութային և հանրային միջոցառումներ ապահովելն է: Գյուղական դպրոցները պետք է դառնան համայնքային կյանքի էպիկենտրոններ, և համայնքի համար ծառայեն, որպես կրթագիտական, մշակութային և ժամանցային կենտրոններ>,-նշել է նախարարը և հավելել.”Բաց դպրոց գաղափարը գյուղական դպրոցների ապագան է: Սա երիտասարդությանը գյուղում պահելու մեխանիզմներից մեկն է: Պետք է ապացուցել, որ գյուղական դպրոցում հնարավոր է կազմակերպել ժամանակակից և որակյալ կրթություն”: Նախարարը պատասխանել է նաև Ծաղկունքի դպրոցի լրագրողական ակումբի սաների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերին, դպրոցների ավարտական և միասնական քննություններին, կրթության տասներկուամյա համակարգին և այլ խնդիրների:

Սեպտեմբերի 1-ին   ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել է նաև Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագ դպրոց:

 

Դիտվել է 1511 անգամ:
Print Friendly

Leave a Reply