Դպրոցականի առողջությունը. 10 պատվիրան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 2, 2011 14:05

Առաջին անգամ` առաջին դասարան. դա միայն տոն չէ, այլև  մեծ սթրես: Նախադպրոցականին հատուկ անհոգությունը, խաղով լի օրը փոխարինվում է  պահանջներով, պարտականություններով ու սահմանափակումներով: Հիմա երեխան ամեն օր պետք է դպրոց հաճախի, պարբերաբար ու լարված աշխատի, հետևի օրակարգին, զանազան օրենքների ու կանոնների,  պահանջներ կատարի: Բժիշկները նշում են, որ առաջին քառորդի վերջում շատ երեխաներ նիհարում են, բողոքում գլխացավից ու դառնում քմահաճ:

Ճիշտ է, որ տարրական դասարանի երեխան պառկի քնելու ժամը 21-ին: Հակառակ դեպքում երեխայի օրգանիզմը լիարժեք չի վերականգնվում ու, հետևաբար, նոր լուրջ ծանրաբեռնվածությանը չի դիմանում: Այս օղակում երեխայի նորմալ զարգացման համար հանգիստը միակ նախապայմանը չէ: Կարևոր է նաև ճիշտ ու առողջ սնունդը: Երեխայի օրաբաժնում  պետք է պարտադիր 400գ միրգ ու բանջարեղեն լինի, ինչպես նաև կաթ ու կաթնամթերք: Երեխայի նորմալ աճի համար պարտադիր են միսը (ամեն տեսակի), ձուկն ու ձուն: Ցանկալի  է օգտագործել յոդացված աղ: Հոգեբանները թախանձագին խնդրում են ծնողներին` երբեք ձեր երեխայի արդյունքները մի համեմատեք ավելի հաջողակ երեխաների ձեռքբերումների հետ: Ավելի լավ կլինի ընդհանրապես չհամեմատել ինչ-որ մեկի հետ: Հիշեք ձեր մանկությունը:

10 պատվիրան մայրիկների ու հայրիկներ համար

1.  Սկսեք «մոռանալ», որ ձեր երեխան փոքր է: Տանը նրան իր ուժերի ներածին չափով գործի դրեք: Ու, որ կարևոր է,  մի կարգադրեք, արեք դա մեղմորեն, ասենք. «Այնքան մեծացել ես, որ նույնիսկ կարելի է քեզ վստահել այս գործը» (փոշին մաքրել կամ էլ` ափսե լվանալ):

2. Որոշակիացրեք ձեր հետաքրքրությունների շրջանակը. դրանք կարող են լինել ճանաչողական (սիրելի մուլտֆիլմեր, հեքիաթներ, խաղեր ) և կենցաղային (ընտանեկան հոգսերի քննարկումներ): Մասնակցեք ձեր երեխաների սիրած զբաղմունքներին կամ էլ պարզապես  ոչ թե նրանց «կողքին» եղեք, այլ նրանց «հետ»: Դրա համար բավարար է, ասենք, միասին ֆիլմ դիտելը կամ խաղալը: Երեխայի հետ զրուցեք նրան հուզող հարցերի շուրջ: Շփվեք  նրա հետ, դրա պակասն ընտանեկան դաստիարակության գլխավոր արատներից մեկն է:

3. Երեխային մասնակից դարձրեք ընտանիքի տնտեսական խնդիրներին: Սովորեցրեք համեմատել գները, կողմնորոշվել ընտանեկան բյուջեում (ասենք, դրամ տվեք երեխային պաղպաղակի համար` համեմատելով դրա գինը այլ մթերքի գնի հետ): Միասին խանութում գնումներ կատարեք:

4. Մի խրատեք ու, առավել ևս, մի նախատեք ուրիշների ներկայությամբ: Հարգեք ձեր երեխայի զգացմունքներն ու կարծիքը: Նույնիսկ ուսուցչի դիտողությանը պատասխանեք. «Շնորհակալություն, մենք տանն այդ հարցը կքննարկենք»: Հիշեք հայտնի մանկավարժական օրենքը` վստահել, վատը չհամարել, հավատալ հաջողությանն ու ունակությանը («դու կարող ես, ես քեզ հավատում եմ» խրախուսական խոսքերով):

5. Սովորեցրեք երեխային պատմել իր խնդիրների մասին: Միասին քննարկեք վիճահարույց իրավիճակները, որոնք առաջացել են տարեկիցների շրջանում կամ մեծահասակների հետ: Անկեղծորեն հետաքրքրվեք նրա կարծիքով, միայն այդ կերպ կարող եք կյանքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ձևավորել: Փորձեք իրավիճակն օբյեկտիվորեն գնահատել. միշտ ձեր երեխան իրավացի, իսկ ուրիշները ` սխալ դիրքորոշումը ճիշտ չէ:

6. Հաճախակի զրուցեք երեխայի հետ: Խոսքի զարգացումը նաև լավ սովորելու գրավականն է: Եթե գնացել եք թատրոն, թող պատմի տեսածը, տպավորությունները: Նրան ուշի-ուշով լսեք, հարցեր տվեք, որպեսզի երեխան հասկանա, որ դա իրոք ձեզ հետաքրքիր է: Միասին ֆանտաստիկ պատմություններ հորինեք իրերի , առարկաների, բնության երևույթների վերաբերյալ: Ձեր երեխան պետք է կարողանա  հորինել ու ստեղծագործել:

7. Պատասխանեք երեխայի յուրաքանչյուր հարցին: Միայն այդ  դեպքում երեխաների ճանաչողական հետաքրքրությունը չի մարի: Հաճախակի դիմեք նաև տեղեկատու գրքերին (ասենք` բառարաններ ու հանրագիտարաններ): Սովորեցրեք նրանց  ինքնուրույն օգտվել դրանցից, ոչ թե սպասել, թե դուք ինչպես կբացատրեք իր հարցը:

8. Փորձեք գոնե մեկմեկ աշխարհին նայել նրա աչքերով: Աշխարհին ուրիշի աչքերով նայելը փոխըմբռնման հիմքն է: Իսկ դա նշանակում է` երեխայի անհատականության հետ հաշվի նստել,  հասկացնել, որ մարդիկ տարբեր են լինում և իրավունք ունեն տարբեր լինելու:

9. Հաճախակի գովեք ու հիացեք ձեր բալիկով: Նրա բողոքներին ի պատասխան հաճախ ասացեք, որ «ամեն ինչ կլինի, պարզապես պետք է փորձել»: Ինքներդ էլ հավատացեք, որ ձեր երեխան ամեն ինչ կարող է, պարզապես պետք է նրան օգնել: Խրախուսեք խոսքով, ժպիտով, քնքշանքով, ոչ թե բավարարվեք նոր իր  կամ քաղցրավենիք գնելով:

10. Ձեր երեխաների հետ հարաբերություններն արգելքների վրա չպիտի հենվեն: Համաձայնեք, որ դրանք միշտ չէ, որ ճիշտ են լինում: Բացատրեք, որ ձեր պահանջները հիմնավորված են, եթե հնարավոր է, առաջարկեք այլընտրանքային տարբերակ: Երեխայի հանդեպ հարգալից վերաբերմունք ձևավորեք ձեր մեջ` հիմա և ապագայում:  Ձեր պահանջները ձևակերպելիս երբեք  մի առաջնորդվեք «եթե»-ով: Երեխան շուտ է յուրացնում «դու` ինձ, ես` քեզ» դիրքորոշումը:

 

Դիտվել է 1785 անգամ:
Print Friendly

Leave a Reply