Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀ դատական համակարգը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | September 5, 2011 7:00

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»: Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառումը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարաններն են ընդհանուր իրավասության դատարանները և վարչական դատարանները: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարաններն են` քրեական վերաքննիչ դատարանը, քաղաքացիական վերաքննիչ դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը:

Ընդ որում, վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են:

Երևան քաղաքում գործում են Էրեբունի և Նուբարաշեն, Կենտրոն և Նորք-Մարաշ,  Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ,  Մալաթիա-Սեբաuտիա վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանները:

Իսկ ՀՀ մարզերում գործում են Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի, Արմավիրի,  Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության դատարանները:

Վարչական շրջանի (վարչական շրջանների) ընդհանուր իրավաuության դատարանի նuտավայրը գտնվում է համապատաuխան վարչական շրջանի (վարչական շրջաններից մեկի) տարածքում: Մարզի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է մարզկենտրոնի վարչական տարածքում: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է այդ մարզերից որևէ մեկի մարզկենտրոնի վարչական տարածքում: Ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում:

Վարչական դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երևան քաղաքում: Վարչական դատարանն ունի այլ նստավայրեր մարզերում:

Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, վերաքննիչ քրեական դատարանը և վերաքննիչ վարչական դատարանը: Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

Վճռաբեկ դատարանն ունի երկու պալատ՝ քրեական պալատ և քաղաքացիական ու վարչական պալատ: Վճռաբեկ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը»։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` «սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատու­թյան բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմա­նադրու­թյան գերակայությունը և անմիջական գործողու­թյունը»:

Սահմանադրական դատարանի նիստերն անցկացվում են   Երևան քաղաքում՝ սահմանադրական դատարանի նստավայրում:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 5667 անգամ:
Print Friendly

Leave a Reply