Մկրտչյանը` անազնվության «զոհ»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 3, 2011 14:50

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Կռիլատսկի» հեծանվահրապարակում անցկացված հրապարակային հեծանվավազքի աշխարհի առաջնությունում 18-ամյա Մհեր Մկրտչյանն աննախադեպ արդյունքի  հասավ: Նա  «Սկրեչ» մրցաձևում (15 կմ) և 24 կմ 12 միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում դարձավ փոխչեմպիոն: Ընդ որում, առաջին մրցաձևում երևանցի հեծանվորդը միայն մեկ միավորով զիջեց գերմանացի Դոմինեկ Վայնշտեյնին: Վերադարձից հետո զրուցեցինք

Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի հետ:

Սպասո՞ւմ էիք, որ այդպիսի հաջողություն կլինի:

– Սպասելիքներ կային, սակայն չէինք մտածում, որ Մկրտչյանը կարող է այդպիսի արդյունքի հասնել ու հաճելիորեն զարմացնել: Մեդալի հույս ունեինք, բայց որ Մհերն ի վիճակի  է պայքարելու առաջին տեղի համար, նորություն էր: Երկու մրցաձևում էլ Մկրտչյանը նախաձեռնությունը խլել էր հակառակորդներից: Առաջին մրցաձևում նա փորձեց պոկվել խմբից: Մեր մարզիկին ընկերակցեցին մի քանի այլ հեծանվորդներ: Երբ մարզիկներին մնացել էր 2,5 կմ, որպեսզի ավարտեն մրցատարածությունը, հրահանգ տվեցի Մհերին չզիջել առաջատարի դիրքը, և նա երեք շրջան գլխավորում էր խումբը: Սակայն այդ ընթացքում «փախստականներին» միացել էր նաև Վայնշտեյնը: Հեծանվային սպորտում մի չգրված օրենք կա. վերջնագծում առաջին տեղի համար պետք է պայքարեն միայն այն մարզիկները, որոնք, իրար փոխարինելով, գլխավորել են մրցավազքը, քրտնաջան աշխատել են: Սակայն գերմանացի հեծանվորդն ազնվություն չդրսևորեց և մրցավազքի ժամանակ պահպանելով ուժերը` վերջնագծում առաջ անցավ մեր մարզիկից: Նա մեկ միավորով շրջանցեց 36 միավոր հավաքած Մկրտչյանին և դարձավ չեմպիոն: 33 միավորով 3-րդ մրցանակակիր դարձավ նորզելանդացի մարզիկը: Երկրորդ մրցաձևում Մկրտչյանը մեծ անջրպետ ստեղծեց: Նա հետո առաջ թողեց Հունաստանի, Նոր Զելանդիայի, Չեխիայի  ներկայացուցիչներին` վստահ լինելով, որ վերջնագծում կշրջանցի բոլորին: Սակայն չեխ հեծանվորդը կարողացավ մեր մարզիկից մի փոքր շուտ հատել վերջնագիծը:

Մրցումների օրերին զգացվում էր Մոսկվայի հայկական համայնքի աջակցությունը:

– Այո: Առաջնության մասնակից Հայաստանի միակ ներկայացուցչին քաջալերելու համար մարզասրահ էին գալիս մեծ թվով հայրենակիցներ: Իսկ ԽՍՀՄ երիտասարդական առաջնության չեմպիոն Սամվել Նազարյանը մրցումների ավարտից հետո Մկրտչյանին նվիրեց 8 հազար դոլար արժողությամբ հեծանիվ:

Առաջնությունը վարկանիշայի՞ն էր օլիմպիական խաղերի համար:

– Ոչ: Հեծանվորդները «Լոնդոն 2012»-ի ուղեգրերի համար պայքարը սկսել են 2010-ին: Եվ ֆինանսների պակասի պատճառով չենք կարողացել մասնակիցներ գործուղել արդեն կայացած 6 մրցափուլերի:

Հնարավոր չէ՞ բացը լրացնել:

– Այժմ վերանայվում են նախապատրաստական բոլոր ծրագրերը: Հնարավորն է արվելու, որպեսզի  շնորհալի երիտասարդ մարզիկը 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակից դառնա: Առջևում ևս մրցափուլեր կան, և կարելի է դրությունը շտկել: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով Մկրտչյանին, նրան դրամական պարգև է հանձնել և խոստացել ամենայն աջակցություն ցույց տալ բոլոր, այդ թվում` առաջիկա վարկանիշային մրցափուլերին նախապատրաստվելու և մասնակցելու հարցերում: Ի դեպ, սեպտեմբերից երիտասարդ հեծանվորդը ամսական 300 դոլար թոշակ կստանա:

Մհերը ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում է հեծանվային սպորտով:

– Վեց տարի: Այս ընթացքում նա դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն: Ի դեպ, Մհերի ավագ եղբայրը` Դավիթը, նույնպես հեծանվորդ է և Հայաստանի բազմակի չեմպիոն:

Մհերը երիտասարդ է: Հնարավո՞ր է, որ մեծահասակ մարզիկների պայքարում նա հաջողության հասնի, օլիմպիական ուղեգրի տիրանա:

– Այդպիսի փաստեր կան, հույս ունենք: Պետք է վերանայվի նրա մարզման ծրագիրը, սննդի ռեժիմը: Թեև Մկրտչյանի հրապարակային հեծանվավազքի հեծանիվը 2008-ի արտադրության  է, սակայն նախատեսված է 10-12 տարեկանների մարզումների համար: Մեր մարզիկն աշխարհի մոսկովյան առաջնության միակ մասնակիցն էր, որը հանդես էր գալիս երկաթից պատրաստված հեծանվով: Ի դեպ, մի միջադեպ գրանցվեց: Ամեն մրցաձևից հետո մասնակիցների հեծանիվները կշռում են: Հեծանվի կշիռը չպետք է 6,6 կգ-ից պակաս լինի: Երբ Մկրտչյանի հեծանիվը երկրորդ անգամ տարա, որ կշռեն, իտալացի մասնագետն ասաց, որ չսպասեմ: Երբ զարմացած նրան նայեցի,  հայտնեց, որ տեղյակ է հեծանվի ծանր լինելու մասին: Մհերի հեծանիվը կշռում է 8,6 կգ: Դա հսկայական տարբերություն է, և դժվարացնում է մարզիկի աշխատանքը:

Այդ հարցը նո՞ւյնպես լուծվելու է:

– Ճիշտն ասած` չգիտեմ: Բայց ինքս արդեն միջոցներ ձեռնարկել եմ: Ամերիկյան այն ֆիրմային, որի մարզաշապիկը կրում է Մկրտչյանը, դիմել ենք, որ այդ հարցում օգնի: Խոսքը «ՖԵԼՏ» ֆիրմայի մասին է:

 

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply