Ուշագրավը Համահայկական խաղերում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 1, 2011 13:36

Պատմություն դարձած Համահայկական 5-րդ խաղերն ուշագրավ էին մի շարք առումներով: Նախ` կազմակերպչական աշխատանքներում, մրցավարների շարքում ընդգրկվել էին այնպիսի մարդիկ, ովքեր վերջին տարիներին սպորտից ընդհանրապես հեռացել էին: Պատճառն ամենևին էլ այն չէր, որ բարձր էր վարձատրությունը: Ի դեպ, այս անգամ էլ մրցավարները դժգոհեցին, որ լարված աշխատելով` դրա դիմաց օրական  2 հազար դրամ են ստացել: Իսկ «մոռացված» մարդկանց ներգրավվելու պատճառը թերևս այն էր, որ Հայաստանում վերջին շրջանում մարզական կազմակերպչական, մրցավարական աշխատանքով սահմանափակ թվով մասնագետներ են զբաղվում, և այդ շրջանակն աստիճանաբար նեղանում է: Այնպես որ` քայլը ճարահատյալ էր:

Խաղերի բյուջեն մեծ չէր` ընդամենը 80 մլն դրամ: Բայց ընդգրկուն էր հովանավորների ցանկը: Բացի այդ, առաջին անգամ էր, որ լավագույն մարզաբազաների տերերն առանց խուսանավելու դրանք տրամադրել էին ստուգատեսի մասնակիցներին: Այնպես որ մրցումներն անցան բարձրակարգ մարզաբազաներում: Չօգտագործվեց միայն Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճը: Ի դեպ, հայտարարվել էր, որ այն հյուրընկալելու է խաղերի փակման արարողության մասնակիցներին, սակայն  փակումը  կայացավ Թատերական հրապարակում: Իսկ խաղերի բացումն անցկացվեց մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում: Ընդ որում, երկուսն էլ ավելի շատ համերգային էին, և մասնակիցներն ակամա պարահրապարակում էին հայտնվել:

Կազմակերպիչների սևեռուն գաղափարն այն էր, որ հնարավորինս շատ քաղաքների ներկայացուցիչներ մասնակցեն: Այդ նպատակով Հայաստանում և Արցախում ասես «ռազմական դրություն» էր հայտարարվել: Կենտրոնացվել էին բոլոր ուժերը, որպեսզի անգամ փոքր բնակավայրերը մասնակիցներ ունենան: Ոչինչ, որ մայրաքաղաքի մարզիկները հայտնվում էին Հայաստանի տարբեր քաղաքների, անգամ Ստեփանակերտի հավաքականներում: Իմիջիայլոց, եթե օլիմպիական խաղերի կազմակերպիչների համար շատ երկրների մասնակիցներ ունենալը քաղաքական խնդիր է, ապա համահայկական խաղերի պարագայում այդպիսի հարց չկա, և արհեստական ցուցանիշների հետևից ընկնելը հակառակ տպավորությունն է թողնում: Բացի այդ, տխուր էր խաղերի բացման շքերթի ժամանակ տեսնել, որ անգամ ոչ հեռու գտնվող եվրոպական հայաշատ գաղթօջախներից հատուկենտ մարզիկներով պատվիրակություններ էին գործուղվել:

Ինչևէ, 8 օր շարունակ կայացած խաղերին, որոնց ծրագրում 10 մարզաձևեր էին, մասնակցեցին 125 քաղաքների 3240 մարզիկ-մարզուհիներ, և նախորդ խաղերի համեմատ` ռեկորդը կայացավ: Ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտզալի, թենիսի, սեղանի թենիսի, շախմատի, բադմինտոնի, լողի, աթլետիկայի մրցաշարերում խաղարկվեցին մեդալների 50 հավաքածուներ: Բացի այդ, աչքի ընկած թիմերի համար սահմանված էին գեղեցիկ հուշագավաթներ: Այս առումով, ամեն բան տեղը տեղին էր: Այդուհանդերձ, այն տպավորությունն էր գերիշխողը, որ խաղերը Հայաստանի, մասնավորապես Երևանի բնակիչներին քիչ են հետաքրքրում: Մայրաքաղաքի փողոցներում էլ ստուգատեսի մասին վկայող գովազդային  վահանակներ չկային: Դրանք բացակայում էին անգամ այն մարզաբազաների մուտքերի մոտ, որոնցում մրցումներ էին անցկացվում: Դա էր պատճառը, թե մեկ այլ բան, փաստն այն է, որ խաղերի ընթացքին հետևելու համար տարբեր մարզաբազաներում սակավաթիվ հանդիսականներ էին հավաքվում: Թերևս բացառություն կազմեցին միայն վերջին օրը մեդալների համար անցկացված վճռական հանդիպումները:

Իսկ խաղերի հերոսը դարձավ Մոնտեվիդեոյից ժամանած Խոսե Մելքոնյանը, որը,  Ուրուգվայի միակ ներկայացուցիչը լինելով, լողի մրցումներում յուրօրինակ ռեկորդ սահմանեց` արժանանալով 4 ոսկե մեդալի: Ընդ որում, նրա մրցակիցների թվում էին Հայաստանի հավաքականի լողորդներ: Մելքոնյանի հաջողության շնորհիվ Մոնտեվիդեոն մեդալների հաշվարկով 3-րդ տեղում է և առաջ է անցել 4-րդ և 5-րդ տեղերը գրաված Ստեփանակերտի (3 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ), Գյումրու (2-7-5) ներկայացուցիչներից: Իսկ առաջին երկու հորիզոնականները զբաղեցրին Երևանի (26-20-21) և Թեհրանի (5-1-4) հավաքականները:

Թեև խաղերի անցկացման բուն նպատակը տարբեր երկրների հայերի միջև կապերի սերտացումն է, մրցումներն այս անգամ էլ անզիջում էին, և պայքարի բովում հաճախ կրքերը ոչ միայն շիկանում էին, այլև անցնում  էին թույլատրելի սահմանը: Եղան նաև անցանկալի բախումներ ոչ միայն խաղացողների, այլև նրանց երկրպագուների միջև: Թուրքիայի, Իրանի ներկայացուցիչ մեր հայրենակիցներին էլ վիրավորելու համար վեճերի պահերին անվանում էին «թուրք» և «պարսիկ»: Բայց այդպիսի միջադեպերն այս անգամ ավելի քիչ էին, քան նախորդ խաղերում:

Թեհրանցի բասկետբոլի մրցավար Անդրանիկ Եփրանոսյանը հայտնեց, որ չի սիրում, երբ իրենց պարսկահայ են անվանում, ոչ թե իրանահայ: «Իսկ ընդանրապես այդպիսի արտահայտությունները նվազում են և կվերանան: Ինչ վերաբերում է բասկետբոլի մրցաշարին, խաղամակարդակի աճն ակնառու է»,-ասաց նա:

Բացասական էր նաև այն, որ վոլեյբոլի, բասկետբոլի մրցաշարերում մի շարք քաղաքների թիմեր չէին ներկայանում խաղերին` գերադասելով պարտություն գրանցել: Շահին Շահրի և Երուսաղեմի բասկետբոլիստուհիների հանդիպումը չկայացավ այն պատճառով, որ Իրանը և Իսրայելը բարիդրացիական հարաբերություններ չունեն, և իրանցիները գերադասեցին չմասնակցել խաղին: Իսկ ֆուտզալի Կիև-Բոլշայա Նեկլինովկա խաղն անավարտ մնաց, քանի որ ուկրաինական թիմը, մրցավարի գործողություններից դժգոհ, լքել էր մրցասպարեզը: Խաղերի թերություններից մեկն  այն էր, որ բոլոր մարզաձևերում էլ տարբեր խաղամակարդակի թիմեր էին, և ոչ բոլոր հանդիպումներն էին հետաքրքիր: Գրանցվում էին նաև ծիծաղելի խոշոր  հաշիվներ:

Ինչևէ, խաղերի զարդը դարձան վերջին օրը կայացած բասկետբոլիստուհիների և բասկետբոլիստների մեդալների համար անցկացված հանդիպումները:

Նախ` «Գրանդ» մարզահամալիրի դահլիճում բրոնզե պարգևների համար մրցեցին Երևանի և Գյումրու բասկետբոլիստուհիները: Մայրաքաղաքի թիմի կազմում կային մի շարք բարձրահասակ խաղացողներ: Թվում էր, թե այն հեշտորեն կհաղթի, առավել ևս, որ խաղի ընթացքում 10 միավորի առավելություն ուներ: Բայց պատվախնդիր գյումրեցի մարզուհիները կարողացան վերականգնել հավասարակշռությունը և, ի վերջո, 69:68 հաշվով խլեցին հաղթանակը: Ընդ որում, թիմին 30 միավոր բերեց  փորձառու Մարգարիտ Վարոսյանը, որի կատարած հեռահար` 3-միավորանոց նետումներից  8-ը դիպուկ էին:

Իսկ եզրափակիչը ամերիկյան-իրանական հակամարտությունն էր: Եթե հաշվի առնենք, որ մեր հայրենակիցները հարգում են և ձգտում բարձր պահել այն երկրների դրոշների պատիվը, որոնցում բնակվում են, ապա կարելի է պատկերացնել ասվածի լրջությունը: Մրցեցին Գլենդելի և Թեհրանի հավաքականները: Ի դեպ, դահլիճը փոքր էր, և ոչ բոլոր հանդիսականները կարողացան խաղի ընթացքին նստած հետևել: Ի վերջո, Թեհրանի հավաքականն առավելության հասավ 86:67 հաշվով և չեմպիոն դարձավ: Նախորդ խաղերի եզրափակչում ԱՄՆ-ի ներկայացուցիչներն էին հաղթել թեհրանցիներին: Ի դեպ, Թեհրանի հավաքականը Իրանի հնգակի չեմպիոն է: Զարմանալին այն է, որ մրցաշարի հաղթող դարձած թիմի մարզիչ, իրանցի Շայեսթե Մոթեշարեհին հայտնեց, որ խաղերի մրցավարությունից շատ դժգոհ է, և իր սաները վիրավորվել են, երբ անարդարությունների են հանդիպել կիսաեզրափակչի Թեհրան-Գյումրի խաղի ժամանակ:

Բասկետբոլիստների Լոս Անջելես-Սոչի եզրափակիչը թեև անցկացվեց տարողունակ «Միկա» մարզասրահում, սակայն այստեղ էլ մեծ թվով հանդիսականներ ոտքի վրա էին մնացել: Հետաքրքրությունը մեծ էր, և ընդարձակ դահլիճն անգամ չէր կարող տեղավորել բոլոր ներկա գտնվել ցանկացողներին: Հանդիպման ընթացքին հետևում էին նաև  համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան  Զաքարյանը,ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարներ Սամվել Խաչատրյանն ու Խաչիկ Ասրյանը: Իսկ մրցամարտի հիմնական ժամանակի ավարտից  9 րոպե առաջ մրցավայր ժամանեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խաղի հիմնական ժամանակը հաղթողին ի հայտ չբերեց` 75:75: Ընդ որում, ռուսաստանցիները վերջին վայրկյանին կատարած դիպուկ նետումով վերականգնեցին հավասարակշռությունը: Այդուհանդերձ, լրացուցիչ 5 րոպե խաղաժամանակում ԱՄՆ-ի ներկայացուցիչները կրկին առաջ անցան և հաղթեցին 93:86 հաշվով: «Սոչին ուժեղ հավաքական ունի` Ռուսաստանում հանդես եկող խաղացողներով համալրված: Ոմանք ռուսական ազգանուն ունեն, բայց հայերեն խոսում են: Իսկ մեր թիմից որևէ մեկին առանձնացնել չեմ ցանկանում, բոլորն էլ արժանի են գովեստի: Հաղթանակի հասնելու գործում մեծ էր առաջատարի` Մայք Դանիելյանի ներդրումը: Նա Հայաստանից է տեղափոխվել: Դանիելյանը երազում է Հայաստանի հավաքականում խաղալ»,- ասաց Լոս Անջելեսի թիմի գլխավոր մարզիչ Գոռ Բարդակյանը: Հավելենք, որ 3-րդ մրցանակակիր դարձան Գլենդելի բասկետբոլիստները: Թիմի գլխավոր մարզիչ Ֆրեդ Բաբաջանյանը հայտնեց, որ արդյունքից գոհ չեն, քանի որ չեն կարողացել կիսաեզրափակչում հաղթել բարձրահասակ խաղացողներ ունեցող Սոչիի թիմին: «Հավաքականի թեկնածու114 խաղացողներից ընտրել ենք 12-ին: Ի դեպ, չորսն առաջին անգամ էին հայրենիքում: Ֆինանսական դժվարություններ կային: Ամեն մասնակցի համար շուրջ 4 հազար դոլար է ծախսվել, «Կոնգրես» հյուրանոցում ենք իջևանել: Ի տարբերություն 2007-ին միջանկալ անցկացված մրցումների, այս անգամ ամեն բան անհամեմատ լավ էր կազմակերպված»,- ասաց նա:

Հաջորդ խաղերը կկայանան 2015-ին:

 

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply