Ալեքսանդր Սուվորով. ավելի քան 60 հաղթական ճակատամարտ և ոչ մի պարտություն
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | September 4, 2011 6:29
Օտար դրոշի տակ կռված ու օտար երկրներին իրենց բազկով ու հմտությամբ փառավորած շատ հայորդիներ կան: Նրանցից ամենանշանավորն ականավոր զորավար, մեծագույն ռազմական գործիչ, գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովն է:
Նա Ռուսաստանում հաստատված արցախցի Շահսուվարյանների զարմից է: Ծնվել է 1729 թ. նոյեմբերի 24-ին: Ծննդյան ճիշտ վայրը հայտնի չէ: Հայրը` Վասիլի Սուվորովը, գեներալ էր, ժամանակի կիրթ անձանցից մեկը, ռուսական առաջին ռազմական բառարանի հեղինակը: Նա մտերիմ էր Պետրոս Առաջինի հետ: Մայրը` Ավդոտյա Թադևոսի Մանուկովան, թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը:
Մանկության տարիներին Սուվորովը թուլակազմ էր, և ոչ ոք հույսեր չէր կապում, թե նա կարող է զինվորական ծառայության անցնել: Ամեն ինչ արեցին գրքերը: Սուվորովը կարդում էր հին աշխարհի զորավարների, հռոմեական կեսարների կյանքի մասին: Եվ վճռականորեն որոշում ընդունեց: Ամեն օր տենդագին մարզվում էր ու կարդում` իր գիտելիքները հարստացնելով զինվորական գրականությամբ, որ առատորեն կար հոր գրադարանում:
Սուվորովը ծառայությունը սկսել է 1748-ից, Սեմյոնովյան գնդում: Մի անգամ երիտասարդ կապրալը ժամապահ էր կանգնած Ձմեռային պալատում, երբ այդտեղով անցնող Ելիզավետա Առաջին կայսրուհին կանգ առավ նրա մոտ: Սուվորովը պատվի առավ: Կայսրուհին հարցուփորձ արեց նրան և իմանալով, թե ում որդին է, ողորմածաբար մի ոսկեդրամ մեկնեց: Ի զարմանս բոլորի` Սուվորովը մերժեց ասելով, որ ժամապահին արգելված է ծառայության ժամանակ որևէ իր վերցնել անցորդներից… Կայսրուհին հիացած մնաց:
Առաջին մարտական մկրտությունը Սուվորովը ստացավ Յոթնամյա պատերազմի ժամանակ (1756-1763): Ճիշտ է, նա ծառայում էր թիկունքում, բայց վառոդի հոտն առնելու առիթ ունեցավ:
1762 թ. Սուվորովն արդեն գնդապետ էր: Նույն թվականին Ռուսաստանում պետական հեղաշրջման շնորհիվ գահ է բարձրանում Եկատերինա Երկրորդ կայսրուհին: Ռուսաստանի համար սկսվում են նոր, փառավոր ժամանակներ: Կայսրուհին, որ ժամանակի ուսյալ և կիրթ անձանցից էր, կարողանում էր գնահատել մարդկանց և նրանց վաստակը: Եվ ահա նրա ուշադրությունից չի վրիպում երիտասարդ գնդապետը, որ իր մարտական բնավորությամբ փառքի էր ձգտում: Շուտով առիթը ներկայացավ: 1769 թ. Լեհաստանում շլյախտան ապստամբեց լեհերի թագավոր, Եկատերինա Երկրորդի դրածո Ստանիսլավ Պոնյատովսկու դեմ, և ապստամբությունը ճնշելու համար Վարշավա արշավեց հենց Սուվորովը: Նա արագ երթով հասավ Լեհաստան` մեկ ամսում հաղթահարելով շուրջ 850 վերստ ճանապարհ, նույնքան արագ էլ վճռեց ապստամբության հարցը: Լեհաստանը բաժանվեց Ռուսաստանի և Ավստրո-Հունգարիայի միջև:
Լեհական արշավանքի համար Սուվորովը հաջորդ տարի ստացավ գեներալ-մայորի կոչում:
1768-1774 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Սուվորովի զորաբանակը կռվում էր Բալկաններում` ֆելդմարշալ Պյոտր Անդրեիչ Ռումյանցևի հրամանատարության ներքո: Այստեղ քիչ էր մնում Սուվորովին կործանեին նրա համարձակությունն ու քաջությունը:
Թշնամու թիկունքում հետախուզության ժամանակ Սուվորովը որոշում է իր սակավաթիվ ուժերով գրոհել թուրքական ամրոցը, որ կարևորագույն ռազմավարական դիրք էր զբաղեցնում: Որոշումը կյանքի է կոչում մեծ հաջողությամբ, որ հեշտացնում է հարձակվող ռուսական բանակի գործը: Սակայն սա առաջ է բերում ֆելդմարշալ Պ. Ռումյանցևի դժգոհությունը, որ Սուվորովին ինքնագործունեության համար ռազմական տրիբունալի առաջ է կանգնեցնում: Տրիբունալը որոշում է գնդակահարության դատապարտել զորավարին, բայց տրիբունալի վճիռը բեկանում է Եկատերինա Երկրորդ կայսրուհին` հայտարարելով, որ «հաղթողին չեն դատում»:
Սուվորովը զինվորական փառքի արժանացավ արդեն 1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմում, երբ Ռիմնիկի մոտ ջախջախեց թուրքական մեծաքանակ զորաբանակն ու գրավեց Իզմայիլ և Ազով բերդաքաղաքները:
Ռիմնիկի մոտ ավստրիական բանակը հայտնվել էր թուրքական հարյուրհազարանոց բանակի շրջափակման մեջ: Ավստրիացիները օգնություն խնդրեցին Սուվորովից: Նա արագ երթով, երկու օրում անցնելով ավելի քան 100 կմ ճանապարհ, հայտնվեց Ռիմնիկի տակ: Ավստրիական հրամանատարությունն առաջարկեց պաշտպանական մարտավարություն ընդունել: Սուվորովը կտրուկ առարկեց և ուժգին հարվածով ջախջախեց քառապատիկ մեծաքանակ թուրքական բանակը:
Այս ճակատամարտից հետո Սուվորովը Եկատերինա Երկրորդի հրամանով արժանացավ Ռիմնիկյան կոմսի պատվանվանը: Հենց Ռիմնիկի հաղթանակից հետո Սուվորովի հրամանատարությամբ ռուսական բանակը գրավեց Իզմայիլ ամրոցը, որը վճռական նշանակություն ունեցավ պատերազմի ելքի համար:
1799 թ. Սուվորովը կայացրեց համաշխարհային ռազմարվեստի ամենահերոսական ձեռնարկումներից մեկը` Ալպյան արշավանքը: 1800 թ. նա նշանակվեց Աստրախանյան զորամիավորման հրամանատար, որ պետք է իրականացներ Վրաստանի և Հայաստանի ազատագրումը, բայց, ցավոք, իշխան Գրիգորի Ալեքսեևիչ Պոտյոմկին-Տավրիդյանի նախաձեռնած այդ արշավանքը կյանքի չկոչվեց:
Սուվորովը երբեք չի մոռացել իր հայկական արմատները: Նա ակտիվ հայանպաստ գործունեություն էր իրականացնում: 1776 թ., նշանակում ստանալով Ղրիմում, հենց նա էր, որ իշխան Գրիգորի Պոտյոմկինի նախագծով հայերի գաղթի կազմակերպիչը եղավ: 1778 թ. նրա գլխավորությամբ Ղրիմից Դոնի տափաստան է գաղթել մոտ 13 հազար հայ և հիմնել Նոր Նախիջևան քաղաքը: Նա բաժանորդագրվել էր Շահամիր Շահամիրյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գրքին: Նամակագրական կապ ուներ ժամանակի ազգային գործիչներ Հովհաննես Լազարյանի, Հովսեփ Արղությանի հետ:
Շուտով, սակայն, Սուվորովի համար դժվարին օրեր սկսվեցին: Վատացան նրա հարաբերությունները ամենազոր իշխան Պոտյոմկինի հետ: Նա մեկուսացավ: Իսկ 1796 թ. Եկատերինա Երկրորդ կայսրուհու մահից հետո Սուվորովի վիճակն ավելի վատացավ: Նա, փաստորեն, տնային կալանքի ենթարկվեց:
Սուվորովի ռազմական ամենամեծ սխրանքը, անկասկած, 1799 թ. Ալպյան արշավանքն էր: Մինչ այդ ֆելդմարշալ Սուվորովը Պավել Առաջին կայսեր հրամանով «պատվավոր» աքսորի էր դատապարտված` հրամանը չկատարելու մեղադրանքով: Բանն այն է, որ Սուվորովը դեմ էր Պավել Ա-ի իրականացրած ռազմական «բարեփոխումներին», որոնցով, փաստորեն, ռուսական բանակը «գերմանականացվում» էր: Սուվորովի փաստարկը հիմնավոր էր. նրա պնդմամբ, ռուսները չէ, որ պիտի սովորեին գերմանացիներից: Վերջին հաշվով, միայն Յոթնամյա պատերազմի ընթացքում ռուսական բանակը երեք անգամ գրավել է Պրուսիայի մայրաքաղաք Բեռլինը:
Ինչևէ, երբ ֆրանսիական հեղափոխության սպառնալիքը Եվրոպայում իրական դարձավ, դաշնակիցների խնդրանքով Պավել Առաջինը հենց Սուվորովին հանձնարարեց գլխավորել Իտալական արշավանքն ու այնտեղ ջախջախել Նապոլեոնի բանակները:
Սուվորովը, գլխավորելով ռուս-ավստրիական միացյալ բանակը, հաջողությամբ կատարեց խնդիրը, ջախջախեց Իտալիայում ֆրանսիական զորքերի խմբավորումը և պատրաստվում էր ներխուժել Ֆրանսիա: Սակայն Պետերբուրգի արքունիքից նոր հրամանը Սուվորովին ստիպեց ձեռնարկել Շվեյցարական արշավանքը:
Զորքը կենտրոնացնելով Ալպերի ստորոտում` Սուվորովը 1799 թ. սեպտեմբերի 11-ին սկսեց արշավանքը: Սեպտեմբերի 24-ին Սուվորովը, ջախջախելով ֆրանսիական զորաբանակը, գրավեց Սեն Գոթարդի լեռնանցքը և երկու օրում հասավ Լյադեռնի լճի մոտ: Սկսվեց Ալպերի հաղթահարումը: Ծանր մարտեր մղելով` ռուսական բանակը խոր անդունդներով, ձյունապատ լեռներով ու անանցանելի կիրճերով մետր առ մետր նվաճում է Ալպերը:
Գլարիուսի, Շվիցի արյունահեղ ճակատամարտերում Սուվորովը ջախջախեց ֆրանսիական գեներալ Մասսենի զորաբանակը, որ մինչ այդ անպարտելի էր համարվում:
Այսպիսով, շուրջ 20 օր տևած դժվարին անցումից հետո Սուվորովը, տալով 6000 զոհ, դուրս եկավ ֆրանսիական շրջապատումից: Նա, փաստորեն, կրկնեց մ.թ.ա. 216 թ. Կարթագենի զորավար Հաննիբալի սխրանքը` զորքով ու ողջ սպառազինությունով հաղթահարելով Ալպերը:
Սուվորովի բոլոր տիտղոսներն էին` Իտալիայի իշխան, Ռիմնիկի կոմս, Հռոմեական սրբազան կայսրության կոմս, ռուսական ցամաքային և ծովային ուժերի գեներալիսիմուս, Սարդինական թագավորության իշխան: Ավստրիական և սարդինական բանակների ֆելդմարշալ:
Անպարտելի զորավարը, որ կյանքում ավելի քան 60 հաղթական ճակատամարտ է վարել և երբևէ չի պարտվել, վախճանվեց 1800 թ. մայիսի 6-ին:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
