Քաղաքապետարանը փոխել է հասցեները, իսկ ճշտելու համար բնակիչներին պարտադրում է համալրել քաղաքի բյուջեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 6, 2011 6:25

Դարբինյանների ընտանիքը 5 ամիս առաջ հանկարծ իմացավ, որ իրենց բնակարանը, որում ապրում են, իրականում իրենցը չէ. հարևանի բազմանդամ ընտանիքն է գրանցված իրենց բնակարանում, և սեփականության հետ կապված ցանկացած գործողության համար հարկավոր է հարևանի ընտանիքի բոլոր անդամների համաձայնությունը: Իսկ հարևանների հանաձայնությունը ստանալը խնդրահարույց է, քանի որ ընտանիքի անդամներից մեկը Հայաստանում չի բնակվում:

– Հինգ ամիս է` գիշեր-ցերեկ դռնեդուռ ենք անցնում, հարևաններին խնդրում, հերթ կանգնում, տեղեկանք ու քաղվածք տանում-բերում, որ բնակարանի հետ կապված խնդիրը լուծենք,- պատմում է բնակարանի սեփականատեր Թամարա Դարբինյանը,- ահավոր շիլաշփոթ վիճակ է, ներվ է, որ քայքայում ենք, բայց դեռ արդյունքի չենք հասել:

Նման խառնաշփոթ իրավիճակում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ողջ բնակչությունը: 2009-ին կատարված վերահասցեավորումից հետո որևէ մեկի անձնագրում առկա գրանցումը իրականությանը չի համապատասխանում:

«Ժողովրդից փող կլպելու հերթական միջոցն են գտել: Ես չեմ դիմել իմ հասցեն կամ գրանցումը փոխելու համար, ուրեմն ինչո՞ւ պետք է բոլոր ատյաններում վճարումներ կատարեմ»,- ասում է թոշակառու Համլետ Սիմոնյանը` հավելելով, որ չի էլ պատրաստվում փաստաթղթային ճշգրտումները կատարել: Այդքան գումար չունի, բայց եթե հանկարծ մի օր տեղեկանք պետք լինի կամ սեփականության հետ կապված որևէ գործարք ուզենա անել, ստիպված կլինի արդեն քաշքշուկի և ծախսի տակ ընկնել: «Սպիտակ եղեռն են անում, զոռով ստիպում են հեռանալ: Ով ճար ունի, փախել ա, անճարներն են մնացել»,- ասում է Սիմոնյանը:

Մարտունու քաղաքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության բաժնի պետ Սամվել Բաղդասարյանն ասում է, որ վերահասցեավորումը տեղի է ունեցել դեռ 2009-ին` կառավարության 2005 թ. 2387-Ն որոշման հիման վրա: Քաղաքը նախկինում էլ հասցեավորում ունեցել է, սակայն, ըստ գլխավոր ճարտարապետի, խառնիճաղանջ և շփոթությունների տեղիք է տվել, ինչից փորձել են խուսափել նոր հասցեավորմամբ: «Այս պահին Մարտունիում անհասցե գույք չկա»,- ասում է Բաղդասարյանը: Նա հավաստիացնում է նաև, որ բնակիչներին տեղյակ են պահել վերահասցեավորման մասին. աշխատակիցներին խնդրել են տարածել լուրը, ծանուցել ազգաբնակչությանը: «2010-ին էլ շատ քաղաքացիներ կատարել են փոփոխությունը, այս տարի էլ, պարզապես գործընթացը կարող է շատ երկար տևել»:

2010-ին քաղաքապետարանից հասցեի փոփոխության մասին տեղեկանք է վերցրել 150-200 բնակիչ, այս տարի` շուրջ 1100 բնակիչ:

Հարցված բոլոր բնակիչները, սակայն, նշում են, որ հասցեների անհամապատասխանության մասին տեղեկացել են միայն գործարք կատարելու ժամանակ, իսկ դրան հաջորդող քաշքշուկը պատճառ է դարձել, որ իրողությանը տեղեկանան նաև հարևանները:

Գլխավոր ճարտարապետը չի ժխտում, որ վերահասցեավորումը բնակիչների համար անհարմարություններ է ստեղծել. հասցեի փոփոխության հետևանքով, օրինակ, Երևանյան 12 հասցեի բնակիչները դարձել են Երևանյան 24-ի հասցեատերեր, իսկ այդ հասցեինն էլ` Երևանյան 36-ի հասցեատերեր: Այսինքն` ուղղում կատարելու համար միայն մեկի ջանքերը բավարար չեն. թե՛ ներկա, թե՛ նախկին հասցեատերերը պետք է համաձայնության գան, փաստաթղթային ուղղում կատարեն, որ խնդիրը լուծվի:

«Շատերը չեն գալիս իրենց հասցեն փոխելու, դժկամությամբ են վերաբերվում տեղի ունեցածին: Բայց լավն այն է, որ տարբեր ատյաններում սեփականության կամ անձնագրի հետ կապված գործողություններ կատարելու համար ստիպված գալիս են և ուղղումը կատարում,- ասում է Բաղդասարյանը:- Հույս ունենք, որ մինչև տարեվերջ արդեն կեսը փոփոխությունները կատարած կլինի»:

Գրանցման հասցեն ուղղելու համար բնակիչը պետք է մեկ օր և հազար դրամ ծախսի քաղաքապետարանում` հասցեի փոփոխության մասին տեղեկանք ստանալու համար: Դրանից հետո բնակիչը ևս մեկ օր ու հազար դրամ պետք է ծախսի Անշարժ գույքի տարածքային ստորաբաժանումում, որից հետո 3-5 աշխատանքային օր և յուրաքանչյուր անձնագրում շտկում կատարելու համար հազար դրամ էլ անձնագրային բաժանմունքում: Ստացվում է, որ քաղաքացին պարտադրված է վատնել 5-7 աշխատանքային օր (հերթերում վատնված ժամանակը չհաշված) և առնվազն 5 հազար դրամ (երեք հոգանոց ընտանիքի համար):

Կառավարության որոշմամբ հասցեավորման հետ կապված գործողությունները պետք է կատարվեն համայնքի հաշվին:

«Չէ՞ որ հասցեավորումն էլ է ծախս ենթադրում: Այդ աշխատանքը մենք անշահախնդիր ենք արել, բավարարվել ենք մեր աշխատավարձով: Իսկ տուրքերը սահմանված են օրենքով, քաղաքապետարանում գանձված գումարն էլ համալրում է համայնքային բյուջեն,- ասում է Բաղդասարյանը:- Կարևորը, որ գործընթացը կատարված է, և առաջիկա 50-100 տարիներին նոր հասցեավորման կարիք չի լինի, իսկ նոր առաջացած օբյեկտներն արդեն ըստ գոյություն ունեցող կարգի հասցե կստանան»:

Համեմատաբար քիչ գլխացավանք ունեն բազմաբնակարան շենքերի բնակիչները, սրանց բնակարանի համարը չի փոխվել, միայն` շենքի համարը: Առավել ծանր է սեփական տների բնակիչների վիճակը, քանի որ նրանք կամայականորեն դարձել են ուրիշի բնակարանի կամ էլ գոյություն չունեցող հասցեի հասցեատեր:

Խնդրի առջև են հայտնվել նաև իրավաբանական անձինք, որոնք ստիպված են նաև պետռեգիստրում հասցեի փոփոխություն կատարել, ինչն էլի ծախս է ենթադրում:

Անշարժ գույքի Մարտունու տարածքային ստորաբաժանման ղեկավար Վրույր Վարդանյանն ասում է, որ իրենց մոտ աշխատում են սովորական ծանրաբեռնվածությամբ, հերթեր և կուտակումներ չկան, և բոլորին հասցնում են սպասարկել սահմանված մեկօրյա ժամկետում: «Մարդիկ բանկերի կամ սոցիալական ծառայությունների հետ գործընթացներ կատարելիս նոր իմանում են, որ իրենց հասցեում չեն գրանցված: Հասցեների փոփոխության հարցում հատկապես ակտիվ են անապահովության նպաստ ստացողները: Հիմա մենք էլ մեր էլեկտրոնային բազաներն ենք ճշտում»:

Անձնագրային բաժանմունքում, սակայն, հերթերը և կուտակումները մեծ են: Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ Սարիբեկ Մաթևոսյանը փաստում է, որ պատահել է անգամ` քաղաքացին 5 օր հերթ կանգնելուց հետո ներս մտնել չի կարողացել: Այսինքն` սահմանված 3-5-օրյա ժամկետը անվերջ կարող է երկարաձգվել: «Քաշքշուքը շատ է, մարդիկ ագրեսիվ են, անհամբեր, խանգարում են իրար, խախտում հերթը, ինչի պատճառով էլ ավելի քիչ մարդու ենք օրվա ընթացքում կարողանում սպասարկել, քան կարող էինք նորմալ պայմաններում»:

2011-ին անձնագրային բաժանմունքը ընդհանուր կատարել է 5303 հաշվառում, որից 1755-ը փաստացի, 3545-ը` մշտական: «Համարյա ավարտել ենք գործընթացը»,- ասում է Մաթևոսյանը, չնայած միայն Մարտունի քաղաքում բնակվում է 15 հազար մարդ, իսկ բաժանմունքը սպասարկում է նաև Մարտունուն հարակից 17 գյուղերը:

Հարցին, թե հնարավոր է, որ առաջիկա ընտրությունների ընտրացուցակներում սխալներ տեղ գտնեն` պայմանավորված վերահասցեավորմամբ, Մաթևոսյանը նշում է. «Երևի թե ընտրացուցակների հետ կապված խնդիր չի լինի»:

 

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply