Իմացեք` ուր եք գալիս և ինչի համար կամ այցելություն հանուն մեծն «պտիչկայի»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 3, 2011 7:00

Արցախի գյուղերի գրադարաններում վերջերս մեծ ուրախություն էր: Երկու տարի առաջ Հայաստանի ազգային գրադարանից նոր գրականություն էինք նվեր ստացել,  և ահա տեղական իշխանությունները տեղեկացրել էին, որ Ստեփանակերտում կրկին հանդիպում է տեղի ունենալու Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչների հետ:

Տպավորված երկու տարի առաջ Հադրութի կենտրոնական գրադարանում տեղի ունեցած ջերմ և անմիջական հանդիպումից, որտեղ անկեղծորեն խոսքուզրույց էր բռնվել մեզ հուզող խնդիրների շուրջ, մի քանի գյուղերի գրադարանավարներս մեծ դժվարությամբ հասանք մայրաքաղաք` Ստեփանակերտ: Ինքս հարցեր էի մտածել, որ ներկայացնեմ Ազգային գրադարանի տնօրենին: Դրանք մասնագիտական հարցեր էին` կապված գրականության մշակման հետ, ու նաև մի ընդհանուր հարց, որը հուզում էր Ստեփանակերտ մեկնողներիս. համակարգիչ ձեռք բերելու խնդիրը, որովհետև գրադարանն այսօր զարգացումներին համընթաց պետք է լինի:

Ինչևէ, այն սենյակում, որտեղ կայանալու էր հանդիպումը, սպասում էինք Երևանից ժամանած հյուրերին ու նախանձով նայում սենյակում տեղադրված համակարգիչներին: Բարձրահասակ ու սառը դեմքով մի տղամարդ ինչ-որ աշխատանք էր կատարում համակարգչով: Եվ հանկարծ բոլորիս ուշադրությունը հրավիրեց ու ասաց, որ ինքն է Երևանից ժամանած հյուրը և մեզ պատմելու է թվային չեմ հիշում` ինչի մասին:

Սկզբում ոչինչ չէինք հասկանում,  իսկ պատին հայտնված տեքստը մեզ հիշեցնում էր խորհրդային տարիները, երբ ֆիլմերը պատի վրա էին ցուցադրում: Նա օգտագործում էր մեզ համար անհասկանալի տերմիններ, որոնցից հիշում եմ միայն կայքը և թվայինը: Հետո  Ազգային գրադարանի տնօրենը, չգիտես ինչու, սկսեց բացատրել գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանի ինտերնետային կառուցվածքը:

Ասեմ, որ նստածներից ոչ միայն ես, այլև շատերը չէին հասկանում բանախոսին: Մի մասն արդեն քնել էր, մյուսները զարմացած նրան էին նայում: Վերջապես ներկաներից մի համարձակ կին ասաց, որ չենք հասկանում նրա ասածները, լավ կլինի` համակարգիչ և ինտերնետ ունենանք, հետո նոր նման դասախոսություն կազմակերպվի:  Բանախոսը կարծես թե դժգոհեց իրեն ընդհատելու համար, արագ-արագ վրա բերեց, որ դա էլ կունենանք, ու կրկին անդրադարձավ տեխնիկային ու մեզ անհասկանալի տերմիններին: Այնուհետև անցավ կրթական ոլորտին, կրկին գովազդեց ազգային ակադեմիան, որը հանդես է գալիս հրաշալի նախաձեռնությամբ. ընդամենը կես միլիոն դրամով պատրաստում է գրադարանային կադրեր:

Ակնարկը հասկանալի էր, երևի մեր Արցախի գրադարանային համակարգում մտադիր է «ժամանակակից» միջավայր ստեղծել` ազատվելով ոչ մասնագետ կադրերից, որոնք չնչին աշխատավարձով սահմանում ընտանիք են պահում, կամ էլ այդ ուսումնական հաստատությունից ինչ-որ շահույթ ունի, քանի որ անընդհատ շեշտում էր ակադեմիան, ոչ թե գրադարանը:

Մի կարևոր հանգամանք ևս: Արցախցին իր և իր զավակների արյամբ է ձեռք բերել երկրի անկախությունը և թույլ չի տա որևէ մեկին աղավաղել այդ փաստը, թեկուզ միամտաբար կամ անգիտակցաբար: Բայց այդ մասնագետը արցախցի կանանց մոտ, որոնք իրենց զավակներին են կորցրել այդ պայքարում, խոսքի մեջ նշեց, որ ադրբեջանցիներն էլ են օգտվում  տվյալ ինտերնետային էջից, և նրանց մեջ մեծ տոկոս է կազմում Արցախը: Ապա, նկատելով ներկաների հուզմունքը, շտապեց նշել, որ ինտերնետում է այդպես նշված: Զգուշացնում ենք, հաջորդ անգամ ինտերնետի այդ  տվյալը որևէ տեղ մի կրկնեք, առավել ևս` Արցախում: Ադրբեջանը ոչ մի կապ չունի ազատ Արցախի հետ:

Համոզված եմ, որ պետությունն այդ մարդուն առատ վարձատրել է, որ այցելի Արցախ: Շնորհակալ ենք, որ Արցախի գրադարաններն ուշադրության կենտրոնում են, բայց հարգելի պարոն, փող էլի ստացեք, բայց դրա դիմաց արեք օգտակար մի բան, որը պետք կգա պատերազմից տուժած մեր արցախյան գրադարանավարներին, ոչ թե եկեք ընդամենը «պտիչկա» դնելու համար: Այդ օրը գրադարանավարները մեծ դժվարությամբ և հույսով շրջաններից հասել էին Ստեփանակերտ, բայց ափսոսում էին, որ նման դասախոսության համար ժամանակ ու միջոցներ են ծախսել, որովհետև չգիտեն, թե ինչ է համակարգիչը կամ ինտերնետը:

Հ.Գ. Այս տողերը գրել էի օգոստոսի 22-ին, հանդիպումից անմիջապես տուն հասնելուց հետո: Պատրաստվում էի փոստով ուղարկել, երբ Ստեփանակերտում բնակվող զարմուհիս ասաց, որ դա հնարավոր է համակարգչով մի քանի վայրկյանում ուղարկել ցանկացած լրատվական միջոցի:

Լուսաձոր, Նոր Սեյսուլան գյուղերի գրադարանավարների անունից` Զառա Մարտիրոսյան

Արցախ

 

 

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply