Քադաֆիի տապալումը կարող է քաղաքացիական պատերազմի սկիզբ դառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 1, 2011 13:50

Ողջ աշխարհն ուշադիր հետևում է, թե ի վերջո ինչով կավարտվեն հեղափոխական իրադարձությունները Լիբիայում, չնայած շատերն արդեն տապալված են համարում Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգը: Մուամար Քադաֆին, որ խոստանում էր պայքարել մինչև արյան վերջին կաթիլը, առաջարկում է նստել բանակցությունների, իսկ Անցումային ազգային կառավարությունը, որի օրինականությունը, ըստ էության, գրեթե բոլոր պետությունների կողմից ճանաչվել է,  պահանջում է, որ նախ Մուամար Քադաֆին հանձնվի: Սակայն Մուամար Քադաֆիի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ, նրա գլխի համար 1.6 մլն դոլար են խոստացել:

Պայքարի վերջնակետ կարող է դառնալ Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքը, որտեղ գտնվող քադաֆիական ուժերին Լիբիայի նոր կառավարությունը մինչև շաբաթ հանձնվելու ժամանակ է տվել, հակառակ դեպքում պատրաստվում է ռազմական ուժ կիրառել նրանց դեմ:

Անկասկած, դեռ այս տարվա փետրվարի կեսերին թափ առած բողոքի ալիքը Լիբիայում չէր ավարտվի 42 տարի իշխանությունը իր ձեռքը պահած Քադաֆիի իշխանության տապալումով, եթե չլինեին ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի կողմից անընդմեջ իրականացվող ռմբակոծումներն ու արևմտյան պետությունների անթաքույց աջակցությունը ապստամբներին Քադաֆիի դեմ պայքարի ողջ ընթացքում, մասնավորապես` ռազմական գործից գլուխ չհանող, անկազմակերպ ու դժվար կառավարելի ապստամբներին մարզելու հարցում:

Եվ, բնականաբար, այս ամենն ուղեկցվեց աննախադեպ  տեղեկատվական հակամարտությամբ, որում արևմտյան լրատվամիջոցները չխորշեցին ամեն տեսակ  մեքենայություններից ` սկսած բացարձակ ապատեղեկատվությունից ընդհուպ մինչև հայտարարությունները, թե Մուամար Քադաֆին քիմիական զենք է օգտագործել բնակչությանը ոչնչացնելու համար: Ժամանակ առ ժամանակ ապատեղեկատվություն էր տարածվում նաև այն հարցի շուրջ, թե ում վերահսկողության տակ է վերջին շրջանում պայքարի հիմնական թատերաբեմ դարձած մայրաքաղաքը` Տրիպոլին, Քադաֆիի կողմնակիցների՞, թե՞ ապստամբների: Տարածվող տեղեկատվությունն այնքան հակասական է, որ ուղղակի դժվար է ամբողջական պատկերացում ունենալ, թե իրականում ինչ է կատարվում Լիբիայում:

Սակայն տեղեկատվական այս հոսքերի ազդեցությամբ քիչ լուսաբանվեցին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների մանրամասները: Չնայած մի շարք պետությունների կողմից հնչած քննադատությանը` լուրջ ուշադրության չարժանացավ այն հարցը, որ արևմտյան տերությունները  խախտեցին 2011 թ. մարտի 17-ին ընդունված ՄԱԿ-ի թիվ 1973 բանաձևը, որով Լիբիան հայտարարվել է ոչ թռիչքային  գոտի` Քադաֆիի կողմնակիցների օդային հարձակումներից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Մինչդեռ արևմտյան ուժերն իրենք «բնակչությանը պաշտպանելու նպատակով» կրակ բացեցին նաև  քաղաքացիական օբյեկտների վրա,  ինչի հետևանքով մեծապես տուժեց քաղաքացիական բնակչությունը: Ավելին` բանաձևը նախատեսում էր, որ արևմտյան ուժերի միջամտությունը պիտի լինի «հարձակումներ օդից» տարբերակով, մինչդեռ հենց վերջին մի քանի օրերին տեղեկություն տարածվեց, որ ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաև արևմտյան ցամաքային ուժերը, հատկապես` կարևոր նշանակության օբյեկտները գրավելիս: Մասնավորապես, բրիտանական ուժերը մասնակցել են Տրիպոլին վերցնելիս: Իսկ ամերիկյան ծառայություններն էլ հետախուզական լուրջ գործառույթներ են իրականացրել պայքարի ողջ ընթացքում, չնայած ԱՄՆ-ն հայտարարել է զուտ թիկունքային աջակցության մասին`ըստ էության Լիբիայի օպերացիայում դոմինանտությունը հանձնելով Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային:

Այն, որ արևմտյան պետությունների միջամտությունը Լիբիայի ներսում տեղի ունեցող հեղափոխական իրողություններին մեծապես պայմանավորված է այդ պետության նավթային պաշարներին տիրանալու ցանկությամբ, և  այդ հարցում առավել քան շահագրգռված  են հենց եվրոպական տերությունները` որպես այդ պաշարների առաջնային սպառողներ, կարծես թե ակնհայտ է: Սակայն շատ մասնագետներ Լիբիայի դեմ իրականացվող օպերացիայում ուժերի բաշխման մեջ տեսնում են ԵՄ-ԱՄՆ հակամարտություն, և առհասարակ կանխատեսումներ են արվում, որ Լիբիայի իրադարձություններից հետո կարող են լուրջ կառուցվածքային փոփոխություններ լինել ՆԱՏՕ-ի ներսում, հնարավոր է` փոխվեն առաջնահերթությունները, ԱՄՆ-ն նվազեցնի իր դերակատարությունը:

Որոշակի մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև ՆԱՏՕ-ի ներսում ոչ երկրորդական դեր ունեցող Թուրքիայի ու Գերմանիայի ձեռնպահությունը: Սակայն, մյուս կողմից, ԱՄՆ-ի ոչ առաջնային մասնակցությունը ռազմական գործողություններին կարող է պայմանավորված լինել նրանով, որ դոլարի արժեզրկման և ԱՄՆ-ում առաջացած լուրջ ֆինանսական խնդիրների խորապատկերում, երբ պահանջվում է կրճատել ծախսերը, Բարաք Օբամայի համար  շատ դժվար կլիներ համոզել Կոնգրեսին  զգալի ֆինանսական միջոցներ հատկացնել Լիբիայի դեմ իրականացվող օպերացիային:

Ինչևէ,  փաստացի իրավիճակը փոխվել է Լիբիայում: ԱՄՆ-ի «Չարի առանցքի» ևս մեկ պետության դիկտատոր տապալված է, իսկ իշխանության գլուխ կանգնած Անցումային ազգային խորհուրդը հույս ունի իր պետությունը վերակառուցել Արևմուտքի աջակցությամբ: Արդյունքում Լիբիան կարող է վերածվել երկրորդ Իրաքի, քանի որ Քադաֆիի  անկումը դեռ չի նշանակում, որ հնարավոր կլինի այստեղ ժողովրդավարություն կառուցել, բացի այդ, վերականգնել տուժած ենթակառուցվածքային համակարգերն (ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլն) այնքան էլ դյուրին գործ չէ,  մանավանդ որ ձևավորված անցումային կառավարությունն ինքնին միատարր մարմին չէ:

Ավելին` այնքան էլ անհիմն չեն կանխատեսումները, որ հետքադաֆիական շրջանը կարող է քաղաքացիական պատերազմի սկիզբ դառնալ: Բանն այն է, որ Լիբիայում դեռևս գործում է ցեղական-կլանային համակարգը, որոնց ղեկավարներին Քադաֆին, նավթադոլարներից ստացած եկամուտներից բաժին հանելով, կարողանում էր իրեն ենթարկեցնել, սակայն նոր իրավիճակում չկա ոչ մի երաշխիք, որ նրանց միջև արյունահեղ պայքար չի սկսվի իշխանության ձեռքբերման համար: Մյուս կողմից` որոշ մասնագետներ կարծում են, որ հաշվի առնելով տնտեսական բարվոք վիճակը Լիբիայում, ի տարբերություն Եգիպտոսի, որտեղ բնակչությունը փողոց էր դուրս եկել սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, Արևմուտքի կողմից հրահրվեց բողոքի ալիք` հենց հաշվի առնելով մի շարք կլանների դժգոհությունները, որ նավթի վաճառքից առավելագույն միջոցներ է քաղում Քադաֆիի կլանը, և դա արդարացի չէ:

Իսկ եթե փորձենք կանխատեսումներ անել, համեմատելով իրավիճակը արաբական այլ պետություններում առավել վաղ տեղի ունեցած հեղափոխությունների հետ, ապա ակնհայտ կլինի, որ հեղափոխություն դեռ չի նշանակում իրավիճակի լուրջ փոփոխություն: Մասնավորապես, Եգիպոսում հեղափոխությունից հետո բռնության ալիք բարձրացավ քրիստոնյաների նկատմամբ, և լուրջ բախումներ տեղի ունեցան, ավելին` ժամանակավոր կառավարությունը դեռ չի արդարացրել իրեն, իշխանությունը քաղաքացիական անձանց չի փոխանցվել, սոցիալական խնդիրներ չեն լուծվել: Այդ իսկ պատճառով Եգիպտոսի հեղափոխական երիտասարդության միավորումը պատրաստվում է սեպտեմբերի 9-ին «Ուղեգծի շտկման օր» խորագրով միլիոնանոց բողոքի ցույց անցկացնել, որտեղ 7 պահանջ է առաջ քաշվելու. իշխանությունը քաղաքացիական ղեկավարությանը հանձնելու հստակ ժամանակացույցի մշակում, Եգիպտոսի զինվորական տրիբունալում քաղաքացիական անձանց դեմ բոլոր գործերի դադարեցում, գործադուլների կազմակերպման համար քրեական հետապնդման վերացում, ընտրությունների մասին օրենքում լրացուցիչ ուղղումների ներառում, աշխատավարձի սահմանների որոշում, Եգիպտոսում քրեածին սպառնալիքի աճին  նպաստողների պատժում:

Հեղափոխական ալիքը չի դադարում նաև Սիրիայում. հակակառավարական ցույցերը վերածվել են արյունալի բախումների:  Բայց թե ինչ հետևանքներ կունենան այս հեղափոխական շարժումները արաբական աշխարհում, և առհասարակ ինչպես կազդեն այս իրադարձությունները աշխարհաքաղաքական վերադասավորումների վրա, դեռևս վաղ է խոսել:

 

Աստղիկ Խաչատրյան

 

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply