«ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի իրավագիտական արժեքն ու նշանակությունը
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | September 2, 2011 6:31
2011 թ. սեպտեմբերի 2-ին լրանում է «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի ընդունման 20-ամյակը, մի փաստաթղթի, որը ներառում է յուրաքանչյուր արցախցու իդեալները, ազատ և անկախ ապրելու բնական իրավունքը և համամարդկային մի շարք արժեքներ, ինչպես նաև կառուցվելիք պետության տեսլականը:
Հռչակագրի սկզբունքները համահունչ էին թե՛ նորահռչակ պետության գաղափարախոսությանը, թե՛ ներկա իրողություններում պետության կողմից ընտրված ուղենիշներին, որոնք հետագայում որոշակիացվեցին «ԼՂՀ պետական անկախության մասին» հռչակագրում, այնուհետև` ԼՂՀ Սահմանադրության մեջ: Իրավական այս փաստաթղթին ժամանակի ընթացքում անդրադարձել են տարբեր կողմերից, սակայն այն իրավագիտական լուրջ քննության առարկա չի դարձել և տարիների հեռվից վերստին արժևորելու և վերաիմաստավորելու կարիք ունի:
Արցախցիների համար անկախության և ազատության բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, մյուս քաղաքակիրթ ժողովուրդների նման, նպաստել է անկախության պայմաններում ապրելու բնական ձգտումը:
Չնայած արցախահայությունն ընտրել էր անկախ ապրելու օրինական ճանապարհը, այն է` իր պատմական տարածքների մի մասի վրա նոր պետություն հռչակել ու սկսել նոր հասարակարգի կառուցման գործընթացը, Ադրբեջանը, չհանդուրժելով երկրորդ հայկական պետության ծնունդը, դաժան ու լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեց նորահռչակ ԼՂՀ-ի դեմ` խախտելով ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու միջազգային իրավունքի սկզբունքը, որի արդյունքում միայն արցախահայությունը կարողացավ ձեռք բերել անկախություն, այն էլ` արյան գնով: Հռչակագրի ընդունումից հետո անցել է 20 տարի, որի ընթացքում շատ իրադարձություններ ու գործընթացներ են եղել, սակայն չեն փոխվել արցախցու օրինական և հաստատակամ նպատակները:
Նախ փորձենք անդրադառնալ ԱՄՆ-ի անկախության հռչակագրին և համեմատական լույսի ներքո զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրի և «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի միջև և վեր հանել վերջինիս արժեքն ու տարիների ընթացքում ունեցած դերակատարությունը: ԱՄՆ-ի անկախության հռչակագրին առնչվող որոշ պատմական անցքեր ու մանրամասնություններ ներկայացնելու նպատակներից մեկն այն է, որ այն, լինելով եզակի իրավագիտական արժեք ունեցող փաստաթուղթ, ժամանակի ընթացքում օրինակելի և համադրելի նշանակություն է ունեցել շատ հռչակագրերի ընդունման համար: Այն նույնպես հիմք հանդիսացավ ԱՄՆ-ի ստեղծման, իսկ հետագայում` 11 տարի անց, նաև ԱՄՆ-ի Սահմանադրության ընդունման համար:
Սահմանադրական զարգացումների միջազգային փորձի համեմատական վերլուծությունը վկայում է, որ սահմանադրական անկախ պետությունների ծնունդը նախ հռչակվում է այն նպատակների, ցանկությունների, արժեքների համակարգային ամբողջականության մեջ, որոնք պետականության կայացման անկյունաքարը պետք է հանդիսանան, այնուհետև դրան հետևում է պետության քաղաքական կայացումը: Նախքան «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի ընդունումը կատարվել են նախապատրաստական որոշակի աշխատանքներ, որոնք նպաստավոր հիմք են դարձել հռչակագրի ընդունման համար. խոսքը ստեղծված հանձնաժողովի մասին է, որը հանձն է առել մշակել և ժողպատգամավորների քվեարկության դատին ներկայացնել իրավական այդպիսի փաստաթուղթ:
Պատմությունից մեզ քաջ հայտնի է, որ դեռևս 488 թ. Վաչագան Բարեպաշտ թագավորի կողմից հրավիրվել է սահմանադիր ժողով և ընդունվել հայ իրականության մեջ առաջին Սահմանադրությունը: Սա վկայում է, որ Արցախի ժողովրդին բնորոշ է համազգային և համընդհանուր հարցերը լուծել քաղաքակիրթ ճանապարհով` սահմանադիր ժողովների գումարման միջոցով: Այդ սովորույթը փոխանցվել է սերնդեսերունդ, և ամենևին էլ պատահականության բերումով չէ, որ հազարամյակներ անց այդ նույն տարածքի մի մասի վրա ապրող արցախցին պետություն է հռչակում, որի հիմքը հանդիսացող հռչակագիրը մշակում է հատուկ հանձնաժողովը և ընդունվում ժողովրդի ընտրյալների կողմից: Եվ այս երկու պատմական իրադարձությունների միջև անպայման պետք է նկատել նմանությունն ու ինչ-որ չափով նաև շարունակականությունը: Այս տրամաբանությամբ էլ 1991 թ. սեպտեմբերի 2-ին հրավիրված համատեղ նստաշրջանն ընդունեց որոշում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին», որի 1-ին կետում նշված էր. «Ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում»:
Հռչակագիրը խնդիր էր դնում ստեղծել զարգացած շատ երկրներին հատուկ ժողովրդավարական, իրավական հասարակարգ: Ուշագրավն այն է, որ հարցի կարևորությունը հաշվի առնելով` նստաշրջանը հրավիրվեց ոչ միայն մարզային, այլև Շահումյանի շրջանային խորհրդի ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ, բացի այդ, հրավիրված էին բոլոր մակարդակների ժողովրդական պատգամավորների խորհուրդների ներկայացուցիչները, այսինքն` ընդհուպ գյուղական խորհուրդների այն պատգամավորները, որոնք քաղաքական հասունությամբ պատրաստ էին իրենց ձայնը միացնելու այդ կարևոր որոշմանը:
ԼՂՀ-ն հռչակվեց ԼՂԻՄ-ի և Շահումյանի սահմաններում, իսկ այնուհետև Ադրբեջանի կողմից սանձազերծած ազգային-ազատագրական պատերազմում արցախահայությունը ստիպված եղավ դիմել ինքնապաշտպանության, չդառնալ հերթական հայկական ցեղասպանության զոհ և ազատագրեց պապենական տարածքները` մասնակի վերականգնելով պատմական արդարությունը:
Եթե ձևի առումով «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագիրը որոշակի նմանություններ ունի այլ պետությունների նմանատիպ փաստաթղթերի հետ, ապա բովանդակության առումով մի շարք առանձնահատկություններ ունի: Մի կողմից` այն արմատավորել է լիովին նոր արժեհամակարգ` հիմքում ունենալով պատմական նախադրյալներ, մյուս կողմից` նրա առանձին դրույթներում կատարվում են շեշտադրումներ միջազգային իրավունքի և խորհրդային օրենսդրության հիման վրա նոր պետության հռչակման, նոր սկզբունքների և արժեքների որդեգրման, ինչպես նաև մի շարք միջազգային փաստաթղթերին հետևելու պատրաստակամության մասին:
Հռչակագրի մեջ ամրագրված որոշ դրույթներ ժամանակին ունեցան և հիմա էլ անկյունաքարային նշանակություն ունեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմամբ անկախություն հռչակելու գործում: Անդրադառնանք դրանցից մի քանիսին, քանի որ հենց դրանց միջոցով է հնարավոր դարձել նոր հայկական պետության ձևավորումը:
«ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ նախքան դրա ընդունումը արցախահայության համահավաք կամքն արտահայտվել է անցկացված հանրաքվեներում և դրա արդյունքում ընդունված իրավական ակտերում, որոնք հիմք են դարձել ժողպատգամավորների կողմից հռչակագրի ընդունման համար, այսինքն` հռչակագիրն ընդհանուր հաշվով ընդունել է ժողովուրդը` ձայնի վերջնական իրավունքը վերապահելով ժողպատգամավորներին, ինչն էլ հիշյալ փաստաթղթին բարձրագույն իրավաբանական ուժ է տալիս: Այս տրամաբանությամբ է շարադրված հռչակագրի 1-ին կետը. «…Արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը»: 1988-1991 թթ. անցկացված հանրաքվեների և շրջանային իշխանության մարմինների որոշումները, դժբախտաբար, չեն պահպանվել, դրանք գտնելու մեր համառ ջանքերն անցել են ապարդյուն, սակայն դրանց մասին վկայում են այդ տարիների մի շարք քաղաքական գործիչներ:
Առանձնակի ուշադրության է արժանի հռչակագրի 1-ին կետի 2-րդ մասում թվարկված այն իրավական արժեքները, որոնց ձգտում է Արցախի ժողովուրդը. ազատություն, անկախություն, իրավահավասարություն և բարիդրացիություն: Իրավական այս արժեքները համարվում են համընդհանուր և իրենց ամրագրումն են ստացել մի շարք միջազգային փաստաթղթերում, մասնավորապես` ԱՄՆ-ի անկախության հռչակագրում (1776 թ.), 1789 թ. Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրում, 1948 թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (նախաբան, կետ 1, հոդված 1, 2, 3, 7, 16), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (նախաբան, կետ 1, հոդված 3, 9, 14, 23, 26) և այլն:
Հռչակագրի 2-րդ կետում նշվում է. «արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920 թթ. պետական անկախության վերականգնման» հռչակումը»: Ամենևին էլ պատահական չէ, որ պետության համար հույժ կարևորություն ներկայացնող այս հռչակագրում է տեղ գտել նման փաստի արձանագրումը:
ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացն Ադրբեջանն իրագործեց Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1991 թ. օգոստոսի 30-ին «Ադրբեջանական հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրի և 1991 թ. հոկտեմբերի 18-ին «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտի ընդունման միջոցով: Նշված սահմանադրական նորմերը հռչակեցին Ադրբեջանին 1918-1920 թթ. գոյություն ունեցող Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության պետաիրավական կարգավիճակի և, հետևաբար, 1918-1920 թթ. սահմանների «վերադարձը», երբ Լեռնային Ղարաբաղը (ինչպես և Նախիջևանը) չէին մտնում Ադրբեջանի կազմի մեջ: Եվ ինչպես արդարացիորեն նկատում է Անդրեյ Արեշևը, «տվյալ փաստաթղթերն ընդունվել են առանց հանրաքվեի անցկացման, այսինքն` առանց հաշվի առնելու ինչպես հանրապետության բնակչության, այնպես էլ ինքնավար կազմավորումների և համահավաք ապրող ազգային խմբերի կարծիքները, ինչը համարվում է ընդունված համաշխարհային պրակտիկա»: Դրանից բացի, կասկածի տակ է նաև ԱդրԽՍՀ-ի Գերագույն խորհրդի կողմից ընդունված հռչակագրի և սահմանադրական ակտի օրինականությունը, քանի որ ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է ԱդրԽՍՀ-ի իրավահաջորդությունից, հետևաբար դրա գոյության ընթացքում պետական մարմնի ընդունած փաստաթուղթը չի կարող իրավական ուժ ունենալ, բայց դա, ինչպես ասում են, հարցի մյուս կողմն է:
Ուշադրության է արժանի իրավական այն նրբերանգը, ըստ որի` Ադրբեջանն ընդունել է ոչ թե անկախության հռչակագիր, այլ պետական անկախության վերականգնման հռչակագիր: Տրամաբանության տիրույթից դուրս է նման քայլի գնալը, քանի որ դա կարելի է դիտել որպես անոմալիա, շեղում միջազգային իրավունքի պրակտիկայից, եզակի դեպք այն իմաստով, որ վերականգնվում է ոչ թե նախորդ պետականությունը, այլ դրանից մոտ 70 տարի առաջ և ընդամենը երկու տարի գոյատևած պետականությունը: Այդ հռչակագրի երկրորդ կետում նշվում է, որ «1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն է ունեցել որպես անկախ, միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն»:
Այստեղ հռչակագրի մակարդակով կատարվել է երկու կեղծիք. նախ` 1918-1920 թթ. գոյություն ունեցած պետականությունը ոչ թե կոչվել է Ադրբեջանի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն, որոնք լիովին տարբեր են: Ի դեպ, 1991 թ. հոկտեմբերի 18-ին «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում նույնպես տրված է այսօրինակ խեղաթյուրված ձևակերպում, ըստ որի` «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»:
Երկրորդ` հազիվ երկու տարի գոյատևած պետության սահմանները չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից: Պրոֆեսոր Ա. Մանասյանն իրավացիորեն նկատում է. «1991 թ. ԱԴՀ պետականության վերականգնման մասին ակտերում Բաքուն պարտավոր էր Ադրբեջանի Հանրապետության սահմաններ հռչակել, քանի որ ԱԴՀ-ն լեգիտիմ սահմաններ չի ունեցել: Բաքուն դա չի արել և ՄԱԿ է ընդունվել առանց հռչակված սահմանների»: Փաստորեն, Ադրբեջանը խնդիրներ ունի նաև 1918-1920 թթ. ԱԴՀ-ի սահմանների հետ կապված, քանի որ նա ճանաչված և հաստատված սահմաններ չի ունեցել, և ըստ այդմ էլ Ազգերի լիգան դե յուրե չի ճանաչել նրա սահմանները: Հաջորդ հիմնահարցը, որը հայկական կողմի հաղթաթղթերից է և, հետևաբար, ադրբեջանական կողմի բացը, իրավահաջորդությունն է: Այստեղ առկա է իրավահաջորդության խափանում, դրա իրավական կապի խզում, ըստ որի` Խորհրդային Ադրբեջանը չի հանդիսանում 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը, իսկ Ադրբեջանի Հանրապետությունն էլ իր հերթին հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց: Ստացվում է, որ մոտ մեկ հարյուրամյակի ընթացքում գոյություն է ունեցել տարբեր կարգերի Ադրբեջան, բայց դրանցից և ոչ մեկը նախորդի իրավահաջորդը չէ, իսկ ավելի ստույգ` յուրաքանչյուրը հրաժարվել է նախորդից: Սա ոչ միայն միջազգային իրավունքում եզակի դեպք է, այլև տրամաբանությունից զուրկ երևույթ, իրավական զավեշտ: ԽՍՀՄ-ի անկախացած մյուս երկրներից ոչ մեկը նման քայլի չի գնացել, իսկ Ադրբեջանի Հանրապետության նման վարվելակերպը մութ էջեր է պարունակում:
Ադրբեջանի Հանրապետության հրաժարումը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց բացատրվում է նաև նրանով, որ դրանով ցանկացել են խուսափել 1988 թ. Սումգայիթի և այլ քաղաքներում իրականացրած ոճրագործությունների համար պատասխանատվությունից, մինչդեռ մոռացել են, որ թե՛ ԱԴՀ-ն, թե՛ ԱդրԽՍՀ-ն իրենց գոյության ընթացքում այնքան հակաօրինական գործողություններ են կատարել հայերի նկատմամբ, որ «խույս տալով մի թակարդից` ընկնում են մյուսը»:
Այսպես. 1920 թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը թուրք-ադրբեջանական զորքերն ու քրդական խմբավորումները Խոսրով-բեկ Սուլթանովի գլխավորությամբ հարձակվեցին Շուշիի վրա և մարտի 23-ի երեկոյան համարյա ամբողջությամբ հրի մատնեցին ու թալանեցին քաղաքի հայկական թաղամասը: Մարտի 23-ին և հաջորդ երկու օրերին քաղաքի բնակչության 2/3-ը կազմող շուրջ 30 հազար հայերից սպանվեց կամ անհայտ կորավ 20 հազար մարդ: Մի շարք փաստաթղթեր վկայում են, որ հայկական բնակչության կոտորածը լավ նախապատրաստված և կազմակերպված էր Ադրբեջանի իշխանության կողմից: Վիճակագրական տվյալներից տեղեկանում ենք, որ 1912 թ. Շուշին ուներ 42400 բնակիչ, որից 61,2 տոկոսը հայեր էին, 1916 թ.` 43869 բնակիչ, որից 21926-ը հայեր էին, 18641-ը` մահմեդականներ, 1249-ը` ռուսներ, իսկ 1920 թ. Շուշիի ցեղասպանությունից մեկ տարի անց` 1921 թ., քաղաքում մնացել էր ընդամենը մոտ 300 հայ:
Եթե ներկայիս ԱՀ-ն իրեն ճանաչել է 1918-1920 թթ. գոյություն ունեցած ԱԴՀ-ի իրավահաջորդը, իսկ վերջինիս գոյության ընթացքում է կատարվել Շուշիի հայկական բնակչության դեմ ցեղասպանությունը, ապա այսօրվա ԱՀ-ն պետք է պատասխանատվություն կրի 1920 թ. մարտի 23-ին Շուշիում ծրագրված ու իրականացված հայկական հերթական ցեղասպանության համար:
Տեղին ենք համարում բարձրացնել մի գուցեև հռետորական հարց. եթե Բաքուն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի ժառանգությունից, նրա իրավահաջորդը լինելուց, ապա ինչու՞ է ցանկանում վերականգնել Խորհրդային Ադրբեջանի սահմանները:
Հռչակագրի 4-րդ կետում ձևակերպվել է այն դրույթը, որով հղում է կատարվում 1990 թ. ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածին: Հռչակագրի այդ կետում մասնավորապես ասվում է. «…Հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին և համահավաք ապրող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը»: Այս դրույթը կարելի է համարել հռչակագրի «կորիզն» այն իմաստով, որ հենց սա է իրավական հիմք հանդիսացել` իրացնելու ինքնորոշման իրավունքը և ստեղծելու նոր պետություն, այս համատեքստում հիմնվելով նաև ԽՍՀՄ Սահմանադրության և միջազգային իրավունքի նորմերի վրա:
Իսկ հռչակագրի 8-րդ կետում հայտնվում է հավատարմություն միջազգային բնույթի փաստաթղթերին և պատրաստակամություն հետևելու դրանց դրույթներին: Նորանկախ ԼՂՀ-ի ազգային իրավական փաստաթղթերի մեջ «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագիրը առաջինն էր, որը հղում արեց 1948 թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և 1966 թ. ընդունված երկու դաշնագրերին: Այդ կապակցությամբ 1992 թ. նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել միանալու Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրերին, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին ու կից կամընտիր արձանագրությանը: Այդ որոշման տեքստը ուղարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին:
Հռչակագրի եզրափակիչ մասում ամրագրվել է մի ուշագրավ միտք, ըստ որի` «մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և օրենքների ընդունումը ԼՂՀ-ի տարածքում գործում են ԽՍՀՄ-ի Սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև ներկայումս գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին և հանրապետության առանձնահատկություններին»: Այդ սկզբունքները նախ և առաջ ազատությունը, անկախությունը, հավասարությունն են, ինչպես նաև այն միջազգային իրավական փաստաթղթերի բովանդակած սկզբունքները, որոնք թվարկված են հռչակագրում: Ի կատարումն հռչակագրի եզրափակիչ մասի այս դրույթի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմը 1991 թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցած 17-րդ նիստում ընդունեց թիվ 4/146 որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնական օրենքի` ԼՂՀ Սահմանադրության մշակման հանձնաժողովի կազմավորման մասին», որի 1-ին կետով ստեղծվել է 15 հոգուց բաղկացած հանձնաժողով, իսկ 2-րդ կետով հանձնաժողովին հանձնարարվել էր 1-ամսյա ժամկետում ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմի քննարկմանը ներկայացնել ԼՂՀ հիմնական օրենքի նախագիծը: Հատկանշականն այն է, որ դեռևս 1991 թ. խոսվում էր ԼՂՀ Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչին, սակայն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ընթացք չտրվեց, և այն վերջապես ընդունվեց 2006 թ. դեկտեմբերի 10-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեի միջոցով:
Եվ հիմնվելով վերոհիշյալ կետերի վրա, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը «հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ներկայիս ԼՂԻՄ-ի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում»:
Այսպիսով, հիմնվելով արխիվային և այլ նյութերի վրա, առաջնորդվելով միջազգային, խորհրդային և ներպետական իրավական ակտերով ու պատմաիրավահամեմատական մեթոդով, կարելի է կատարել հետևյալ ընդհանրացումները.
- Հիշյալ հռչակագրի ընդունումով աշխարհում մտցվեց պետության ստեղծման նոր մոդել: Այդ իսկ նկատառումով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» պետության ստեղծման փիլիսոփայությունը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. սկզբից հռչակվել է պետություն` ընդունելով որոշում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին», այնուհետև ժողպատգամավորների կայացրած որոշումը հաստատվել է համաժողովրդական հանրաքվեով` ժողովրդի կողմից, որից հետո ընտրությունների միջոցով ձևավորվել է օրենսդիր մարմին` Գերագույն խորհուրդ, որն էլ ընդունել է հռչակագիր «ԼՂՀ պետական անկախության մասին»: Դրան հաջորդել են պետական մարմինների ձևավորումն ու կայացումը:
- Նախքան հռչակագրի ընդունումը արցախահայությունն ապրում էր մի հասարակարգում, իսկ հիմա` լիովին այլ, որը բխում է թե՛ ժողովրդի հավաքական կամքից, թե՛ միջազգային իրավունքի պահանջներից և թե՛ 1991 թ. ի վեր ընդունված իրավական փաստաթղթերից:
- Հռչակագիրն իր մեջ կրում է բարձրագույն գաղափարներ, և 20 տարվա հեռավորությունից կարելի է ասել, որ դրանց զգալի մասը կենսագործվել է:
Ավետիք Հարությունյան






Facebook
Tweet This
Email This Post
