Կերակրի սոդայի բուժիչ հատկությունները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 7, 2011 7:00

Մեր սննդի մեջ հատուկ տեղ է գրավում նատրիումի հիդրոկարբոնատը (կերակրի սոդան): Առաջներում այն լայնորեն կիրառվում էր (մյուս հիմքերի նման) ստամոքսահյութի  բարձր թթվայնության , ստամոքսի խոցի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում. սոդան չեզոքացնում է ստամոքսահյութի  աղաթթուն: Սակայն սոդայի կիրառումը միայն  ստամոքսի այրոցքն ու սպասքը փայլեցնելով չի սահմանափակվում:  Այն իր արժանի տեղն  ունի տնային դեղատուփում: Ահա այն դեպքերը, երբ կարելի է հաջողությամբ սոդա կիրառել:

Կարիեսի կանխարգելում. բերանի խոռոչում մանրէների կենսագործունեության հետևանքով  առաջացող թթվայնությունը քայքայում է ատամի էմալը: Այդ թթուները կարելի է չեզոքացնել  բերանը օրական մի քանի անգամ սոդայի լուծույթով ողողելով: Նույն արդյունքը կարելի է ստանալ նաև սոդայի մեջ թաթախած ատամի խոզանակով ատամները մաքրելով: Այն նաև հղկող ազդեցություն ունի,  ինչի շնորհիվ փայլեցնում է ատամները` առանց էմալը վնասելու:

Ոտքերի վատ հոտի դեպքում, ոտքերի համար նախատեսված ջրի մեջ մի քիչ սոդա ավելացնելով, կարող եք մանրէների արտադրած թթուները չեզոքացնել, որոնք ոտքերի տհաճ հոտի մեղավորներն են: Այն արդյունավետ է նաև թևատակերի վատ հոտի դեպքում:

Միջատների խայթոցի դեպքում. կծած տեղերը արյուն բերելու աստիճան քորելու փոխարեն, ավելի լավ է սոդան ջրով  բացել, խյուս պատրաստել  ու կծած տեղերին քսել: Այն կհանգստացնի նաև այլ բնույթի քորերը:

Շփաբորբի դեպքում. սոդայաջրով թրջոցները բարելավում են երեխաների հարված մասերը: Դրանք նվազեցնում են քորն ու արագացնում ապաքինումը:

Ցիստիտ. հիվանդածին մանրէներն ապրում են միզապարկում` թույլ թթվային միջավայրում: Եթե ձեր միզապարկը վարակի զոհ է դարձել, ուրեմն հետճաշյա գերազանց ըմպելիք է  ջրով ու սոդայի խառնուրդով պատրաստված  փրփրան կոկտեյլը:

Արևահարության դեպքում. գոլ ջրով լի վաննայի մեջ մի քիչ սոդա խառնեք, ինչը փափկացնում է ջուրը` վերածելով  այն գրգռված մաշկի համար հանգստացնող թրջոցի:

Կորկորդացավի դեպքում. խառնեք 0,5 թեյի գդալ սոդան մեկ բաժակ ջրի մեջ ու 4 ժամը մեկ ողողեք կոկորդը: Այն չեզոքացնում է թթուն, որը ցավ է առաջացնում: Այս լուծույթով  ողողումը  բերանի խոռոչի բորբոքային պրոցեսը կվերացնի:

Բերանի վատ հոտի դեպքում ջրածնի գերօքսիդի հետ խառնուրդը հզոր  օքսիդացնող հատկություն ունի, որը ոչնչացնում է վատ հոտ առաջացնող  մանրէները: Դրա համար   հարկավոր է մեկ ճաշի գդալ սոդան խառնել մեկ բաժակ ջրածնի գերօքսիդի հետ (2-3%) ու  այդ լուծույթով ողողել բերանը:

Մրսածության դեպքում օգտակար է սոդայով ինհալացիան: Դրա համար հարկավոր է ոչ մեծ թեյնիկում 1 բաժակ ջուր եռացնել 1 թեյի գդալ սոդայի հետ, ապա կոշտ թղթից կամ ստվարաթղթից խողովակ սարքել կամ ձագար, մի կողմը հագցնել թեյնիկի քթին ու 10-15 րոպե ներշնչել գոլորշին: Այս ինհալյացիան նպատակահարմար է խորխի  անջատման համար: Իսկ խորխի դուրսբերման համար օրական 2 անգամ քաղցած ստամոքսին պետք է 1/2  բաժակ   տաք ջուր խմել, որի մեջ կես թեյի գդալ սոդա ու մի պտղունց աղ է լուծված: Քթըմպանի, բերանի խոռոչի, կոկորդաբորբերի,  կոնյուկտիվիտի դեպքում օգտագործում են 0,5 – 2%-անոց սոդայի լուծույթ: Բերանի խոռոչի լորձաթաղանթն ախտազերծելու համար օգտակար է բերանը սոդայի թույլ լուծույթով ողողելը (85 գ սոդա, աղ` նույնքան .  ողողել ուտելուց հետո):

Միգրենի հաճախակի նոպաների ժամանակ պետք է ամեն օր ընդունել սոդայաջրի լուծույթ. առաջին օրը ուտելուց 30 րոպե առաջ 1 բաժակ լուծույթ խմել (0,5գ և ջուր), 2-րդ օրը` 2 բաժակ և այլն, հասցնելով քանակը 7 բաժակի, ապա նվազեցման կարգով կուրսն ավարտել:

Ծխելու դեմ. հարկավոր է բերանի խոռոչը ողողել սոդայաջրով (1 ճաշի գդալ սոդա, 200 մլ ջուր):

Մաշկի չորության ու զանազան մաշկային հիվանդությունների դեպքում (իխտիոզ, փսորիազ) հարկավոր է սոդայաջրով լոգանք ընդունել (սոդա` 35 գ, մագնեզիումի կարբոնատ` 20 գ, մանգանի պերբորատ` 15 գ): Ջրի ջերմաստիճանը պետք է 38-39 աստիճան լինի, ապա աստիճանաբար ավելացնել: Լոգանքի տևողությունը` 15 րոպե:

 

Դիտվել է 15869 անգամ:
Print Friendly

Leave a Reply