Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | September 1, 2011 11:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

-Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Գիտելիքը մեր ժողովրդի և ողջ մարդկության դարավոր փորձառությունն է, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է փոխանցել հաջորդներին: Պարտավոր է փոխանցել անխաթար, հնարավորինս ամբողջական և հարստացրած: Ազգերը պահպանում են իրենց ազգային նկարագիրը, և մարդկությունը պահպանում է իր մարդկային նկարագիրը առաջին հերթին բնական և հոգևոր գիտելիքների փոխանցմամբ: Սա մեր արժեքային համակարգի հարատևության, ինչպես նաև ապագայի և հզորության գրավականն է, քանզի գիտելիքն իսկապես ուժ է:

Ե՛վ ուսուցման, և՛ ուսումնառության գործընթացները բարդ են ու դժվարին: Աշխարհում ոչ մի հասուն մարդ հեշտությամբ լուրջ արդյունքներ չի արձանագրել: Իմ կոչն է թոթափել ամառային արձակուրդների անհոգությունն ու թեթևությունը և տրամադրվել ծանր աշխատանքի:

Այսօր սեպտեմբերի 1-ն է, և լայնորեն բացվում են մեր ուսումնական հաստատությունների դռները: Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար: Այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արգասաբեր ուսումնական տարի:

 

 

Դիտվել է 2283 անգամ:
Print Friendly

Leave a Reply