Մադրիդյան սկզբունքները ստորագրելու դեպքում ՀՅԴ-ն կպահանջի նախագահի հրաժարականը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2009 11:36

mhm43468-copyԹեև օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններում Ղարաբաղի մասին որևէ ուղղակի խոսք չկա,սակայն դաշնակցականները մտահոգություն ունեն, որ Ղարաբաղի հարցում զիջումներ կպարտադրվեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համոզմամբ` այդ մասին վկայում են Թուրքիայի արտգործնախարարի ադրբեջանամետ ելույթները:

Երեկ Արցախի անկախության 18- ամյակին նվիրված ՀՅԴ-ի հանրահավաքի ժամանակ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի արարքները  կարելի է անզգուշություն համարել, ինչն էլ խանգարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

«Հայաստանը զիջման գնաց ցեղասպանությունը որպես նախապայման չներկայացնելով, սակայն Թուրքիան նույնքան բարեհոգի չգտնվեց ու դեռ շարունակում է նախապայմաններ ներկայացնել»-ասաց նա:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ կարծում է, որ արձանագրությունների ստորագրման և Ղարաբաղյան հարցի կարգավորման քննարկումների ակտիվացման ժամետների համընկնումը պատահական չէ. «Եթե ստորագրվեն Մադրիդյան սկզբունքները, ապա մենք կպահանջենք նաև նախագահի հրաժարականը»,- ասաց Ռուստամյանը:

Հովհաննիսյանի խոսքով` իրենք ոչ թե դեմ են սահմանը բացելուն, այլ իրենց համար ընդունելի չեն նման տեսքով արձանագրությունները: «Մենք անհատների հետ խնդիրներ չունենք, եթե նման արձանագրություն լիներ նաև 1-ին կամ 2-րդ նախագահների օրոք, մենք դարձյալ դեմ կլինեինք»-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն էլ ասաց, որ սահմանները բացելուց առաջ պետք է ուշադրություն դարձնենք նաև տնտեսությանը: «Որևէ բանական մարդ չի կարող կողմ լինել փակ սահմաններին, բայց հարկավոր է հաշվի առնել նաև տնտեսական գործոնները. պետք է մի հատ մեր տնտեսությանը նայենք, մի հատ էլ Թուրքիայի»-ասաց նա:

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ արձանագրության մեջ նշված 6 շաբաթյա ժամկետի լրանալու օրը, երբ արձանագրությունները պետք է ներկայացվեն Ազգային ժողովների հաստատմանը, համընկնում է Կարսի պայմանագրի ստորագրման օրվա` հոկտեմբերի 13-ի հետ, ինչի մասին  գրել են նաև թուրքական լրատվամիջոցները:

Երեկ Արցախի անկախության 18-ամյակին նվիրվածՀՅԴ հանրահավաք է տեղի ունեցել նաև ԼՂՀ-ն Հայաստանին միացնող Լաչինի միջանցքում:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply