Մեկնարկում է նոր ուսումնական տարին և ծնողների կրթական ծախսերի նոր շրջանը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 31, 2011 18:11

Սեպտեմբերի մեկին  շուրջ 35 հազար առաջինդասարանցիների համար դպրոցներում կհնչի առաջին զանգը: Մանկական ծիծաղ, ժպիտ, ծաղիկներ, դպրոցական կյանքի առաջին օր. սեպտեմբերի 1-ի այս գեղեցիկ տեսարանների համար, սակայն, ծնողները նախապատրաստվում են բավական երկար:  Այդ է վկայում տոնավաճառներում և խանութներում առկա եռուզեռը:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական ընկերության 10 աշխատակիցներ ուսումնասիրել են գները Երևանի տոնավաճառներում և խանութներում և պարզել, որ  սեպտեմբերի 1-ին առաջինդասարանցուն դպրոց ուղարկելու համար առնվազն հարկավոր է 17 հազար դրամ: Ըստ Ադիբեկյանի`  ամենաէժան դպրոցական պայուսակն արժի 4 հազար դրամ, վերնաշապիկը` հազար դրամ, տաբատը` երկու հազար դրամ, կոշիկը` չորս հազար դրամ և այդպես շարունակ:

Հարցին, թե 17 հազար դրամով գնված իրերը երեխային որքան ժամանակ կծառայեն, Ադիբեկյանը նշում է. «Թանկից էժանը չկա: Բայց մենք ներկայացնում  ենք շուկայում առկա ամենացածր գինը»: Սոցիոլոգը նշում է նաև, որ շարքային հայ ընտանիքներում խնդիր է առաջինդասարանցու համար անգամ նվազագույն ծախս կատարելը. միջին ընտանիքի ամսական բյուջեի կեսը, փաստորեն, պետք է հատկացվի երեխայի սեպտեմբերմեկյան պատրաստությանը:

Ադիբեկյանը դպրոցի համար ենթադրյալ ծախսերի ցուցակում  տեղ է հատկացրել նաև գրասեղանին և բջջայինին, որը ծնողի ֆինանսական բեռը կավելացնի ևս 38 հազար դրամով:

Սոցիոլոգը բացատրում է, որ շատ ծնողներ երեխային բջջայինով են դպրոց ուղարկում` վստահ լինելու համար, որ երեխան ապահով տեղ հասավ. «Վատ է, որ երեխան չունենա այն, ինչ ունեն մյուս հասակակիցները: Դա սթրեսի պատճառ է դառնում ու դասարանում շերտավորման սկիզբ դնում»:

Դպրոցական ծախսերից սարսափած ծնողների մխիթարանքն այն է, որ տարրական` 1-4-րդ դասարաններում գրքերը երեխաներին անվճար են հատկացվում: Բացառություն են միայն օտար լեզվի և երգեցողության դասագրքերը: Իսկ դպրոցական աշխատանքային տետրերը, որոնք հաճախ ավելի բարձր գին ունեն, քան դասագրքերը, պարտադիր չեն: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ աշխատանքային տետրերը չեն կարող պարտադրվել աշակերտին: Ուսուցիչը պետք է տետրերը կիրառելու հարցը քննարկի ծնողների հետ և մեծամասնության համաձայնությունը ստանալուց հետո միայն սկսի աշխատել դրանցով: Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ տետրերից հրաժարվելը չի կարող երեխայի ցածր գնահատականի պատճառ դառնալ: Իսկ դպրոցներում աշխատանքային տետրերը պարտադրելու դեպքերի մասին առաջարկում է տեղյակ պահել նախարարությանը:

Աշակերտներին դպրոցներում նաև անակնկալ է սպասում. բոլորին կնվիրեն օրագրեր` հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված թեմատիկայով:

Սեպտեմբերի 1-ը սովորականից մի փոքր կտարբերվի հանրապետության 107 ավագ դպրոցներում, որտեղ  առաջինդասարանցիներ ոտք չեն դնի, ուսումնական տարվա առաջին զանգն էլ կհնչի  միայն բարձր դասարանցիների համար:

2008-ից մեկնարկած ավագ դպրոցների ստեղծման գործընթացն ավարտվել է, այս ուսումնական տարվա ավարտին էլ ավագ դպրոցը կունենա առաջին շրջանավարտները:

Ստեղծվել են 107 ավագ դպրոցներ, իսկ այն բնակավայրերում, որտեղ միայն մեկ դպրոց կա, այն կունենա 1-12-րդ դասարաններ:

Նախատեսվում է, որ 12-րդ դասարանցիների կիսամյակային գնահատականները կնշանակվեն դեկտեմբերին, իսկ հունվարից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում աշակերտները կուսումնասիրեն քննական շտեմարանները, բացի այդ, 2-րդ կիսամյակում դասաժամեր կհատկացվեն միայն վեց քննական առարկաներին և ինֆորմատիկային:

«Ուզում ենք, որ աշակերտներն այլևս լրացուցիչ պարապմունքների չգնան,- ասում է Հովհաննիսյանը` նշելով, որ  արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է,- իսկ առայժմ բարձր դասարաններում նվազել են բացակայությունները»:

Հովհաննիսյանը համարում է նաև, որ կոտրվել է այն կարծրատիպը, թե երեխաները չեն կարողանա նոր միջավայրում անծանոթ աշակերտների հետ սովորել: Սրան հակառակ` այն բնակավայրերում, որտեղ այս տարի է միայն ավագ դպրոց ստեղծվել, ծնողները երկընտրանքի առջև են կանգնած: «Աղջիկս բուհում չի սովորելու, մտադիր էի դպրոցն ավարտելուց հետո ուղարկել վարսավիրություն սովորելու: Հիմա մտածում եմ` եթե պիտի նոր միջավայրի հարմարվի նոր դպրոցում, միանգամից թող քոլեջ գնա, մյուս կողմից էլ չեմ ուզում, որ աղջիկս շուտ հասուն կյանք մտնի, դժվար ընտրության առջև եմ կանգնած»,- ասում է տիկին Կարինեն, որի 15-ամյա դուստրը դեռ չգիտի, թե ուր է գնալու  սեպտեմբերի 1-ին:

Մարզային քաղաքներում հաճախ  երեխաների համար խնդրահարույց է նաև ավագ դպրոցների հեռավորությունը: Նման իրավիճակի առջև են կանգնել, օրինակ, Մարտունի քաղաքի Վանքի թաղ կոչվող տարածքի բնակիչները: «Երեխաս ամեն օր առնվազն մեկ ժամ պետք է քայլի, որ դպրոց հասնի, նույնքան էլ քայլի` տուն հասնելու համար: Տաք եղանակին դեռ տանելի է այդքան քայլելը, բայց ձմռանը էդ ցրտին չմաքրված ճանապարհներով երեխան ո՞նց պիտի դպրոց գնա, չեմ պատկերացնում»,- ասում է տիկին Աննան:

Մարտունիում, որտեղ ներքաղաքային տրանսպորտ չկա, խնդրի միակ լուծումը սեփական մեքնա ունենալն է կամ տաքսիով դպրոց հասնելը, ինչը թանկ հաճույք է ամեն օրվա կիրառության դեպքում: «Ի՞նչ է, երեխաս դպրոցը չավարտի՞ հեռավորության պատճառով: Ո՞ր դարում ենք ապրում»,- ասում է տիկին Աննան:

Մինչ ծնողները երկմտում են և լուծում փնտրում առաջացած խնդիրներին, ուսումնական տարվա մեկնարկը տրված է:

 

 

Դիտվել է 1886 անգամ:
Print Friendly

Leave a Reply