Նորակառույց անմարդաբնակ շենքերը դառնում են ազգային անվտանգության խնդիր. բնապահպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2011 15:25

«Ճարտարապետների միության ակտիվը դեմ է փոքր Կենտրոնում հյուրանոցի կառուցմանը։ Բոլորովին հասկանալի չէ, թե ինչ քմահաճույք է հենց այդ տեղում կառուցել հյուրանոց։ Ես կտրուկ դեմ եմ, և դա քաղաքաշինական սխալ է»,- այսօր ասուլիսում նշեց ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը՝ խոսելով Հանրապետության Հրապարակում հյուրանոցի կառուցման հետևանքով փոքր Կենտրոնին սպասվող խտացման վտանգի մասին։ «Դա նաև հավելյալ ծանրաբեռնելու է երթևեկությունը։ Մեկ կանաչ տարածքում են կառուցում հյուրանոց, մեկ հրապարակում՝ սխալ, սխալի հետևից»,- ասաց նա։

«Կենտրոնում արդեն գործում է 17 հյուրանոց. ևս երեք-չորսի կառուցումն արդեն նախատեսվում է»,- հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ «Ռաժոկով մտցրած շենքեր են։ Եթե մի փոքր տարածք կա շենքերի բակում, ուրեմն այդտեղ անպայման շենք են ուզում կանգնեցնել»,- նշեց նա։ Բնապահպանը նկատեց, որ մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը պաշտոնից հրաժարական տվեց միայն այն պատճառով, որ դեմ էր քաղաքաշինական նման շահադիտական նորմերին։

Կարինե Դանիելյանը նշեց, որ նման քաղաքականության արդյունքում սեյսմիկ ռիսկերն են մեծանում, քաղաքի պատմամշակութային տեսքն է աղավաղվում, մարդկանց առողջությունն է վնասվում։ «Բակերում, որ կառուցապատումն անում են, ուղղակի կռունկը գալիս-մտնում է մարդկանց տները՝ արդեն էլ ասեղ գցելու տեղ չկա, բայց էլի խցկում են ու խցկում։ Տեսեք՝ ինչքան խցանումներ կան, այդ կառույցն [հյուրանոցը] իր հետ ինչքան մեքենաներ է բերելու։ Ես մետրոյին ոչ էդքան մոտ շենք տեսել եմ Բրյուսելում. վերջը ստիպված եղան այն էվակուացնել, չնայած այն էդքան մոտ չէր, ինչքան հիմա սա է նախատեսվում»,- ասաց նա։

Ըստ բնապահպանի՝ նորակառույց անմարդաբնակ շենքերը դառնում են ազգային անվտանգության խնդիր։ «Նպատակը ի՞նչ է, ո՞ւմ համար են նախատեսվում այդքան շենքերը։ Ես ձեզ ասեմ. Պարսկաստանում հեռուստագովազդով հրավիրում են գալ և գնել Երևանի կենտրոնի բնակարանները։ Դա արդեն ազգային անվտանգության խնդիր է»,- նշեց նա։

Ըստ Դանիելյանի՝ ճարտարապետական նախագծերը մշակելիս ոչ փողոցների ծանրաբեռնվածությունն է հաշվարկվում, ոչ՝ կոմունիկացիաները։ «Ըստ գեոլոգների հոդվածների՝ շատ վտանգավոր է մտնել էդ ստորգետնյա ավոտկայանատեղիները»,- ասաց նա։

Tert.am

 

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply