Նոր ուսումնական տարվա առաջին տասնօրյակը` «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2011 14:48

«Ուշադրություն, երեխաներ են». դարձյալ այս կարգախոսն է ընտրված նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության կազմակերպած տասնօրյակի համար: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, այս տարի եւս ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հատուկ գրաֆիկով են աշխատելու’ դժբախտ պատահարները հնարավորինս բացառելու համար:

Ն. Սարգսյանը ծնողներին հորդորեց հույժ ուշադիր լինել իրենց երեխաների նկատմամբ: Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորելով բոլոր աշակերտներին, ուսանողներին, ծնողներին եւ ուսուցիչներին’ ոստիկանության գնդապետը ցանկացավ նոր ձեռքբերումներ, հաջողություններ եւ անվտանգ երթեւեկություն: Ն. Սարգսյանի խոսքով’ թեեւ նշվում է տասնօրյակ, իրականում իրենց աշխատանքները շարունակական են լինելու. ոստիկանները մշտապես իրենց ուշադրության ներքո են պահելու դպրոցների հարակից տարածքները:

«Փորձենք այս տարին ուշագրավ դարձնել նրանով, որ կարողանանք տասնօրյակն ավարտել առանց դժբախտ պատահարների’ մանկահասակ երեխաների մասնակցությամբ»,- ասաց Ն. Սարգսյանը’ ծնողներին խնդրելով եւ պահանջելով մեքենան չհանձնել վարորդական իրավունք չունեցող անչափահաս զավակներին’ պատահարներից խուսափելու համար, իսկ վարորդներին նա կոչ արեց ղեկին առավել ուշադիր լինել:

Նախորդ տարի ընդհանուր հաշվով գրանցվել է 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 6-ը’ մանկահասակ երեխաների մասնակցությամբ: Պատահարների հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել’ 6 երեխա: «Թող այս ուսումնական տարում ոչ մի ընտանիք չդժբախտանա ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով»,-մաղթեց Ն. Սարգսյանը’ հիշեցնելով, որ ոչ ոք ապահովագրված չէ պատահարից եւ կոչ անելով առավելագույնս ուշադիր լինել:

 

Արմենպրես

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply