Երիտասարդ գիտնականները բանակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 31, 2011 13:57

Օգոստոսի 16-20-ը գիտության մի խումբ թեկնածուներ սեփական նախաձեռնությամբ որոշեցին մի քանի օրով զինվորական ծառայություն անցնել բանակում, քանի որ զինվորական գործի մասին տարրական պատկերացում չունեն:

Որոշման մտահղացումը «Արմակադ» ցանցի ղեկավար Խաչիկ Գևորգյանինն էր, որ այդ մտահոգությունն արտահայտել էր Ֆեյսբուքի հանրագրի (ստատուս) միջոցով: «Ես հարցին մոտենում եմ շատ պրագմատիկ ձևով,- «Անկախին» ասում է Գևորգյանը,- եթե հանկարծ այնպես ստացվի, որ պատերազմ սկսվի ու ինձ բանակ տանեն, զինվորական գիտելիքի իսպառ բացակայության պատճառով ես կհայտնվեմ շատ վատ վիճակում»:

Հայաստանում այսօր մոտ 5000 գիտական տարբեր աստիճաններ ունեցող գիտնականներ կան, որոնց մեծ մասը չի ծառայել բանակում, սակայն պատերազմական իրավիճակ լինելու դեպքում բոլորն էլ զորակոչվելու են:

Գևորգյանի մտահոգությանն արձագանքել է մոտ 25 գիտության թեկնածու, ի վերջո, հավաքվել է 16 հոգի: Նրանք պաշտոնական նամակով դիմել են պաշտպանության նախարարություն, որտեղից էլ հատուկ հանձնարարականով մեկնել են բանակ: Նախաձեռնությունը եղել է միմիայն կամավորական հիմունքներով:

Երիտասարդ գիտնականները երեք օր մնացել են զինվորական ստորաբաժանումում և ապրել են զինվորի կյանքով. ժամը 6.30 շարային քայլ, զինվորական ճաշ և այլն: «Մենք գնացինք խրամատներ, կրակեցինք տարբեր զենքերից, ինչպես նաև ծանոթացանք դիրքերի պաշտպանության տարրական կանոներին»,- ասում է  Գևորգյանը: Ըստ նրա` այս ձևով ամրապնդվում է բանակի և հասարակության միջև կապը, որովհետև շատերը պատկերացում չունեն բանակի մասին. «Մեզ մոտ վերջերս շատ է գրվում բանակի բացասական կողմերի մասին, սակայն այնտեղ դրական բաներ էլ կան, որոնց մասին չենք իմանում»:

Գևորգյանին զարմացրել է սպայական կազմի բանիմացությունը, ինչպես նաև նորակոչիկ զինվորների տեղեկացվածության մակարդակը զինվորական գործից: «Ընդամենը մի քանի ամիս ծառայած մի զինվոր շատ լավ բացատրում էր տանկի կառուցվածքը,- ասում է նա,- ու ես զարմացած էի նրա գիտելիքների վրա: Հնարավոր է, որ կոնկրետ այդ ստորաբաժանումը չի արտացոլում բանակի պատկերը, սակայն այն, ինչ տեսել ենք, եղել է միայն լավը»:

Գևորգյանն ասում է, որ սա պիլոտային ծրագիր է, և ծրագրի շարունակականությունն ապահովելու մտադրություն կա, որպեսզի բոլոր այդ 5000 թեկնածուներն անցնեն զինվորական դասընթացներ: «Ուզում ենք 2-3 տարի շարունակ` տարին 2-5 օրով կազմակերպել, որպեսզի բանակում չծառայած մարդիկ  զինվորական գործի մասին կարողանան տարրական գիտելիքներ ստանալ,- ասում է նա,- հնարավոր է` առաջարկենք, որ ցանկության դեպքում կանայք նույնպես այդպիսի ծառայություն անցնեն»:

 

Դիտվել է 1888 անգամ:
Print Friendly

Leave a Reply