ՀՀ-ում Վրաստանի դեսպանը կկազմակերպի ՀՀ և Վրաստանի գյուղնախարարների հանդիպում
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | August 31, 2011 11:04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ – ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով հանդիպման ընթացքում հետարքրվել է մեր երկրում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերով, հնարավոր համագործակցությամբ: Սերգո Կարապետյանը, խոսելով ոլորտում առկա ներկա իրավիճակի մասին, դեսպանին տեղեկացրել է, որ կառավարության գործադրած ջանքերի ու համեմատաբար բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում գյուղատնեսական տարին կարելի է համարել բարեհաջող:Ստացված բերքի ցուցանիշները հնարավորություն են տվել արտահանելու բերքը:Արդեն իսկ մթերվել է զգալի քանակությամբ պտուղ-բանջարեղեն, իսկ ցորենի բերքի ծավալները նախորդ տարվա համեմատ էականորեն մեծացել են:
«Հայաստանը հնարավորություն ունի դեպի Վրաստան ևս արտահանել պտուղ- բանջարեղեն, գյուղատնտեսական այլ մթերքներ: Մենք կարող ենք համագործակցել բոլոր ոլորտներում, ինչպես, օրինակ, անասնապահության, սերմնաբուծության, վերամշակման ճյուղերում:Լավ ավանդույթներով ու ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող պահածոների գոծարաններ ու վերամշակող ձեռնարկություններ ունենք:Վրաստանի դեպքում կարող ենք մատնանշել գինեգործության ոլորտը:Երկար տարիներ հաջողությամբ համագործակցել ենք:Նախորդ երկու տարիներին գյուղատնտեսական որոշ մթերքների հետ կաված արտահանման խնդիրներ եղան: Հուսով ենք, որ այս տարի նմանատիպ խնդիրներ չեն առաջանա» – նշել է նախարար Սերգո Կարապետյանը` անդրադառնալով նաև հայկական ներդրումներին Վրաստանում: «Մենք պատրաստակամ ենք նաև աջակցելու, որպեսզի մեր երկրում ևս օտարերկրյա ներդրումներ իրականացվեն` այդ թվում վրացական», – հավելել է գյուղատնտեսության նախարարը: Ինչպես իր հերթին տեղեկացրել է դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, Վրաստանը պատրաստվում է Հայաստան ներկրել եգիպտացորեն:
«Համագործակցության առումով, ինչպես տեսնում եմ, կան շատ ճյուղեր, որտեղ Հայաստանի գրանցած առաջընթացն ու փորձը կարող է օրինակելի լինել Վրաստանի համար: Պետք է արձանագրել, որ Վրաստանի համեմաությամբ Հայաստան ունի բավական զարգացած գյուղատնտեսություն, և դինամիկ առաջընթաց է նկատվում բոլոր ճյուղերում` հատկապես պտուղ – բանջարեղենի վերամշակման, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության մեջ», – նկատել է Վրաստանի դեսպանը:
Ինչ վերաբերում է համագործակցության ընդլայնմանն, ապա Թենգիզ Շարմանաշվիլին, ինչպես հաղորդում են Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել երկու երկների գյուղատնտեսության նախարարների հանդիպում, ինչին դրական է աձագանքել Սերգո Կարապետյանը:






Facebook
Tweet This
Email This Post
