Երեւանում մեկնարկեց ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | August 30, 2011 21:00

Օգոստոսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հավաքը:

Խորհրդակցությանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրային ելույթով հանդես եկավ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Պետության ղեկավարը անդրադարձավ միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներին:

Սերժ Սարգսյանը, խոսելով այս տարի նշվող ամենակարեւոր հոբելյանի` Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի մասին, ասաց, որ իր քսանամյակն է տոնում նաեւ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, եւ այդ ենթատեքստում Հանրապետության Նախագահը անդրադարձավ արտաքին քաղաքական գերատեսչության անցած ուղուն:

«Մենք պատվով ենք բռնել ժամանակի քննությունը: Դիմակայել ենք բազում ճնշումների ու մարտահրավերների, որոնք հաճախ բխել են արտաքին քաղաքական միջավայրի եւ միջազգային իրադրության փոփոխություններից, երբեմն նաեւ մեր իսկ բացթողումներից: Այո՛, մենք հաղթահարել ենք այդ ճնշումներն ու մարտահրավերները՝ չվտանգելով մեր անկախությունն ու մեր անվտանգությունը, մեր ինքնիշխանությունն ու մեր ձեռքբերումները: Ավելին, այդ ճնշումներից դուրս ենք եկել կոփված՝ աշխարհին ներկայանալով որպես վստահելի գործընկեր, որի խոսքն ու գործը չեն տարբերվում, որը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության իր բաժինը երբեք չի փորձում դնել ուրիշի ուսերին:

Մեր առջեւ դրված շատ խնդիրներ դեռեւս լուծված չեն: Սակայն ես համոզված եմ, որ մեր դիվանագիտությունը, ի վերջո, հաջողությամբ է ավարտելու մեր հաղթանակներով սկսած գործը»,- ասաց նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին, տարբեր երկրների եւ կազմակերպությունների հետ մեր երկրի համագործակցության ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին, մի շարք ոլորտներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնողական աշխատանքի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին, նաեւ սփյուռքի հետ աշխատանքին:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ Նախագահն ասել է. «Ցանկանում եմ, որ դուք` մեր անկախ պետության դիվանագիտության շարժիչ ուժը, զգաք ձեզ ավելի վստահ, ավյունով լի, եռանդուն եւ նպատակասլաց, պատրաստ նոր դիվանագիտական մարտերի եւ հաղթանակների»:

ՀՀ Նախագահը պատասխանեց խորհրդակցության մասնակիցների հարցերին:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարեւորեց դեսպանահավաքի երկօրյա քննարկումների ընթացքում Հանրապետության Նախագահի կողմից դրված խնդիրների եւ տրված հանձնարարականների իրականացման ուղիների նախանշումը: Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի կողմից երկկողմ եւ բազմակողմ հարթություններում ձեռնարկվող դիվանագիտական քայլերին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում մեր երկրի ներգրավվածությանը, խորհրդարանական եւ մշակութային դիվանագիտությանը, Արտաքին գործերի նախարարության եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, դիվանագիտական ծառայության համար կադրերի պատրաստմանն առնչվող հարցերին:

Նույն օրը դեսպանաժողովին ելույթ ունեցավ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ներկայացրեց Հայաստանի խորհրդարանի միջազգային գործունեությունը, միջխորհրդարանական կապերը, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում ԱԺ պատվիրակությունների գործունեությունը, անդրադարձավ ԱԺ եւ ԱԳՆ համագործակցության հարցերին: ԱԺ նախագահի ելույթից հետո խորհրդարանի պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանի, Արմեն Ռուստամյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման շուրջ:

Հանդիպման հաջորդ բանախոսն էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հայեցակարգը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու նպատակով ձեռնարկվող քայլերը, ՀՀ Կառավարության կողմից իրականացվող տնտեսական, հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխումները, գործարար միջավայրի բարելավման եւ օտարերկրյա ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Դեսպանների խորհրդակցությանը ելույթ ունեցավ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը: Իր ելույթում ԱԱԾ ղեկավարը անդրադարձավ երկրի անվտանգության ապահովման գործում ԱԳՆ-ԱԱԾ համագործակցությանը:

Հայաստան-Սփյուռք համագործակցության, համահայկական միջոցառումներին, տարբեր երկրներում հայ համայնքային կառույցների հետ աշխատանքին,  հայագիտության եւ հայապահպանման բնագավառներում իրականացվող աշխատանքներին, Սփյուռքի նախարարության նախաձեռնություններին եւ ծրագրերին, ԱԳՆ եւ Սփյուռքի նախարարության միջեւ փոխգործակցությանն անդրադարձ եղավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթում եւ դրան հաջորդած քննարկումներում:

Դեսպանահավաքի հաջորդ բանախոսը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էր, ով խոսեց արտերկրի հետ մշակութային կապերի ամրապնդմանը եւ զարգացմանն ուղղված գործունեության, Երեւանը՝ 2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով նախատեսվող միջոցառումների, հայկական տպագրության 500-ամյակի միջոցառումների կազմակերպման,  մշակութային օրերի եւ շաբաթների կազմակերպման գործում ԱԳՆ-ի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցության մասին:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, Ցեղասպանության 100-ամյակի կազմակերպման պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները:

Օգոստոսի 31-ին դեսպանաժողովը կշարունակի աշխատանքները:

 

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply