Լեռնային Ղարաբաղում համաներում է հայտարարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2011 19:31

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը երեքշաբթի օրը նախագահ Բակո Սահակյանի առաջարկությամբ համաներման մասին որոշում է ընդունել անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Անկախության հռչակման օրվանից մինչ այսօր այս համաներումը ԼՂ-ում թվով վեցերորդն է:

Ինչպես նշել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը, այս համաներմամբ ազատ են արձակվելու ազատազրկման մեջ գտնվող անձանց մոտ 20 տոկոսը եւ ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված բոլոր անձինք: Սակայն պաշտոնական Ստեփանակերտը հրաժարվում է բացահայտել, թե ընդհանուր առմամբ այս պահին քանի կալանավոր կա ԼՂ-ում` պատճառաբանելով, թե այդ թիվը երբեք չի հրապարակվել:

«Կարճվելու են նաեւ որոշակի քրեական կամ դատական գործեր կամ գերակա նյութեր, դրանք հիմնականում կազմում են առկա քրեական կամ դատական գործերի 60-80 տոկոսը»,- հայտարարել է Լազարյանը:

Ըստ որոշման` համաներումը կտարածվի մինչեւ 3 տարի ազատազրկման դատապարտված անձանց վրա, մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամների, մինչեւ 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձանց, 60 տարին լրացած անձանց, ղարաբաղյան պատերազմի մասնակիցների եւ պատերազմական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատների եւ այն անձանց վրա, որոնց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Համաներումը չի տարածվի մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ կատարած, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա: Դրանք են սպանության, ավազակության, բռնաբարության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտվածները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Դիտվել է 1964 անգամ:
Print Friendly

Leave a Reply