«Ամենակարևոր հարցը` ո՞ւր կորան այդ գույքի տերերը». Լ. Շիրինյան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 30, 2011 16:36

Վերջին օրերին միջազգային ու տեղական մամուլը լի է Էրդողանի` 1936 թվականից հետո թուրքական պետությանն անցած քրիստոնեական համայնքներին պատկանող գույքը վերադարձնելու հայտարարության մասին տեղեկություններով:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շտապեց հաղորդագրություն տարածել, որտեղ Անկարայի այս քայլը դիտարկեց` իբրև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  Թուրքիայի կրած զգալի կորուստների և  ԱՄՆ Կոնգրեսի կողմից քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայում իրականացված ճնշումները բացահայտելու հետևանք: Հայ դատի հանձնախմբի ուսումնասիրությունների համաձայն, եթե անգամ Թուրքիան իրականացնի այդ որոշումը, ապա դրանով կփոխհատուցի Հայոց ցեղասպանության և դրան հաջորդած տասնամյակների ընթացքում բռնագրավված հայկական ունեցվածքի մեկ տոկոսից էլ պակասը:

Հայաստանում մասնագետները ևս ոգևորված չեն այդ հայտարարությամբ. «Սա ավանդական թուրքական քաղաքականություն է, որից ակնկալիքներ չպետք է ունենալ»,-օգոստոսի 30-ին «Արմատ» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը` կոչ անելով զուր հույսեր չփայփայել դրա հետ, քանի որ Թուրքիայի նպատակը մենկ է` աշխարհով մեկ աղմուկ բարձրացնել, բայց ոչինչ չանել:

«Հայկական հարցում Թուրքիան միշտ հավատարիմ է Քեմալի սկզբունքին` ոչ մի զիջում հայկական հարցում,-ասաց Շիրինյանը` ընդգծելով, որ Թուրքիայի քաղաքական պատմությունը Լոզանի պայմանագրի մշտական խախտման պատմությունն է:

Նրա կարծիքով, ոչ թե պետք է ոգևորվել Թուրքիայի նման հայտարարություններով, այլ առաջ քաշել Թուրքիայի «Լքյալ գույքի մասին» օրենքը չեղյալ հայտարարելու պահանջը. «Քանի դեռ այդ օրենքը գործում է, մենք ոչինչ ստանալ չենք կարող»,-համոզված է թուրքագետը:

Նշենք, որ Թուրքիայում 1916 թվականին ընդունված այդ օրենքով սահմանվեց, որ եթե գույքի տերերը չկան, ապա գույքն անցնում է պետությանը. «Մենք պետք է առաջ քաշենք ամենակարևոր հարցը` ո՞ւր կորան այդ գույքի տերերը: Սա այն հարցն է, որից ամենաշատն է վախենում ու խուսափում Թուրքիան»,-կարծում է Շիրինյանը:

Թուրքագետի նաև կարծում է, որ այս քայլը հերթական փորձն է` շեղելու հանրության ուշադրությունը ցեղասպանության, արցախյան հարցերից.  «Մեր մի թիզ հողն ավելին արժե, քան Թուրքիայի այդ բոլոր քայլերը միասին»,-գտնում է նա:

Շիրինյանը մեջբերում է ազգային գործիչ, զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերը. «Թուրքի ծուռ մաշիկը շտկելու փոխարեն պետք է ոտքը շտկել»:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն էլ հարցին հետևյալ գնահատականն է տալիս. «Սա Թուրքիայի կողմից իրականացվող PR ակցիա է, ինչը շատ է սիրում անել Էրդողանը: Բացի այդ, ամեն աշուն Եվրախորհրդարանում քննարկվում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հարցը, որտեղ Թուրքիային լրջորեն քննադատում են: Իսկ իմ դիտարկմամբ, սրանով Թուրքիայի ղեկավարությունը փորձում է շահել ստանբուլահայ համայնքի համակրանքը և կտրել նրան Սփյուռքից»,-ասում է Հովհաննիսյանը:

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ եթե օրենքն ընդունվի, ապա դրական բան ևս կարելի է տեսնել.  «Հայության ընդհանուր տեսանկյունից սա չնչին քայլ է, քանի որ այն ունեզրկումը, այն կորուստները, որ տեղի են ունեցել Թուրքիայում տարիներ շարունակ` հատկապես Ցեղասպանության ընթացքում, հսկայական են, սակայն ստանբուլահայության տեսանկյունից` շատ փոքր, բայց դրական քայլ է»:

Թուրքիայի «Ակոս» թերթի աշխատակից Սարգիս Սերոբյանը կարծիք էր հայտնել, թե իրենք Թուրքիայի կառավարության կողմից այս պահին նման քայլ բոլորովին չէին սպասում. «Եթե դա իրականանա, նյութական բավական մեծ օգուտներ կունենանք մենք, մանավանդ հույները, որոնցից գրավված կալվածքները մեզանից տասնապատիկ անգամ ավելին են»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 150 հրեական ու քրիստոնեական ֆոնդերի ղեկավարներին հայտնել էր , թե փոխհատուցելու է  այն սեփականության դիմաց, որ նրանք ստիպված են եղել իջեցված գներով վաճառել. «Անցել են այն ժամանակները, երբ քաղաքացիները ճնշման էին ենթարկվում իրենց կրոնական պատկանելության, ծագման ու կենսակերպի համար»,-հայտարարել էր Էրդողանը:

Հրեաները ևս հավանության են արժանացրել Անկարայի այդ քայլը, քանի որ հույս ունեն վերադարձնել միլիոնավոր դոլարներ ու ոսկի:

 

 

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply