Կարմիր գրքում գրանցված կենդանիները լավ խորովածի միս են հիշեցնում

Օրվա լուր | | June 5, 2009 19:44

dscn0390-2Հայկական բնաշխարհում այսօր մնացել է 5-7 հատ կովկասյան ընձառյուծ և 200-250 մուֆլոն: Այս երկու կենդանատեսակներն էլ գրանցված են 1988-89 թթ. կազմված Կարմիր գրքում, ըստ որի` 99 կենդանատեսակ ոչնչացման եզրին է: (Շուտով լույս կտեսնի 2009 թ. Կարմիր գրքի նոր հրատարակությունը, որում ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների թիվը կարող է հասնել 300-ի)

Այսօր Մոսկվա կինոթատրոնում 1-ին անգամ ցուցադրված «Որսագողություն» ֆիլմը, որը նկարահանել է «ArtSight» ստուդիան Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, ահազանգ էր Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ:

«Ցավոք, ֆիլմը բնության մեջ մեր նվաճումների մասին չէ,-ասաց ստուդիայի տնօրեն և ֆիլմի պրոդյուսեր Արզուման Հարությունյանը,-Այն վայրի բնության նկատմամբ վայրենի ու սպառողական վերաբերմունքի մասին է»:

Ֆիլմում հավաքված փորձագետների, հկ-ների ներկայացուցիչների մտահոգ դեմքերն անտեղի չեն. նրանք վախենում են, որ որսորդների` կենդանիներին ուղղված գնդակը մի օր դեպի մեր, այդ թվում` որսագողերի երեխաներին է շուռ գալու:

«Այսօր Հայաստանում 25 000 որսորդ կա, որոնց մեծ մասը չի հետևում որսի կանոններին,-ֆիլմում ասում է հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը,-Կենդանիներն այլևս պատսպարվելու տեղ էլ չունեն»:

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ, ով ժամանակին եղել է նաև բնապահպանության նախարար, ասում է, թե մեզանում չկա այն հասկացությունը, որ ամենամեծ հարստությունը մեր բնությունն է:

ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանն էլ ֆիլմում հիշում է, թե Ջերմուկում կենդանիներին նայող մարդիկ ինչ բացականչությամբ էին արտահայտում հիացմունքը.

«Մի մասն ասում էր` ի~նչ հրաշք է, մյուս` ավելի մեծ մասը` ի~նչ լավ խորոված կլինի»,-հիշում է Ղասաբյանն ու համապատասխան դատողություններ անում:

Իսկ Կարինե Դանիելյանն էլ հռետորական հարցով ավարտում է խոսքը. «Մենք պիտի հասկանանք ի վերջո` ես ուժես մարդ եմ, որովհետև կարող եմ կենդանի՞ սպանել, թե՞ որ կարող եմ կենդանի պահպանել»:

Դիտվել է 2450 անգամ:
Print Friendly

Leave a Reply