Ծաղկաձորյան համաժողով. գիտնականները վերսկսել են պայքարը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 30, 2011 13:02

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»  նախաձեռնության անդամների հետ: Այդ մասին նախագահը հայտարարեց օգոստոսի 26-28-ը Ծաղկաձորում կազմակերպված գիտաժողովի ընթացքում, երբ լսեց գիտնականների առաջ քաշած խնդիրները:

Գիտնականները պահանջում են ավելացնել գիտությանը տրվող ֆինանսավորումը մինչև ՀՆԱ-ի 3 տոկոս` նշելով, որ դա պետության անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն շեմն է: Ներկայումս այն կազմում է ՀՆԱ-ի 0.24 տոկոսը:

Գիտաժողովին մասնակցելու էին հրավիրվել ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի ներկայացուցիչ Լևոն Մարդոյանը, բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արտյուշա Ղուկասյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող Արմեն Գալստյանը, որը նախաձեռնության հայտարարած մրցույթում արժանացել է 120 հազար դրամ խրախուսավճարի օրգանական քիմիայի (0,6 ԱԳ ունեցող) ամսագրում երկու հոդված տպագրելու համար, իր վրդովմունքն է հայտնում գիտության նկատմամբ եղած վերաբերմունքի առնչությամբ:  «Քիմիան շատ ծախսատար գիտություն է, մի փորձի համար անհրաժեշտ նյութի 5 գրամն արժե 2000 դոլարի կարգի գումար, իսկ  փորձի վերարտադրության համար նվազագույն քանակը 10 գրամ է,- ասում է նա,- որտեղի՞ց այդպիսի գումարներ»:

Երիտասարդ գիտնականը մատնացույց է անում մեկ ուրիշ խնդիր. սարքավորումների պակասությունը օրգանական նյութեր սինթեզելու համար: «Բացի այդ, դաշտում աշխատող մեծահասակ գիտնականները, կառչելով իրենց աթոռից և չիմանալով իրենց ապագան, տեղը չեն զիջում երիտասարդներին և հիմնականում խոչընդոտում են նրանց աճը,- ասում է Գալստյանը,- իսկ երիտասարդներն էլ, որոնք այստեղ զարգանալու ճանապարհ չեն տեսնում, գնում են այստեղից»: Նրա ընկերներից մեկը ոչ շատ վաղուց սկսել է աշխատել Նոտրդամի համալսարանում և ամսական ստանում է 2000-3000 դոլար աշխատավարձ:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն «Անկախին» ասաց, որ իրենց խմբակցությունը խորհրդարանական աշխատանքներում հետևողականորեն ներկայացնում է գիտությանը վերաբերող խնդիրները: «Սակայն խորհրդարանական այլ ուժեր քվեարկությունների ժամանակ խանգարում են դրանց ընդունմանը և այսօր`ընտրությունների նախաշեմին, հանդես են գալիս իբրև գիտության ջատագովներ,- ասում է նա,- մեր կուսակցության ծրագրում գիտությանը հատկացվող ներքին շեմը ՀՆԱ-ի 3 տոկոսն է»:

Օգտվելով այն հանգամանքից, որ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներկայացնում է Ծառուկյանի վերաբերմունքը նախաձեռնության առաջ քաշած խնդիրների վերաբերյալ,  Խուրշուդյանը հարցրեց, թե կարո՞ղ են արդյոք ունենալ ԲՀԿ-ի աջակցությունը առաջիկա քննարկումներում: «Մեր խոսքը գործ է,- ասաց Էնֆիաջյանը,- եթե մենք գործունեություն ենք ծավալում, հետամուտ ենք լինում, որ դա իր կատար ածվի»: ԲՀԿ պատգամավորն ասաց, որ Ծառուկյանը խոստացել է հանդես գալ անկախ փորձագիտական օրենքի ընդունման հարցով, ինչպես նաև աշխատելու է, որ գիտությանը հատկացվող ֆինանսավորման շեմը բարձրացվի:

Սրան հակադարձեց ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանը, որի կարծիքով անհրաժեշտ է խնդրի նկատմամբ պետական դիրքորոշում: «Ես չափազանց բարձր եմ գնահատում Գագիկ Ծառուկյան անհատի վերաբերմունքը, սակայն խնդիրը պետական դիրքորոշումն է,- ասաց նա,- եթե մենք մեր նախընտրական ծրագրերում գրում ենք այսինչ բանը, ուրեմն պետք է հետամուտ լինենք դրա կատարմանը, հակառակ դեպքում ես էլ կարող եմ իմ անձնական հիմնադրամն ստեղծել և ինչ-որ բաներ անել»:

Այդուհանդերձ, երեք ուժերի ներկայացուցիչները համաձայնության եկան բյուջեի քննարկումների ժամանակ հանդես գալ միասնական դիրքորոշումից:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանն ընդգծեց հասարակագիտության զարգացումը` որպես երկրում աշխարհայացքի ձևավորման և մարտահրավերներին դիմակայելու համար պարտադիր պայման: «Քրդերն այժմ ունեն 20 հեռուստաալիք, որոնք իրենց մակարդակով շատ բարձր են հայկական ալիքներից,- ասաց նա:- Իրանում, որտեղ շատ բարձր է բնական գիտությունների մակարդակը, հասարակագիտությունը 0 վիճակում է, այնտեղ չկա երկրի վիճակի ընկալումը, և Իրանի հյուսիային շրջանների անջատումը ազգային անվտանգության խնդիր է, որը նաև վերաբերվում է մեզ, քանի որ մեզ մոտ այդ ոլորտը շատ թույլ է: Դրա փոխարեն միջազգային հասարակագիտական ամսագրերում շատ լավ են ներկայացված թուրքերն ու ադրբեջանցիները»:

Ասատրյանը որպես լուծում առաջարկում է ֆինանսավորման ավելացումից առաջ դաշտը կարգավորել օրենսդրորեն. այսինքն` ամբիոնի վարիչ կամ այլ պաշտոն զբաղեցնելու համար ԱԳ ունեցող միջազգային ամսագրերում հոդվածների որոշակի քանակության առկայություն, գրքերի հեղինակություն, որպեսզի բացառվի ծանոթ-բարեկամի սկզբունքով պաշտոնների բաշխումը: «Հակառակ դեպքում ֆինանսավորման ավելացումը գնալու է նույն մարդկանց գրպանը»,- պատճառաբանում է նա:

Այդ մասին խոսեց նաև Սերժ Սարգսյանը: Երբ  նախաձեռնության անդամ Խաչիկ Գևորգյանը նախագահին փոխանցեց համաժողովի ընթացքում  «Ժառանգության», ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների` գիտության ծախսերը 2012 թ. պետական բյուջեում առնվազն 3 տոկոսի հասցնելու համաձայնությունը, Սարգսյանը հակադարձեց, որ բյուջետային պրոցեսները վաղուց են սկսվել. «Մեր երկրում վաղուց եռամյա ծրագրման ենք անցել և միջնաժամկետ ծրագրերը կոնկրետ 2012 թ. համար հաստատվել են դեռևս անցյալ տարի»:

Նախագահը հանդես եկավ հարցադրմամբ, թե որքանով են գիտնականները պատկերացնում` ինչ է ֆինանսների կառավարումը: «Միգուցե ճիշտ կլինի ֆինանսների կառավարման մեջ փորձեք մտնել, փորձեք տեսնել` այդ միջոցներն արդյոք արդյունավե՞տ են ծախսվել,- ասաց նա:-  Ես կարծում եմ, որ սա գիտնականին վայել մոտեցում կլինի: Թե չէ զուտ կենցաղային մոտեցում եք ցուցաբերում, ասում եք` ինչքան շատ լինի մեր ֆինանսավորումը, այնքան կարող է շատ վաստակենք: Բայց դա արդյունավետ մոտեցում չէ»:

Սերժ Սարգսյանն առաջարկեց բոլոր հարցերը համախմբել և ներկայացնել իրեն առաջիկա հանդիպման ժամանակ:

Օգոսոտոսի սկզբին էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է «Անկախ» շաբաթաթերթի նախորդ համարում տպագրված «Հայաստանն ունի ԱԳ ունեցող չորս գիտական ամսագիր. ո՞ւր է պետական հոգածությունը» հոդվածում առաջ քաշված հարցադրմանը: «Ես տեղյակ եմ, որ ձեր խումբը առաջարկություններ է ներկայացրել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը,- Պարոն Դավթյանը շատ օպերատիվ կերպով ձեր առաջարկները ուղղել է գործադիր մարմնին` ի դեմս կրթության եւ գիտության նախարարության: Այստեղից պատասխանները ստանալուց հետո, ինչպես և ձեզ ասվել է, կանցկացվեն համապատասխան քննարկումներ»:

Գիտնականները շատ են կարևորում լրագրողների ներգրավվածությունը գիտության ոլորտը ներկայացնելու հարցում: ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանն ասաց, որ եթե Հենրիկ Մխիթարյանը խաղում է «Շախտյորում», բոլորը գիտեն, սակայն երբ հայ գիտնականը աշխատում է միջազգային հեղինակավոր կառույցներում, որևէ մեկը տեղյակ չէ: «Հասարակությունում որպես գիտնական է ընկալվում հեռուստացույցի եթերում կամ թերթի էջերում հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսողը,- ասաց նա,- սակայն գիտնականը նա է, ով հոդվածներ է տպագրում ԱԳ ունեցող ամսագրերում կամ տալիս է գիտական արդյունքներ և զարգացման վեկտորները»:

Նշվեց նաև բարձրագույն որակավորման հանձանաժողովի (ԲՈՀ) գոյությունը, որը սահմանում է գիտական կոչումների և պաշտպանությունների քանակը:

Հայաստանում տարեկան կտրվածքով սահմանված է 200-250 տեղ գիտական կոչումների և 500 տեղ` պաշտպանությունների համար: Կարծիք հնչեց, որ եթե ԲՈՀ-ը չլինի, ամեն ինստիտուտ կամ գիտական կառույց տարեկան հազարավոր գիտնական «կթխի»:

Համաժողովի վերջում գիտնականները ձևակերպված տեքստ տարածեցին, որտեղ նշել են իրենց սպասելիքները:

«Այն բանից, թե ինչպիսի արձագանք կցուցաբերեն քաղաքական ուժերը ներկայացված առաջարկների նկատմամբ, կախված կլինի Հայաստանի գիտական հանրության տարրական շահերի պաշտպանության և գիտության զարգացման խթանման առաքելությունը ստանձնած խմբի քաղաքացիական դիրքորոշումը»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply