Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 30, 2011 12:13
Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են այս տարվա բուհական ընդունելության արդյունքներին, արտերկրում հանրակրթական դպրոցներ ավարտած դիմորդների փաստաթղթային անհամապատասխանություններին ու քաղաքացիներից ստացված դիմումներին: Նկատի առնելով առաջին կուրսեցիների սակավաթիվ լինելու հանգամանքը և հաշվի առնելով բուհերի ռեկտորների առաջարկությունները`ընդունող հանձնաժողովը քննարկել է չհամալրված մի շարք մասնագիտությունների գծով ուսումնական խմբերի ձևավորման հարցը: Որոշվել է խնդրին լուծում տալ` հաշվի առնելով ուսանողի կարծիքը և օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունները: Նիստի ընթացքում որոշվել է ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պահուստային տեղերից եզդիական համայնքի համար Երևանի պետական համալսարանին ուսման մեկ անվճար տեղ հատկացնել: Նիստի ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանը և նոր ուսումնական տարվա աշխատանքներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
