Ինչ են գրել աշխարհի թերթերն ու գործակալությունները Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 2, 2009 18:12

hodvaci-hamar1Համաշխարհային առաջատար մամուլը լայնորեն լուսաբանել է օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հրապարակած արձանագրությունները Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման ու զարգացման մասին:

«Նյու Յորք թայմս»-ը գրել է, որ 2 երկրներն էլ հուսով են, որ սահմանի բացումը կնպաստի դժվարությունների մատնված տնտեսությունների վերաաշխուժացմանը: «Հայաստանի հետ լավ հարաբերությունները կնպաստեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ջանքերին, թեև պետք է խոստովանել, որ Հայոց ցեղասպանության հարցը մնում է Անկարա-Բրյուսել հարաբերությունների գլխավոր խոչընդոտներից մեկը»,- գրել է պարբերականը:

Ֆրանսիական «Լը մոնդ»-ը գրել է, որ 18 տարվա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից հետո, Երևանն ու Անկարան հարաբերությունների զարգացման քայլ են անում:

Բրիտանական «Թայմս»-ը գրում է, որ հայ-թուրքական բանակցութիւնները դեռ բազմաթիվ վտանգներ կդիմագրավեն, որոնցից ամենագլխավորը Հայաստանի իշխանությունների ջանքերն են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակականության ուղղությամբ:
«Թեև Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ցեղասպանության հարցը չի խանգարելու Անկարայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատմանը, այնուամենայնիվ Թուրքիայում այս հարցի շուրջ ազգայնականների դիրքորոշման կոշտացումն զգալի է: Կարգավորելով հարաբերությունները Հայաստանի հետ` Թուրքիան ավելացնում է ԵՄ-ին անդամակցելու հավանականությունը»,- գրել է բրիտանական թերթը:

Իսկ շվեյցարական «Տրիբյուն դը Ժընև» օրաթերթը գրել է. «Հայաստանն ու Թուրքիան, տասնյակ տարիներ տևած անվստահության ու փոխադարձ մեղադրանքներից հետո, Երկու հարևանները կարևոր քայլ արեցին հաշտվելու համար»:

Իսպանական «Էլ Պայիս»-ի կարծիքով` Երևանն ու Անկարան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: «Շուրջ հարյուր տարի շարունակվող թշնամությունից հետո, երկու երկրները գտնվում են սահմանների բացման ճանապարհին»,- գրել է պարբերականը:

Ըստ «Ռոյթերզ»-ի` «սահմանի բացումը և Երևանի հետ հարաբերությունների հաստատումը նպաստելու են տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության բարելավմանը և ԵՄ-ին Անկարայի անդամակցությանը: «Սահմանադռան բացումը նաև նպաստելու է, որպեսզի դեպի ծով ելք չունեցող և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից տառապող Հայաստանը հնարավորություն ունենա Թուրքիայի միջոցով մուտք գործել եվրոպական շուկա»,- հաղորդել է գործակալությունը` միաժամանակ նշելով, որ հայ-թուրքական այս քայլի «վտանգն» այն է, որ Ադրբեջանը կարող է «զայրանալ» այս ամենից:

«Թշնամի հարևանները լավացնում են հարաբերությունները։ Հարյուրամյա անվստահությունը ճեղքվեց, երբ անցյալ տարի Հայաստանի ու Թուրքիայի նախագահները հանդիպեցին Երևանում, ինչն էլ հարաբերությունների բարելավման ազդանշանն էր»,- հայտնել է «Եվրանյուզ» գործակալությունը:
Իսկ գերմանական «Դոյչե վելլե»-ի պնդմամբ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման դաշտում նոր էջ բացեց ֆուտբոլային դիվանագիտությունը. «Անկարան անակնկալ քայլ կատարեց, որպեսզի ապահովի Հայաստանի նախագահի այցը Թուրքիա` հոկտեմբերի 14-ին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու համար»։

Դիտվել է 2067 անգամ:
Print Friendly

Leave a Reply