Սողանքից քշվածները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 29, 2011 23:04

Հողի միջից վեր ցցված ջրի խողովակներ, գետնի վրա երկարուձիգ ճեղքեր, կիսավեր տներ:       Ահա Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի Հին գերեզմանատան թաղամասի “տեսարժան վայրերը”: Այս բոլոր չարիքների պատճառը մեկն է` սողանքը: Այս թաղամասով քայլելիս պետք  է շատ զգույշ լինել, որպեսզի պատահաբար վայր չընկնել գետնի միջի պատռվածքը: Եթե վտանգը ահազանգով այնտեղ մեկնած լրագրողներիս սպառնում էր միայն փողոցում, ապա որոշ ընտանիքներ անգամ սեփական տանը հանգիստ չեն կարող ապրել` ամեն վայրկյան վախենալով, որ տունը կարող է հանկարծ փլվել:

1988թ. երկրաշարժից հետո Գետահովիտում երեւան եկան սողանքային երեւույթներ: Համայնքի ղեկավարի տեղակալ Ռադիկ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ չորս տարի առաջ ճապոնացիներն այս թաղամասում ուսումնասիրություններ են կատարել ու այն որակել սողանքի գոտի: “Պատճառը ստորգետնյա ջուրն է”,- ասում է նա:

Գյուղացիները հիշում են, որ մի քանի տարի առաջ այստեղ եկավ մի ռուս մասնագետ ու ցույց տվեց 1954թ. կատարված ուսումնասիրությունների եզրակացությունը, որով հաստատվում էր տարածքի` սողանքային գոտի լինելը: Բացի այդ, փաստաթղթում նշված էր, որ այդտեղ մարդկանց բնակեցնելն արգելվում է: Բայց 1958-60-թթ.-ին սկսվել է բնակեցումը: Գետահովիտում այսօր մոտ 2500 բնակիչ կա, որի մի մասը` մոտ հիսուն ընտանիք, սողանքային գոտում է բնակվում:

Սպարտակ Ուլիխանյանն իր ընտանիքի հետ միասին նույնպես այստեղ է բնակվում: Պետությունը նրան միայն բնակարանի ամրացման համար հատկացրել է մոտ 400 դոլար: Սակայն դա հարցը չի լուծել: Ամրացման աշխատանքներից հետո էլ նույն հատվածը կրկին սկսել է հոսել: Բնակարանում չկա եւ ոչ մի սենյակ, որի պատերին ճեղքեր չլինեն, իսկ պատշգամբ դուրս գալն էլ բավական վտանգավոր է տան անդամների համար` ամեն վայրկյան կարող է քանդվել: Նախկինում միայն մեկ սենյակն էր վնասված: Այդտեղից տեղափոխվեցին մյուսը, ուր հիմա նույն վիճակն է: Ուլիխանյաններն ասում են, որ մեկ այլ բնակարան տեղափոխվելու գումար չունեն, իսկ պետության կողմից օգնություն  այդպես էլ չկա:

Մեկ այլ բնակիչ` Վալերի Ղազարյանը, ստիպված լքել է իր նորակառույց երկհարականի բնակարանն ու տուն վարձել` ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:

Համայնքի ղեկավար Սարգիս Ղազարյանի խոսքով, խնդրի մասին վարչապետն էլ է տեղյակ, մարզպետարանն էլ: “Տավուշի մարզպետն հրահանգել է ուսումնասիրություններ կատարել: Մասնագետ է գալու, որպեսզի նոր կարգ տա: Իսկ “Սեյսմոշինից” մի ամիս առաջ եկան ու քանդման ենթակա տները որակեցին որպես երկրորդ կարգ: Իսկ սողանքը գնալով ուժեղանում է”,-ավելացրեց գյուղապետը:

“Մինչ օրս էլ չկա վերջնական եզրակացություն, եւ մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում: Մարդկային ճակատագրեր կարող են կործանվել եւ այն էլ` ամեն պահի: Իսկ բնակիչներն դեռեւս իրազեկված չեն իրենց բնակավայրի վտանգավորության աստիճանի մասին: Կառավարությունը պետք է շտապ քայլեր իրականացնի”,- անհանգստացած նշում է համայնքի ավագանի Արման Չապուխյանը:

Իրականում ինչ է սպասվում այս մարդկանց` կարելի է միայն ենթադրել: Իսկ առայժմ գետահովիտցիները սպասում են կառավարության որոշմանը:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

 

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply