ԼՂՀ նախագահ.«Թուրքիայի հայտարարությունները մեզ չեն կարող անկեղծ և մաքուր հարաբերությունների հույս ներշնչել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2009 18:55

bako_sahakian

«Արցախը և ես ուշադիր հետևում ենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, ավելի ճիշտ` հարաբերություններ հաստատելու Հայաստանի անկեղծ ջանքերին: Այս գործընթացը ևս մեկ անգամ միջազգային հանրությանը ցույց կտա, թե որ ազգն է իրականում կողմ կառուցողական հարաբերությունների հաստատմանը»,- այս մասին ասել է  ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանն այսօր` ԼՂՀ անկախության տոնակատարության ժամանակ:

Նա ափսոսանք է հայտնել, որ  «առայժմ գործ ունենք երկրների,  և մասնավորապես`  Թուրքիայի հետ, որտեղ խաբեությունը քաղաքականության մաս է»:

«Մենք գիտենք, որ հրապարակվել են նախնական համաձայնության արձանագրությունները, որը հետագայում կարող է համաձայնագրի վերածվել, սակայն նաև գիտենք, թե դրանից րոպեներ անց ինչ հայտարարություններ են արել Թուրքիայի իշխանավորները: Դա չի կարող մեզ անկեղծ և մաքուր հարաբերությունների հույս ներշնչել»,- ասել է Սահակյանը:

Նա ասել է, որ Հայաստանն այս գործընթացից շահած դուրս կգա, քանի որ ունի մաքուր նպատակներ:

ԼՂ նախագահը նաև ասել է, որ ներկայումս Արցախը  կայուն առաջընթաց է ապրում:

«Արցախը տարածաշրջանում կայունության պահպանման կարևորագույն գործոններից մեկն  է, իսկ նրա միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է,- ասել է Սահակյանը,- Մեր պետության և ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը` ԼՂՀ Պաշտպանության բանակը, ի զորու է արժանի հակահարված տալ մեր անկախության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության»:

Ըստ Սահակյանի`  ցանկացած վիճահարույց խնդիր պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:  Միևնույն ժամանակ, «խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության և անվտանգության չնչին իսկ թուլացման մասին: Այս բացառիկ արժեքները ենթակա չեն սակարկության»:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply