Առաջին անգամ բարքեմփ Բերդում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 29, 2011 22:49
Օրերս Տավուշի մարզի Բերդ քաղաքում առաջին անգամ անցկացվեց բարքեմփ: Այն կազմակերպել էր «Բերդ Այ Թի» հկ-ն` Բերդ քաղաքի Արևաբերդ կինոթատրոնի շենքում:
Բարքեմփը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող միջոցառումների ցանց է, որն անցկացվում է ամբողջ աշխարհում: Դրանք կես ժամ տևող ներկայացումներ են, որոնք զուգահեռաբար ընթանում են տարբեր սրահներում: Հայաստանում այն առաջին անգամ անցկացվել է 2009թ: Այս տարվա Բարքեմփի մասին կարելի է կարդալ այստեղ:
«Բարքեմփ» թարգմանաբար նշանակում է բուխարու կրակի մոտ անբռնազբոս զրույցներ: Այն ընդունված է անվանել բարքեմփ չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցկացվում է ոչ ֆորմալ` անկաշկանդ ձևաչափով, որը ենթադրում է բաց քննարկումներ և մտքերի, հարց ու պատասխանի ազատություն` սահմանված ժամանակի շրջանակներում:
«Բերդքեմփում» ներկայացվեցին 13 պրեզենտացիաներ` ինչպես Երևանից, այնպես էլ Տավուշի մարզի համայնքներից: Շնորհանդեսներից որոշները պատրաստել էին Եվրասիա համագործակցության հիմնադրամի` Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի դրամաշնորհառու կազմակերպությունները:
Բերդքեմփը բացեց «Բերդ Այ Թի» հկ-ի շնորհանդեսով, որի ծրագրով բլոգի կառավարման դասընթացներ է անցկացվել մարզի 22 դպրոցներում:
Չինչին համայնքից Մարիամ Եսայանը ներկայացրեց «Մենք և մեր իրավունքները» շնորհանդեսը, որտեղ պատմում էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և նրանց խնդիրների մասին:
«ԷկոԼուր»-ի ներկայացրած շնորհանդեսը համարվեց լավագույնը և արժանացավ Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի պատրաստած «Բերդ» արջուկի: Արջուկը պատրաստված է էկոլոգիապես մաքուր բրդե թելերից, որը գործում են կանանց ռեսուրս կենտրոնի կանայք:
Արջուկի գաղափարը գերմանուհի Հաննա Քրիսթենինն է, ով երազում տեսել է, որ պետք է գա Տավուշի Բերդ քաղաք և արջուկներ պատրաստի: Այս մասին էր Անահիտ Բադալյանի պրեզենտացիան, որը ներկայացրեց Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի ծրագիրը:
Միջոցառումն ավարտվեց «Դպրոցական բլոգ» նախագծի ներկայացմամբ, որը դպրոցական խնդիրների մասին է`աշակերտների հայացքով:








Facebook
Tweet This
Email This Post
