Սեպտեմբերի 3–ը , 10–ը և 17–ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 29, 2011 17:08

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ , համաձայն քաղաքապետի հանձնարարականի, մայրաքաղաքում ուղևորափոխադրում իրականացնող բոլոր ընկերությունները ստուգել են շարժակազմերի տեխնիկական վիճակն ու հասարակական տրանսպորտը պատրաստ է սեպտեմբերի 1–ին անխափան ուղևորափոխադրումներ իրականացնելու: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ անգամ ևս հստակեղնել երթուղիների ծանրաբեռնվածությունն ու, անհրաժեշտության դեպքում, ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը: Միաժամանակ հանձնարարվել է կուտակումները բացառելու նպատակով հերթապահություն սահմանել երթուղիների վերջնականգառներում և ավտոկայաններում:

Այս համատեքստում նաև զեկուցվել է , սեպտեմբերի 1–ից ամբողջությամբ երթևեկելի կլինի նաև Աթենքի փողոցը:

Առևտրի և սպասարկումների վարության պետի զեկույցի համաձայն` մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գույքագրվել է ժամանակավոր շինություններում տեղակայված շուրջ 2. 240 առևտրի  սպասարկման օբյեկտ: Զեկուցվել է , որ կազմված ժամանակացույցի համաձայն շարունակվում են կենտրոնական փողոցներում տեղակայված չգործող և պայմանագրային ժամկետներն ավարտված կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Աբովյան փողոցում, ըստ ներկայացված տեղեկանքի, գույքագրվել է ժամանակավոր շինություններում գործող 16 օբյեկտ, որոնցից ընդամենը 2–ն են պայմանագրային ժամկետում: Պայմանագրային ժամկետը լրացած լինելու պատճառով այստեղ ապամոնտաժվել է 2 տաղավար, ևս 4–ը կապամոնտաժվի ընթացիկ շաբաթվա ընթացքում: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստորեն հետևել գործընթացի օրենքի սահմաններում իրականացմանը, իսկ ապամոնտաժվող կրպակների սոցիալապես անապահով աշխատակիցներին այլընտրանքային աշխատատեղեր առաջարկել:

Զեկուցվել է, որ Արաբկիր վարչական շրջանում աղբահանության խնդիրը կարգավորվել է և աշխատանքներն ընթանում են գրաֆիկի համաձայն:  Քաղաքապետը հանձնարարել է աղբահանության մասին ընդունված օրենքի շրջանակում կարճ ժամկետում կանոնակարգել ոլորտը և մինչև սեպտեմբերի 1–ն ավարտել պայմանագրերի կնքման գործընթացը:

Կրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցները, բացառությամբ թիվ 1 դպոցի, պատրաստ են նոր ուսումնական տարին դիմաորելու մաքուր և բարեկարգ բակերով:  Քաղաքապետը հանձնարարել է երկօրյա ժամկետում այստեղ ևս ավարտել աշխատանքները և բակն ու հարակից տարածքը բերել պատշաճ տեսքի:

Անդրադառնալով մայրաքաղաքի վերգետնյա անցումների կառուցման խնդրին`   Երևանի քաղաքապետը բոլոր պատասխանատու օղակներին խստորեն հանձնարարել է 2012 թվականի համար նախատեսվող աշխատանքները ծրագրել  տրամաբանական ժամանակացույցով այնպես, որ վաղ գարնանից արդեն հնարավոր լինի սկսել և մինչև սեպտեմբեր ավարտել տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները:

Հիշեցնելով , որ սեպտեմբերի 3–ը, 10–ը և 17 –ը հայտարարված են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր` Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքրման ու բարեկարգման աշխատանքներում ներգրավել պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին: «Շատ կարևոր է բոլորի ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառումներին,– ընդգծել է քաղաքապետը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply