Եվրատեսիլը պատմություն է, բայց Ադրբեջանը դեռ տանջվում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 7, 2009 1:18

untitled-3-1Թեև «Եվրատեսիլ-2009»-ը վաղուց արդեն ավարտվել է, սակայն նրա շուրջ կրքերը դեռևս չեն հանդարտվում: Ու պետք է նշել, որ այդ առումով մեծ ջանքեր են թափում մեր բաքվեցի հարևանները:

Հազիվ թե «Եվրատեսիլի» կազմակերպիչների մտքով անցներ, թե իրենց գլխին ինչ փորձանք են բերում, երբ անցյալ տարի թույլատրեցին Ադրբեջանին մասնակցելու մրցույթին: Ճիշտ է, մինչև այդ էլ՝ մրցույթում Հայաստանի առաջին իսկ ելույթից հետո, սկսվեց մեր արևելյան հարևանների բողոքների հեղեղը: 2006-ին նրանց զայրացրել էր, որ Անդրեի ծննդավայրը նշվել էր Լեռնային Ղարաբաղը, անցյալ տարի Սիրուշոյին մեղադրեցին «ադրբեջանցի կոմպոզիտորների երգերի» բանագողության մեջ, իսկ այս անգամ՝ Ինգա և Անուշ Արշակյան քույրերին` «ջան» «բնիկ ադրբեջանական» բառը գողանալու մեջ:

Արժի նշել, որ եվրոպացիների վրա այդ հարձակումներն այնքան էլ չազդեցին՝ ավելի շուտ հարուցելով վիրավորական խղճահարություն ու ծիծաղ: Եվրոպական մի կայք, որը հումորով մեկնաբանում էր այս տարվա «Եվրատեսիլի» մասնակից երկրների ելույթները, Ադրբեջանը ներկայացրել էր որպես մի երկիր, որ չունի ո՛չ պատմություն, ո՛չ մշակույթ և ո՛չ էլ լեզու, քանի որ «բոլորը գողացել են նենգ հայերը»: Նշվում էր, որ նույնիսկ գովական Բաքվի նավթը հայերը թաքուն գողանում են ստորգետնյա թունելներով:

mer-tatik-papik-1

Հայկական հոլովակը

Ծիծաղը՝ ծիծաղ, բայց այս տարի ադրբեջանական քարոզչամեքենան ծավալվեց ողջ թափով՝ անհուսորեն քաղաքականացնելով «Եվրատեսիլը»: Կիսաեզրափակիչի հայկական տեսահոլովակում ճանաչելով նշանավոր «Մենք ենք, մեր սարերը» արցախյան հուշարձանը, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես «Տատիկ-պապիկ», Բաքվի ԶԼՄ-ները սկսեցին բողոքի նամակներ ուղարկել OPT-ին ու «Եվրատեսիլի» կազմակերպիչներին՝ պահանջելով հանել իբր Ադրբեջանի տարածքում գտնվող արձանը: Ու, ի վերջո, հասան իրենց նպատակին. եզրափակիչ փուլում «Տատիկ-պապիկը» փոխարինվեց մի հայկական վանքով: Սակայն վաղ էր հաղթանակի մասին խոսելը. եզրափակիչ քվեարկության արդյունքները Սիրուշոն կարդում էր մի նոթատետրից, որի շապիկին հստակ երևում էր «Մենք ենք, մեր սարերը», որն էլ կրկնորդում էր նրա հետևի հսկայական պաստառը:

Մեր հարևանների վիշտն անհուն էր. նույնիսկ բաղձալի բրոնզը, որին արժանացան հայտնի շվեդա-իրանցի երգիչ ու կոմպոզիտոր Արաշի տաղանդն ու թալիշ գեղեցկուհի Այսել Թեյմուրզադեի կիսամերկ հմայքները, անզոր էր սփոփելու հարևաններին դավադիր հայերի թիկունքից հասցված ստոր դանակի հարվածից:

shenky-iranum-a-1

Ադրբեջանական հոլովակում իրանական հուշարձան

Սակայն սա սոսկ Մառլեզոնյան բալետի առաջին գործողությունն էր: Հայ հանդիսատեսը, որն ուշադիր ուսումնասիրել էր Ադրբեջանի տեսագլխազարդը, դրա վրա հայնաբերեց… Թեբրիզի իրանական բանաստեղծների դամբարանը: Քաղաքական ենթատեքստն ակներև էր. ադրբեջանցիները հյուսիսային Իրանը համարում են հարավային Ադրբեջան և օգտվել էին միջազգային մրցույթից՝ իրենց հավակնությունների մասին հայտարարելու: Երևանում Իրանի դեսպանության ներկայացուցիչները, որոնց սրտացավ հայ քաղաքացիները տեղյակ էին պահել, մտադիր են բացատրությունների համար դիմելու մրցույթի կազմկոմիտե: Իրոք, չարժի արթնացնել քնած շանը:

Սակայն սա էլ դեռ ամենը չէ: Մրցույթի հեռարձակման ժամանակ ադրբեջանական ֆորումներում հայտնվել են գրություններ, որոնք վկայում են, որ iTV հեռուստաալիքը հեռարձակման ժամանակ փակել էր այն համարը, որով Ադրբեջանում կարող էին քվեարկել Արշակյան քույրերի օգտին՝ այսպիսով փորձելով նվազեցնել նրանց միավորները: Իսկ սա արդեն մրցույթի կանոնների կոպիտ խախտում է, որի համար ժամանակին երկու տարով որակազրկեցին Լիբանանը (սա փակել էր թշնամական Իսրայելի համարը): Հեռուստաալիքի հակաօրինական գործողությունների մասին միջնորդությունը հանձնվել է «Եվրատեսիլի» կազմակերպիչներին և կքննարկվի հունիսին:

Արդյոք հարևան հանրապետությունը կտուգանվի կամ նույնիսկ կորակազրկվի՞, թե՞ եվրոպացիները հերթական անգամ մատների արանքով կնայեն Ազհեռուստաընկերության օյիններին՝ ցույց կտա ժամանակը:

Դիտվել է 1684 անգամ:
Print Friendly

Leave a Reply