Ստուգումներ մոնիտորինգից հետո. Yerevan City սուպերմարկետների ցանցում նոր խախտումներ են հայտնաբերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2011 13:50

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Yerevan City սուպերմարկետների ցանցում ժամկետանց վարսակի շիլա հայտնաբերելուց եւ համապատասխան մոնիթորինգ իրականացնելուց հետո այժմ էլ սկսել է սուպերմարկետների ցանցում համալիր ստուգումներ իրականացնել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Ինչպես տեղեկացրեցին կառույցից, ստուգումները սուպերմարկետներում՝ հատկապես Երեւանի Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի Yerevan City-ում (որտեղեւ հայտնաբերվել էր ժամկետանց շիլան) կանցկացվեն մինչեւ այս ամսվա վերջ։ Պարզվել է, որ ստուգումների արդյունքում թեպետ ժամկետանց ապրանքներ չեն հայտնաբերվել, փոխարենը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը այլ տեսակի թերացումներ է բացահայտել՝ մասնավորապես որոշ ապրանքատեսակների վրա հայրենով մակնշումների բացակայության տեսքով։ «Ստուգումների վերջնական արդյունքները եւ ընդհնարական տվյալները կներկայացվեն օգոստոսի 31-ից հետո»,- ասացին այնտեղ։

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Yerevan City սուպերմարկետների մեկում ժամկետանց վարսակի շիլա վաճառելու փաստով մի քաղաքացուհու՝ Տաթեւիկ Ղարիբյանի դիմում-բողոքի հիման վրա այնտեղ մոնիտորինգ էր իրականացում: Քաղաքացուհին հայտնել էր, որ Երեւանի Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի Yerevan City-ից գնել է Preston ֆիրմայի վարսակի շիլա եւ, դրանից վատ հոտ առնելով, տուփի վրա սոսնձնված ժամկետի մասին գրությունը պոկելով, հայտնաբերել էր, որ շիլայի պիտանելիության ժամկետը ավարտվել է դեռ անցած տարի, մինչդեռ նոր` սոսնձված պիտակի վրա նշված է եղել այլ պիտանելիության ժամկետ, որը դեռ ուժի մեջ է եղել:

Նշենք, որ ժամկետանց ապրանքի հայտնաբերման եւ հայատառ մակնշման բացակայության դեպքերում վաճառողին օրենքով 50-100 հազար դրամի տուգանք է նախատեսվում։

Հիշեցնենք նաեւ, որ վերջերս NEWS.am-ի խմբագրություն էր դիմել մեկ այլ քաղաքացուհի եւս՝ նշելով, որ մայրաքաղաքի դեղատներից մեկից մանկական «HIPP» տեսակի սնունդ գնելուց հետո հայտնաբերել էր, որ այն ժամկետանց է:

 

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply