Wikileaks-ը հրապարակել է Էդվարդ Նալբանդյանի նամակը Հիլարի Քլինթոնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2011 21:48
Wikileaks կայքը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ավելի քան երկու տասնյակ զեկուցագրեր: Ըստ  դրանցից մեկի` հայ-թուրքական  արձանագրությունները   Ցյուրիխում ստորագրելուց 10 օր անց` 2009 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ  Նալբանդյանը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի  Քլինթոնին:

Այդ օրերին Հարավկովկասյան տարածաշրջան էր այցելել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով   օգնական Թինա Քեյդենաուն: Վերջինս Հայաստանում հանդիպում էր ունեցել նաեւ Էդվարդ Նալբանդյանի հետ եւ արտգործնախարարը նրան է փոխանցել ԱՄՆ-ի պետքարտուղարին ուղղված նամակը:

Wikileaks կայքը հրապարակել է նամակի տեքստը, որտեղ Էդվարդ Նալբանդյանը գրում է, թե, ցանկանալով օգտվել Թինա Քեյդենաուի  այցի  հնարավորությունից, նրան է փոխանցում այս նամակը` հրավիրելով պետքարտուղարի ուշադրությունը. – «Ինձ համար մեծ ուրախություն եւ պատիվ է արտահայտելու իմ գոհունակությունը պետդեպարտամենտին եւ անձնապես Ձեզ` հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու ձեր վճռական դերակատարության համար: Կցանկանայի եւս մեկ անգամ Ձեզ շնորհակալություն հայտնել Ցյուրիխում երկկողմ արձանագրությունները ստորագրելու ընթացքում Ձեր կենսական ներդրման համար», – գրել է Նալբանդյանը` նաեւ խնդրելով իր մեծ երախտագիտությունը փոխանցել փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին` գործընթացին աջակցելու նրանց ջանքերի համար:

Շնորհակալական ու երախտագիտական խոսքերից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարը գրել էր. – «Ցյուրիխում վերջին պահին թուրքական կողմի ստեղծած դժվարությունը ցույց տվեց, որ մենք հիմա պետք է ուշադրության կենտրոնում պահենք հարաբերությունների բարելավման հաջորդ փուլերը` դրական իրադրությունը պահպանելու համար եւ կանխելու այն զարգացումները, որոնք կարող են խափանել գործընթացը»:

Էդվարդ Նալբանդյանը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում հարգելու արձանագրություններից բխող պարտավորությունները:

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ արձանագրությունները վավերացնելուց եւ հաջողությամբ իրականացնելուց հետո փաստաթղթերը հիմք կստեղծեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների համար եւ կարող են օգտակար լինել Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար», – գրել է Նալբանդյանը:

Շարունակելով, Հայաստանի արտգործնախարարը նշել է. –  «Ավելի քան մեկ տարվա ծանր աշխատանքից հետո կողմերը հասան հարաբերությունների կարգավորման շատ կարեւոր, բայց միեւնույն ժամանակ դեռ շատ փխրուն փուլի եւ Ձեր աջակցությունը շատ կարեւոր է երկու ժողովուրդների հաշտեցման պատմական հնարավորությունը չկորցնելու համար»:

«Ես ակնկալում եմ, որ կշարունակվի մեր սերտ եւ արդյունավետ համագործակցությունը տարածաշրջանում կայունության եւ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդմանը հետամուտ լինելու համար», – գրել է Նալբանդյանը:

Հրաչ Մելքումյան
azatutyun.am

 

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply